Թուրքիա. ««Զանգեզուրի միջանցք»-ի հարցում ամէն ձեւ աջակցում ենք Ադրբեջանին»

«ԱԼԻՔ» – Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը խօսել է «Զանգեզուրի միջանցք» մասին՝ ընդգծելով, որ այդ հարցում Անկարան ամբողջովին աջակցում է Բաքւին: Այս մասին ըստ հայաստանեան ԶԼՄ-ների՝ հաղորդել է թուրքական Hurriyet-ը:
Քուրթուլմուշը յոյս է յայտնել, որ «Զանգեզուրի միջանցք»-ն արագ կեանքի կը կոչւի։ Նա պնդել է, թէ «Զանգեզուրի միջանցք»-ի հարցում Թուրքիան ամէն ձեւ աջակցում է Ադրբեջանին։
Ըստ Նուման Քուրթուլմուշի՝ «Զանգեզուրի միջանցք»-ը ոչ միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի, այլ տարածաշրջանի բոլոր երկրների շահերից է բխում։ Նա յոյս է յայտնել, որ այն այսպես կոչւած «խաղաղութեան միջանցք» կը դառնայ։
«Անկարան «Զանգեզուրի միջանցք»-ի նախագծի շուտափոյթ իրականացման յոյս ունի, որը կարեւոր տարանցիկ կէտ կը դառնայ համաշխարհային առեւտրի համար։ Մենք կը շարունակենք համակողմանի աջակցութիւն ցուցաբերել Ադրբեջանին այդ նախագծի շրջանակներում»,- յայտարարել է նա։