Լիլիթ Գալստեան. «Եթէ շատ էք մտածում երկրի հեղինակութեան մասին, կառուցէ՛ք երկիր, որը կը լինի արժանապատիւ»
«ԱԼԻՔ» – Եթէ շատ էք մտածում երկրի հեղինակութեան մասին, ուրեմն կառուցէք երկիր, որը կը լինի արժանապատիւ։ Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդման ժամանակ նշել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում իր ելոյթի մասին ՔՊ-ականների բարձրացրած վայնասունը Գալստեանը որակել է քաղաքական բոբիկութիւն։ Դաշնակցական գործչի գնահատմամբ՝ ՔՊ-ի վրդովմունքը եղել է այն պատճառով, որ իր ելոյթից յետոյ ծափահարութիւններ են հնչել դահլիճում։ Ներկայ են եղել մարդու իրաւունքների զեկուցողներ, որոնց Գալստեանը տեղեկութիւններ է փոխանցել եւ պայմանաւորւածութիւն ձեռք բերել, որ նրանք այցելեն Հայաստան։
«Եթէ նրանց շատ է մտահոգում Հայաստանի պետականութեան արժանապատւութիւնը եւ հեղինակութիւնը, ուրեմն մի՛ ունեցէք այնպիսի Հայաստան, որտեղ ոստիկանական բռնապետութիւն է․․․ Մի՛ ունեցէք երկիր, որտեղ կան քաղաքական բանտարկեալներ։ Մի՛ ունեցէք երկիր, որտեղ դատական համակարգը ջախջախել էք եւ դատական համակարգը ըստ էութեան՝ վերածւել է իշխանութեան սպասարկման գործիք։ Մի՛ ունեցէք երկիր, որի վարչապետը դատարանները պաշարելու եւ վնգստացող դատաւորների մասին էր խօսում․․․ Այդքան արժանապատւութիւն ունես, կառուցիր երկիր, որը չունենայ մարդու իրաւունքների տոտալ բռնաբարութիւն»։ Նշելով, որ ինքը միակ ընդդիմադիր պատգամաւորն է, որն ունի մանդատ ԵԱՀԿ-ում լինելու՝ Գալստեանն ընդգծել է, որ այս ամէնի մասին պարտաւոր է բարձրաձայնել։
Հարցազրոյցի ընթացքում Գալստեանը խօսել է երկրում ստեղծւած իրավիճակի, հանգուցալուծման եղանակների, Սրբազան պայքարի, անցեալի սխալների, առաջիկայ անելիքների, գործող իշխանութիւնների վախերի, ընդդիմադիր գործիչների թիրախաւորումների, Բաքւի բանտերում պահւող հայ ռազմագերիների, ինչպէս նաեւ օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերեալ։
Գալստեանը շեշտել է, որ անցեալում նոյնպէս եղել են սխալներ, սակայն դրանք երբեք հայրենիք ու պետականութիւն չեն արժեցել։ «Այո՛, անցնող 30 տարիներին բազմաթիւ սխալներ եղել են, բայց դրանք հայրենիք եւ պետականութիւն չեն արժեցել։ »,- ասաց նա։