Մշակութային

Ովքե՞ր էին Երեւանում յանցագործութիւն անող խմբերով երեխաները, որոնք ստացան «խուժան» անունը

Զ. ՇՈՒՇԵՑԻ

 

1915 թւականի ցեղասպանութիւնից յետոյ Արեւելեան Հայաստանը լցւեց Արեւմտեան Հայաստանից եկած գաղթականներով: Բոլոր մեծ ու փոքր քաղաքները, գիւղերն ու փոքր բնակավայրերն իրենց յարկի տակ ընդունեցին գաղթականներին: Ցեղասպանութիւնից յետոյ Արեւելեան Հայաստան եկած գաղթականների խնդրին գումարւեց նաեւ սովը, համաճարակները, 1918-1920 թւականների մի շարք պատերազմներն ու արդիւնքում՝ Արեւելեան Հայաստանում սոցիալ-տնտեսական առումով ստեղծւեց քաոսային վիճակ:

Այդ համատեքստում բարդ էր յատկապէս իրավիճակը Երեւանում: Երեւանի սոցիալական ծանր վիճակը սկսւել էր դեռեւս 1900-ականների սկզբներից, որին գումարւել էին վերեւում թւարկւած իրադարձութիւնների բերած խնդիրները:

Մայրաքաղաքում էր կենտրոնացած բնակչութեան ու տարբեր տարիների գաղթականների մեծ մասը: 20-րդ դարասկզբին Երեւանի ծանր սոցիալական վիճակի, սովի ու համաճարակների մասին տեղեկութիւններ տրամադրում էր ժամանակի մամուլը: Մասնաւորապէս «Առողջապահիկ» ամսագիրը յստակ տւեալներ էր նշում դարասկզբին Երեւանում տարածւած համաճարակների, դրանցով հիւանդների ու մահացութեան թւերի մասին.

«1906 թւականին Երեւանի նահանգում քութեշով հիւանդացել է 644 հոգի, իսկ մեռել 232-ը, այսինքն հիւանդներից 1/3-ից աւելին։ Դիֆտերիայով հիւանդացել է 506 հոգի եւ մեռել 158, այսինքն հիւանդացողներից մէկ քառորդից աւելին մեռել է։ 1907 թ.-ին նահանգում առատ հունձ էր անում քութեշը․ այդ տարում նահանգում քութեշով հիւանդացել է 5337 անձ, որոնցից 1164 հոգի մեռել է։ 1908 թ.-ին քութեշով հիւանդացել է 900 հոգի եւ մեռել 252։ 1909 թ.-ին քութեշից մեռնողների թիւը աւելի է բարձրանում․ 549 հիւանդից մեռել է 192, այսինքն 30 տոկոսը»։ («Առողջապահիկ» ամսագիր։ Երեւան, 1920 թւական, մարտ)։

Ցեղասպանութիւնից յետոյ Երեւանում հաստատւած գաղթականներն ու որբերը նոր իրողութիւն բերեցին իրենց հետ մայրաքաղաք: Նոր իրողութիւններից մէկն էլ Երեւանում թափառող որբերն էին, ովքեր իրենց հետ նոր կարգեր եւ բարքեր ստեղծեցին քաղաքում:

1926 թւականին Երեւանում տպագրւում է «Անապաստան երեխայ» թերթը: Դա իր հերթին՝ փաստում էր, որ խնդիրը, իրօք, առկայ է Երեւանում, եւ այն լուծելու համար մշակւում են ծրագրեր: Յատկանշական է, որ թերթում ներկայացւում էին Հայաստանում եւ յատկապէս Երեւանում որբ ու թափառական երեխաների մասին տեղեկութիւններ, նրանց սոցիալական ծանր պայմանները, նրանց կողմից ստեղծւած վատ բարքերը:

Խնդրին անդրադառնում էին այնպիսի յայտնի արւեստագէտներ, մշակութային գործիչներ, ինչպիսիք էին Մարտիրոս Սարեանը, Ալեքսանդր Սպենդիարեանը, Դերենիկ Դեմիրճեանը եւ այլք: Մասնաւորապէս պարբերականում տպագրւած Ալեքսանդր Սպենդիարեանի յօդւածից ենք տեղեկանում, որ որբ ու թափառական երեխաներին Երեւանում սկսեցին անւանել «խուժան».

