Արցախի Անկախութեան օրը՝ Եռաբլուրում

Սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետութեան անկախութեան հռչակման 35-ամեակը։
Այդ առիթով բազմաթիւ հասարակական-քաղաքական գործիչներ, Արցախի քաղաքական ղեկավարութեան ներկայացուցիչներ այցելել են Եռաբլուր պանթէոն՝ ծաղիկներ խոնարհել «Արցախի կանչը» յուշակոթողին։
«Երբ սեպտեմբերի 2-ին արցախահայութիւնը որոշեց տէր կանգնել իր իրաւունքներին, իր քաղաքական հեռանկարին, իր ներկային: Ցաւօք սրտի մեր պատմութեան ամենայիշարժան, ամենաերեւելի, ամենաարժանապատիւ օրերից մէկը այսօր մթագնած է։ Մթագնած է օրւայ քաղաքական իշխանութեան վարած անհաւասարակշիռ արտաքին քաղաքականութեան եւ նոյնքան անհաւասարակշիռ ներքին քաղաքականութեան արդիւնքում։ Բայց, այնուամենայնիւ, ես ուզում եմ լաւատես լինել ու պատահական չէ, որ մենք, հակառակ այս մեծ անարդարութեանը, այսօր էլ գտնւում ենք Եռաբլուրում, ուր հանգչում են արցախեան ազատամարտի եւ մեր բոլորի հաւաքական արժանապատւութեան եւ իրաւունքների պայքարի համար նահատակւած մեր հերոսները»,- լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը:
Նրա խօսքով՝ սեպտեմբերի 2-ը պիտի արժեւորենք, որովհետեւ մեր երկարատեւ պատմութեան մէջ արժանապատիւ օրերից մէկն էր՝ Արցախի ինքնորոշման, ինքնորոշւած ապրելու, արցախահայութեան իրաւունքների, արժանապատւութեան պաշտպանութեան, պետականութեան գիտակցման օր արցախցիների եւ մեզ համար։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը լրագրողների հետ զրոյցում ասաց. «Արցախը հայկական է, եւ Նիկոլ Փաշինեանն այս իմաստով այն մարդը չէ, որ պէտք է որոշի՝ Արցախը հայկական է, թէ հայկական չէ։ Բնականաբար, նա շարունակում է սպասարկել Թուրքիայի եւ Ադրբեջանի վարած քաղաքականութիւնն ու նրանց շահերը Հայաստանում, բայց, միեւնոյն է, ասել եմ ու շարունակելու եմ պնդել, որ Արցախը հայկական է»:
Նա նշեց, որ բոլոր միջազգային հանդիպումներում ՀՅԴ-ն իր Հայ Դատի կառոյցներով Արցախի հարցը բարձրաձայնում է, բայց հարցն առաջ չի գնում, հարցը շատ դժւար է միջազգային օրակարգում պահել, քանի որ դրա թիկունքում չկայ պետութիւն։ Ու ոչ միայն չկայ պետութիւն, այլ պետութիւնը դրա դէմ է աշխատում։ «Մենք ամէն ինչ անում ենք հարցն օրակարգում պահելու համար, բայց մշտապէս հանդիպում ենք ոչ միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի կառավարութիւնների, այլ նաեւ Հայաստանի կառավարութեան հակահայ քաղաքականութեանը»,- ասաց Իշխան Սաղաթէլեանը:
Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահի պարտականութիւնները կատարող Գագիկ Բաղունցը լրագողներին փոխանցեց, որ Արցախի Հանրապետութեան ներկայացուցչութիւնում բազմաթիւ հանդիպումներ ու լսումներ են կազմակերպւել։ «Փորձում ենք բոլոր այն ուժերի հետ համատեղ, որոնք մտահոգւած են թէ՛ Արցախի ճակատագրով, թէ՛ անմիջապէս արցախահայութեան խնդիրներով, մշակել մի քաղաքականութիւն, որը թոյլ չի տայ մոռացութեան տալ Արցախը»,- նշեց նա:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գառնիկ Դանիէլեանն իր խօսքում ընդգծեց. «Հերթական անգամ գալիս ենք մեր յարգանքի տուրքը մատուցելու, այդ յիշողութիւնը վառ պահելու, յիշատակը մեր զոհւած տղէրքի: Խունկ ու խոնարհում բոլոր այն տղաների յիշատակին, որ իրենց կեանքը նւիրել են յանուն հայրենիքի։ Ամօթով ենք գալիս, ես քիչ առաջ էլ ասացի, որովհետեւ դեռեւս ասելու բան չունենք իրենց, բայց ես յոյս ու հաւատ ունեմ, որ մի օր իրենց շիրիմներին կը գանք, կայցելենք լաւ նորութիւնով, լաւ բան կասենք իրենց։ Ո՛չ Նիկոլ Փաշինեանը, ո՛չ որեւէ իշխանութիւն չեն կարող փակել Արցախի էջը։ Իրենց քաղաքական էջը ինչ-որ մի ժամանակ, ինչ-որ մի պահի փակւելու է, բայց Արցախինը՝ ոչ»:
ԱՀ ԱԺ պատգամաւոր Վահրամ Բալայեանն էլ լրագրողների հետ զրոյցում նշեց. «Մենք պայքարում ենք Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան համար: Արցախահայերը պէտք է հնարաւորութիւն ունենան վերադառնալու հայրենի օջախներ»:



