Խաչիկ Մանուկեան. «Եթէ Աստւածայինը չի յաղթում, ամէն ինչ է ոչնչանում»
«Բագրատ Սրբազանն ասել է՝ տաճարը յաղթելու է փողոցին։ Յաղթելու է։ Բագրատ Սրբազանն ասել է՝ Եռագոյնը հաղթելու է սեւ ու սպիտակին։ Յաղթելու է»: Panorama.am-ի հետ զրոյցում ասել է անւանի բանաստեղծ Խաչիկ Մանուկեանը, ով «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժման հէնց առաջին օրւանից շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանի կողքին է։
Նա նշել է, որ իշխանութիւնները միլիոններ են ծախսում, որ կարողանան Շարժման դէմ պայքարել, սակայն ապարդիւն։
«Հիմա չէ՞ք նկատել, որ այդ ՔՊ-ն շատ է գորշացել, իսկ եթէ ինչ-որ մի բան գորշանում է, իրենք են յանձնում, մենք որեւէ բան չունենք անելու։ Նիկոլը շուտով կը յայտարարի, թէ այս ինչ գորշ կուսակցութիւն է ու կը յանձնի այդ կուսակցութիւնը, իրենց մահկանացուն կը կնքեն, քանի որ շատ լուրջ պատասխան ունի տալու հայ ժողովրդին իր կատարած ազգադաւութեան, քաջերի արիւնը խմելու, երկիրը խոշտանգելու, վերացնելու, պետականութիւնը ջնջելու համար։
Հիմա իրենք էյֆորիայի մէջ են։ Գումարները, որ իրենց ճակատին իրենց տէրերը ճպցնում են, իրենց մոլորութեան է մատնում, իրենք չեն զգում։ Կը գայ պահը ու կը սթափւեն, կը հասկանան, թէ ինչ են կատարել, թէեւ մի մասն արդէն հասկացել է, գիտի՝ ինչ էլ անի, ավելի մեծ հանցանք չի լինի, քան քաջերի արիւնը խմելը։
Իրենք իրենց քաղաքական, իրաւական գնահատականները կը ստանան»,- ասել է Խաչիկ Մանուկեանը։
Մտաւորականի համոզմամբ՝ «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժման յաջողութեան գրաւականն այն է, որ առաջնորդում է Բագրատ Սրբազանը. «Անպարտելի մէկը, ոգեղէն արժէքներ կրող, իր ազգին ու հայրենիքին նւիրեալ։
Մենք անցել ենք ընտրութիւնների շրջան, երբ մարդիկ փողով ձայն էին տալիս։ Այնպէս չէ, որ ամբողջութեամբ դուրս ենք եկել այդ շրջանից, եւ հիմա եկել է մէկ, որ ասում է՝ ձեր ինքնութիւնն աւելի բարձր է, քան այլ բան, որոշիչ պէտք է լինէք ինքներդ, ձեր հաւատը, ծնողների, հայրենիքի հանդէպ սէրը։ Թւում է՝ պարզ բաներ են, բայց արդէն մոռացւել են։ Այդ մոլորութիւնն ամենուր է։ Սրանք, ովքեր եկել են, ուզում են ազգային մշակոյթները ջնջել, չարքապատկաններ են, նեռի ծնունդներն են, հիմա իսկապէս պայքարը Աստւածայինի ու նեռի մէջ է։
Եթէ Աստւածայինը չի յաղթում, ամէն ինչ է ոչնչանում։ Հիմա սրանք ամէն ինչ անում են, որ ոգեղէն արժէքները վերացնեն, իսկ Աստւած ինքը ոգեղէնութիւն է»։
Խաչիկ Մանուկեանը Մեծարենցի խօսքերն է մէջբերել՝ «Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական»։
«Այդ ուրախութեանը՝ անանձնական ուրախութեանը, երբ մեր ժողովուրդը կարողանայ մօտենալ, դուրս իր մաշկից, դուրս իր մորթուց՝ հակառակւելով ՔՊ-ին, որը մորթապաշտների ոհմակ է, իրենց անձնականից դուրս ոչինչ չեն գնահատում, նրանք ծիծաղելով Եռաբլուր բարձրացող գոյանքներ են։
Անանձնական ուրախութիւններն աստւածայիններն են կրում։ Երբ կարողանանք քաւարանով անցնել ու մօտենալ այդ աստւածային լոյսին՝ յաղթանակը կը լինի, այլապէս Ազգային ժողովն այսքան ձայն ունի, կառավարութիւնն այսքան շուն ունի… Դրանք որեւէ նշանակութիւն չունեն»,- ասել է Խաչիկ Մանուկեանը։