«Ամէն նորեկ Երեւանում կը նկատի ցնցոտիների մէջ, կեղտոտ, ուսերին գցած մեշոկ, անապաստան երեխաներ թափառելիս փողոցներում։ Անապաստան երեխաներին ժողովուրդը կնքել է խուժան անունով եւ արհամարհանքով է վերաբերւում դէպի նրանց։ Պէտք է նկատել, երբ դիտում ենք եւ զրուցում նրանց հետ, մեր այս խուժան երեխաները վերին աստիճանի մեծ հետաքրքրութիւն են ներկայացնում։ Նրանք փողոցի բացասական կողմերի հետ միասին ունեն մի շարք գնահատելի գծեր՝ ինքնուրոյնութիւն, վստահութիւն, վերին աստիճանի ճարպիկ ու հնարագէտ են, ընկերասէր, ուժեղ, հաստատակամ բնազդով»։ (Ալեքսանդր Սպենդիարեան, «Անապաստան երեխայ», Երեւան, 1926):

Հարկ է նշել, որ Սպենդիարեանը եւ միւսները խնդրին անդրադառնում էին ո՛չ թէ բացասական երանգով, այլ սրտի ցաւով եւ կսկիծով, որ նմանատիպ երեւոյթ կայ, որն առաջացել է թշնամու ձեռքով, եւ Խորհրդային Հայաստանն ու իշխանութիւնները պէտք է օր առաջ լուծեն այս հարցն ու այդ երեխաները ստանան տան, ապրելու, կրթւելու իրաւունք: Սպենդիարեանն իր յօդւածում շարունակում է գրել նաեւ այն մասին, թէ սովից ու գոյութեան պայքարով պայմանաւորւած ինչե՞ր են անում որբ երեխաները.

«Երեխաները, միամտաբար իրանք էլ իրանց խուժան են անւանում եւ խոստովանւում, որ ապրում են խուժանութեամբ, այսինքն՝ թալանով ու գողութեամբ: Նրանք յարձակւում են խմբով մասնաւոր ապրանքների վրայ, բայց պատմում են, որ ձեռք չեն տալիս Հայկոոպի, բանկոոպի եւ այլ հասարակական հիմնարկների սայլերին, այլ ընդհակառակը կազմակերպւած ուժերով պաշտպանում են այդ հիմնարկների գոյքը փողոցում:

Նրանց չպէտք է նայել արհամարհանքով, այլ պէտք  է ազատել փողոցից եւ դնել նպաստավոր պայմանների մէջ: Տւէք նրանց արհեստ, աշխատանք, գեղարւեստ, գիտութիւն, կրթութիւն եւ նրանք միանգամայն  կը փոխւեն: Դուրս կը գան նրանցից ապագայում պիտանի քաղաքացիներ: Խորհրդային իշխանութիւնն իր կողմից անում է ամէն ինչ, որպէսզի բարւոքի այս երեխաների վիճակը»: (Նոյն տեղում):

Համարում, երեխաների մասին յօդւածներից զատ, ներկայացւում էին նաեւ բացառիկ լուսանկարներ, յուշեր, որոնցում թափառական երեխաներն են իրենց խմբերով, ովքեր ապրում էին քարայրում կամ լքւած ինչ-որ կառոյցում:

Տեքստերից զատ, լուսանկարներն ամենախօսուն փաստերն են այդ երեւոյթի, ինչի մասին բարձրաձայնում էր թերթը:

Առաջիկայում կը ներկայացնենք նաեւ Մարտիրոս Սարեանի բացառիկ յօդւածը եւս, որում մեծ նկարիչը խօսում է Երեւանի որբ երեխաների ծանր պայմանների ու գոյութեան պայքարով պայմանաւորւած, հարկադրաբար կատարած յանցագործութիւնների մասին:

168.am

Related Articles

Back to top button