Սաշուր Քալաշեան. «Որտեղի՞ց պէտք է տեղափոխեն խաչքարերը, գերեզմանոցի՞ց. Փաշինեանի յայտարարութիւնները հիմնաւորում չունեն»
Նախորդ շաբաթ Սիւնիք կատարած այցի շրջանակներում սիւնեցի դպրոցականների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինեանը հերթական անգամ անդրադարձել է խաչքարերին, հեգնել է, թէ ուր գնում են, ասում են՝ եկէք խաչքար դնենք։
«Ինչքան խաչքար դնենք, 1, 2, 10, 50, 100, եկէք ամենքի վզից էլ մի խաչքար կապենք, ասենք՝ քաշ տւէք, երեխէք, սա ձեր առաքելութիւնն է։ Մեծ խաչքարեր բան անենք, ոտքերից կապենք երեխաների, ասենք՝ դէ քաշ տւէք, որովհետեւ դուք Վարդան Մամիկոնեանի սերունդն էք։ Մեր նահատակները զոհւել են, որ էս երեխէքի վզից խաչքարեր կախե՞նք, ոչ, զոհւել են, որ ազատ ապրեն, կեանքը վայելեն»,- իր պատկերացումները հիմնաւորել է Նիկոլ Փաշինեանը։
Ժամանակ առ ժամանակ հայկական պատմամշակութային ժառանգութեանը, այդ թւում՝ նաեւ խաչքարերի թեմային անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինեանը շեշտում է, թէ ամբողջ ՀՀ ճանապարհներին խաչքարեր են տեղադրւած, եւ յայտարարում է, որ այդ հարցերը պէտք է լուծել։
168.am-ի հետ զրոյցում ՀՀ վաստակաւոր ճարտարապետ Սաշուր Քալաշեանն արձագանգելով Նիկոլ Փաշինեանի մեկնաբանութիւններին՝ ասաց, որ դրանք որեւէ հիմնաւորում չունեն, որովհետեւ եթէ այս կամ այն վայրից պէտք է խաչքարեր հանեն, պէտք է դա հիմնաւորում ունենայ։
«Եթէ խօսում ենք մենք վտանգւած խաչքարերից, դա հասկանալի է, օրինակ, Ջուղայի խաչքարերից՝ եթէ ունէին հնարաւորութիւն այն տեղափոխել Հայաստան, պէտք է տեղափոխէին։ Կրկնում եմ՝ վտանգւած խաչքարերի տեղափոխումը հասկանալի կը լինի։
Մեր խաչքարերի մեծ մասը դրւած է եկեղեցական համալիրների մէջ, եկեղեցիների շրջակայքում, որտեղի՞ց պէտք է տեղափոխեն խաչքարերը՝ գերեզմանոցի՞ց։ Բոլորվին չի խանգարում, որ, օրինակ, ճանապարհի այս կամ այն հատւածում խաչքար է տեղադրւած։ Չեմ կարծում, որ խաչքարերի տեղափոխման անհրաժեշտութիւն կայ առանց հիմնաւորման»,- նշեց Սաշուր Քալաշեանը։
Նրա խօսքով՝ եթէ որեւէ վայրում խաչքար է տեղադրւում, ապա այն ունի յստակ նպատակ՝ պատահական չեն որոշում ու խաչքարեր տեղադրում։
«Երբեմն լինում է, որ ինչ-որ վայրում դժբախտ դէպք է տեղի ունեցել, այդ վայրում տեղադրում են խաչքար, կամ ինչ-որ պատմական իրադարձութիւն է եղել, բոլոր դէպքերում տեղադրւած խաչքարերն ինչ-որ յուշ են՝ տւեալ տարածքի կամ իրադարձութեան հետ կապւած։ Եթէ որեւէ տարածքում թոյլատրւած ինչ-որ շինութիւն պէտք է կառուցեն, ու խաչքարը խանգարում է, միայն այդ դէպքում այն կարող են տեղափոխել»,- յաւելեց Սաշուր Քալաշեանը։
Ըստ մեր զրուցակցի, եթէ խաչքարերի հետ կապւած խնդիր կայ, դա պէտք է դառնայ ԿԳՄՍ նախարարութեան քննարկելու թեման, քանի որ խաչքարերը յուշարձաններ են, կոթողներ։
«Աբսուրդ է, եթէ պէտք է որոշեն տեղադրւած խաչքարերը տեղափոխել»,- եզրափակեց Սաշուր Քալաշեանը։
Ի դէպ, համացանցում բազմաթիւ տեղեկութիւններ կան խաչքարերի պատմութեան եւ նշանակութեան մասին: Խաչը՝ որպէս խորհրդանիշ, մեզանում առաջացել է դեռեւս 4-րդ դարից: Իսկ արդէն 11-րդ դարից յետոյ ձեւաւորւում է՝ որպէս ներկայիս յայտնի խաչքար հասկացութիւնը՝ իր մեջ կրելով բոլոր երկրաչափական եւ բուսական տարրերը: Սկզբում դրանք ունեցել են շատ պարզունակ պատկերներ: 7-րդ դարից յետոյ ի յայտ են եկել թեւաւոր խաչքարերը, իսկ արդէն 11-րդ դարից յետոյ ձեւաւորւում է՝ որպէս ներկայիս յայտնի խաչքար հասկացութիւնը:
Խաչքար կանգնեցնելու շարժառիթները բազմաթիւ են: Կան խաչքարեր, որոնք կանգնեցւել են ինչ-որ յաղթանակների առիթով: Կան խաչքարեր, որոնք դրւել են ճանապարհների վրայ: Կան նաեւ, այսպէս կոչւած, փրկիչ խաչքարեր: Այնպէս որ, առանց խաչքարի նշանակութիւնն ու ստեղծման պատմութիւնն իմանալու, պէտք չէ շտապել այդ հարցին լուծում տալ, այն էլ՝ չհիմնաւորւած: