Իշխան Սաղաթէլեան. «Փաշինեանը մինչեւ 2026 թւականը Հայաստանը տանելու է դէպի նոր աղէտ»
«ԱԼԻՔ» – «Ընդդիմութիւնը պատրաստւում է կռւի, իսկ մեր խնդիրը 2026-ի յաջորդ խորհրդարանական ընտրութիւններին նախապատրաստւելը չէ: Քանի որ այս պահին Փաշինեանը երկիրը տանելու է դէպի նոր աղէտ ու ողբերգութիւն, ամէն ինչ պէտք է անել, որ մինչեւ այդ պահը հասնենք իշխանափոխութեան»։ Այս մասին News.am -ի թղթակցի հետ զրոյցում յայտարարել է ՀՅԴ Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը։
«Ողբերգութիւնները կարող են լինել Հայաստանին ռազմավարական նշանակութիւն ունեցող տարածքների զիջումը, կապիտուլիացիայի ակտի ստորագրումը, ամօթալի պայմաններով միջանցքի ապահովումը եւ շատ այլ բաներ։ Ակնյայտ է, որ Փաշինեանը նման հարցեր է քննարկում»,- պարզաբանել է պատգամաւորը։
Նա վստահութիւն է յայտնել, որ այսպէս կոչւած սահմանազատումը կը վերսկսւի այն հատւածներում, որտեղ հայկական բանակը դիրքային առաւելութիւն ունի, օրինակ՝ Վայոց ձորում՝ Տիգրանաշէնի հատւածում, բայց ոչ Ջերմուկում, որտեղ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի տարածքները։
Միաժամանակ նա համոզւած է, որ եթէ նոյնիսկ ընտրութիւններ անցկացւեն, դրանք չեն լինելու հերթական ընտրութիւններ:
«Հայաստանի իշխանութիւնները շահագրգռւած են արտահերթ ընտրութիւններով, որոնց դիրքերը ժամանակի ընթացքում միայն կը վատթարանան հանրային տրամադրութիւնների առումով։ Բացի դրանից, դա Ալիեւի պահանջն է»,- նշել է Սաղաթէլեանը՝ յաւելելով, որ Հայաստանի նկատմամբ իրականացւում է ազգային ինքնութիւնից զրկելու ծրագիր։
Նրա գնահատմամբ՝ իշխանութիւնները խաղաղութեան օրակարգ չունեն, նրանք երկիրը տանում են դէպի նոր զիջումներ եւ նոր պատերազմ:
«Նրանք իրաւունք չունեն խօսել խաղաղութեան մասին, քանի որ պատերազմի եւ պարտութեան խորհրդանիշ են։ Այն, ինչ Հայաստանի իշխանութիւնները քննարկում են Ադրբեջանի հետ, խաղաղութեան հետ առնչութիւն չունի: Բաքւի պահանջով փաստաթուղթ է պատրաստւում Հայաստանի ամբողջական յանձնման մասին։ Սա ոչ թէ խաղաղութեան, այլ ինքնաոչնչացման ճանապարհ է։
Հայաստանին շատ բաներ թելադրում են Ադրբեջանն ու Թուրքիան: Նախօրէին Ադրբեջանը Հայաստանին հրաւիրել է համագործակցելու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան դէմ ապօրինի դատավարութեան անցկացմանը։ Եթէ Հայաստանի իշխանութիւնները արժանապատւութիւն ունենային, անմիջապէս կարձագանգէին, բայց Երեւանը դեռ յայտարարութիւններ չի արել։ Սա վկայում է նրա մասին, որ Փաշինեանը Ալիեւի հետ Արցախում Հայոց Ցեղասպանութեան անմիջական մեղսակիցն է։
Փաշինեանն անում է ամէն ինչ, որպէսզի սոցիալ-հոգեբանական հարթութեան վրայ պարտութիւնը թափանցի իւրաքանչիւր հայի տուն, որպէսզի պարտութիւնը հայ ժողովրդի համար դառնայ հաւաքական, որպէսզի հայութիւնը յուսահատւի ու յանձնւի։ Այս վիճակում մարդկանց կառավարելն աւելի հեշտ է։ Ամբողջ քարոզչամեքենան 4 տարի աշխատել է կեղծ թէզեր տարածելու համար՝ «չկան դաշնակիցներ», «զենք չկայ», «չկայ բանակ»։ Այս ֆոնին իշխանութիւնները ժողովրդին կոչ են անում հնազանդօրէն իրականացնել այն ամէնը, ինչ ասում են Ալիեւն ու Էրդողանը։ Շատ խնդիրներ կապւած են այս տեղեկատւական տեռորի հետ, եւ մենք պէտք է լուծենք դրանք»,- եզրափակել է պատգամաւորը։