Հայաստան - Արցախ

Թեւան Պօղոսեան. «Ազգից է կախւած՝ իշխանութեան հաշւարկները կաշխատե՞ն, թէ՞ ոչ. մարդիկ պէտք է հասկանան՝ ամէն ինչ յետոյ իրենց գլխին է ջարդւելու»

Մայիսի 24-ին Նիկոլ Փաշինեանը որոշում է ստորագրել նոր Սահմանադրութեան վերաբերեալ, ըստ որի՝  «Սահմանադրութեան բարեփոխումներ անւանումը փոխարինել նոր Սահմանադրութիւն անւամբ» եւ մինչեւ 2026 թւականի դեկտեմբերի 30-ը յանձնաժողովը պէտք է հաստատի նոր Սահմանադրութեան նախագիծը։ Այս որոշման մասին միայն օրեր անց են իմացել նոյնիսկ սահմանադրական բարեփոխումների յանձնաժողովի անդամները։

Նոր Սահմանադրութիւն ունենալու մտադրութիւնը Նիկոլ Փաշինեանը յայտնել էր դեռեւս այս տարւայ յունւարի կէսերին Արդարադատութեան նախարարութեան աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ: Նա մասնաւորապէս յայտարարել էր՝ «Հայաստանին պէտք է նոր Սահմանադրութիւն եւ ոչ թէ՝ սահմանադրական փոփոխութիւններ, եւ հարցը պէտք է լայն քննարկման առարկայ դառնայ»։ Չնայած դրան Սահմանադրական յանձնաժողովի անդամները որոշման մասին իմացել են բոլորովին վերջերս:

168.am-ի հետ զրոյցում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագէտ Թեւան Պօղոսեանն անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի այս որոշմանը եւ առհասարակ նրա բոլոր յայտարարութիւններին՝ նոր Սահմանադրութիւն ուեննալու վերաբերեալ ասաց.

«Բազմիցս ասել եմ՝ կորցնելով Արցախը, եկել-հասել ենք մեր հայոց պետականութեան կորստին։ Իշխանութիւնն այս ամէնով սպասարկում է թշնամու շահերը՝ յանուն սեփական իշխանութիւնը պահելուն, սա է այսօրւայ իշխանութեան գործողութիւնները։

Մեզ այս իշխանութիւնն ասում է, թէ Ալիեւը չի մեզ ասել, որ Սահմանադրութիւնը փոխենք, մենք ենք այդպէս որոշել, հիմա ով է ճիշտ դուրս եկել՝ Ալիեւը չէ՞։ Հիմա, որ ասում ենք՝ սպասարկում են թշնամու շահերը, հակառակն են պնդում մեզ, բայց փաստերը այլ բան են ցոյց տալիս»,- նշեց Թեւան Պօղոսեանը։

Ըստ մեր զրուցակցի, մարդիկ արդէն պէտք է տեսնեն, իրենց գնահատական տան, թէ ինչու են ՀՀ իշխանութիւնները սպասարկում թշնամու շահերը։

«Թող մարդիկ այդ ամէնը տեսնեն, որովհետեւ մենք մշտապէս այդ մասին բարձրաձայնում ենք, բայց կարծես որեւէ բան դրանից չի փոխւում, որովհետեւ մարդկանց մեծ մասի համար այլ արժէքային դաշտ է աշխատում։

Ի վերջոյ, պէտք է հասկանան, որքան պարտւած իշխանութիւնները մնան, այնքան լուրջ պարտութիւննր ենք կրելու, մնացածը թողնում եմ մարդկանց, թող վերլուծեն, հասկանան»,- յաւելեց Թեւան Պօղոսեանը։

Ըստ նրա, երբ իշխանութիւնը խօսում է Սահմանադրութիւնը փոխելուց, այն փոխւում է ժողովրդի հանրաքւէով, իսկ հանրաքւէ նշանակում է՝ ժողովրդի պահանջ։

«Հիմա ժողովրդի պահանջի շրջանակներում բոլոր երեւոյթների, գործընթացների մէջ տեղի է ունենալու պատասխանատւութիւնը կիսելու խնդիր, թող մարդիկ հանրաքւէից առաջ հասկանան, որ ամէն ինչ յետոյ իրենց գլխին է ջարդւելու։

Մարդը ուզում է Նոր Հայաստան բերի, չգիտեմ՝ այն իրենից ինչ է ներկայացնում։ Բայց այսօր եթէ որեւէ մէկն ուզում է ունենալ Հայաստան՝ մեր պապերի իղձերի Հայաստանը, որի համար պայքարել ենք, պէտք է գիտակցի, որ ինքն այլեւս ժամանակ չունի եւ պէտք է գործողութիւններ անի։ Աւելին՝ երբեք չպէտք է հարց տայ, սա ով է, նա ով է, ուղղակի պէտք է այդ Հայաստանն ունենալու համար գործի։ Գուցէ իշխանութիւնն իր հաշւարկներն արդէն արել է, բայց հայ ազգն իրենը պէտք է անի, ազգից է կախւած՝ իշխանութեան հաշւարկները կաշխատի՞, թե՞ այդուհանդերձ ազգը կը յաղթի։ Նոյն գործող իշխանութիւնն էլ է, չէ՞, ասել, եթէ ժողովուրդը ցանկանայ, մեր իշխանութիւնը կը փոխի»,- եզրափակեց Թեւան Պօղոսեանը։

Related Articles

Back to top button