Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

ԱՄՆ սենատորները Բաքւի կողմից արցախահայերի էթնիկ զտումները դատապարտող բանաձեւ են ներկայացրել

Ամերիկեան սենատորներ Գարի Փեթերսը եւ Բիլ Քեսիդին Սենատում երկկուսակցական համապարփակ մի բանաձեւի նախագիծ են ներկայացրել, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումները, կոչ է անում Ալիեւի ցեղասպան ռեժիմի դէմ նպատակային պատժամիջոցներ սահմանել, պահանջում անյապաղ ազատ արձակել ապօրինի գերութեան մէջ պահւեղ հայերին, ինչպէս նաեւ ԱՄՆ կառավարութեանը յորդորում է դադարեցնել ռազմական օգնութիւնն Ադրբեջանին եւ օժանդակել միջազգային պատշաճ պաշտպանւածութեամբ՝ արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացմանը։

Մեկնաբանելով բանաձեւի նախագծի շրջանառումը՝ Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի Վաշինգտոնի գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը նկատել է. «Մենք ողջունում ենք սենատորներ Փիթերսի եւ Քեսիդիի կողմից Սենատում այս բանաձեւի ներկայացումը, որպէս Արցախի իրաւունքների պաշտպանութեանն ուղղւած՝ Կոնգրեսի երկկուսակցական աջակցութեան եւս մէկ նշան: Խստօրէն դատապարտելով Ադրբեջանի դաժան գործողութիւնները եւ կոչ անելով միջազգային վճռական միջոցների ձեռնարկման՝ այս բանաձեւը վերահաստատում է ամերիկեան հաւատարմութիւնն Արցախի իրաւունքներին՝ ստեղծելով պատասխանատւութեան եւ արդարութեան ամուր շրջանակ»:

Բանաձեւի համահեղինակ Բիլ Քեսիդին իր հերթին նկատել է. «Ադրբեջանը պատանդ է պահում Եւրոպային էներգիայի պատճառով, բայց Լուիզիանայում բաւականաչափ էներգիա կայ Եւրոպայի կարիքները բաւարարելու համար: Աշխարհը չի կարող հանդուրժել բռնապետին»։

Ներկայացւած բանաձեւով մասնաւորապէս առաջարկւում է՝

1. Արցախահայութեան շրջափակումն ու հետագայ ռազմական գործողութիւնները որակել որպէս էթնիկ զտում։

2. Նպատակային պատժամիջոցներ սահմանել Արցախում հայ բնակչութեան դէմ յանցագործութիւններում ներգրաււած ադրբեջանցի պաշտօնեաների դէմ։

3. Արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացման համար միջազգային անվտանգային երաշխիքների տրամադրում, ինչն ի զօրու կը լինի կանխել նրանց նկատմամբ հերթական ագրեսիան։

4. Ամերիկեան օժանդակութեան տրամադրում՝ Հայաստանում արցախահայութեան կարիքները պատշաճ հոգալու համար։ Նոյն նպատակով ամերիկեան կառավարութեան կողմից միջազգային ջանքերի առաջնորդում։

5. Ազատութեան աջակցութեան ակտի 907-րդ յօդւածի (907-րդ բանաձեւ) կիրարկում։

6. Հայաստանի Հանրապետութեան անվտանգութեանն աջակցութիւն՝ ԱՄՆ-Հայաստան գործընկերութեան զարգացում անվտանգութեան ոլորտում։

7. Ամերիկեան դիւանագիտութեան յաւելեալ ակտիւութիւն Հարաւային Կովկասում՝ նպաստելու Ադրբեջանի կողմից անարդարացիօրէն բանտարկւած բոլոր հայերի ազատ արձակմանը:

8. Ամերիկեան դիւանագիտութեան յաւելեալ ակտիւութիւն՝ Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգութեան պաշտպանութեան գործում։

Բանաձեւի տեքստում յատուկ անդրադարձ կայ հայ ռազմագերիների խնդրին՝ պահանջելով ամերիկեան միջնորդութիւն վերջիններիս ազատ արձակման միջազգային ջանքերում։

Բանաձեւի տեքստում նաեւ ընդգծում է՝ միջազգային իրաւական փորձագէտները, այդ թւում՝ Միջազգային քրէական դատարանի նախկին գլխաւոր դատախազ Լուիս Մորէնօ Օքամփօն եւ ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղարի Ցեղասպանութեան կանխարգելման հարցերով նախկին յատուկ խորհրդական Խուան Մենդէսը նշել են՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը խախտում է ՄԱԿ-ի ցեղասպանութեան կոնւենցիան։

Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը շարունակում է աշխատանքները՝ ինչպէս այս, այնպէս եւ համանման այլ բանաձեւերի շուրջ, հնարաւորինս մեծ կոնգրեսական աջակցութիւն ապահովելու եւ առաջիկայում դրանց ընդունմանը հասնելու ուղղութեամբ։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ

18.12.2024 թ․

Related Articles

Back to top button