Սա դեղահաբ է յիշողութեան կորստի դէմ. կայացաւ «Կեղծ խաղաղութեան գինը» փաստավաւերագրական ֆիլմի պրեմիերան
«ԱԼԻՔ» – «Չի կարելի խաղաղութեան մասին խօսել նրանց հետ, ովքեր եկել են քեզ սպանելու»,-իսրայէլացի քաղաքական եւ պետական գործիչ Գոլդա Մեիրի այս խօսքերը դարձել են «Կեղծ խաղաղութեան գինը» փաստավաւերագրական ֆիլմի բնաբանը, որի պրեմիերան կայացաւ Կինոյի տանը: Խաղարկային էլեմենտներով փաստավաւերագրական այս ֆիլմը ստեղծւել է եռաչափ անիմացիայի բարձր տեխնոլոգիաների, արհեստական ինտելեկտի նորարարական լուծումների, ինչպէս նաեւ յատուկ ֆիլմի համար ստեղծւած երաժշտութեան համադրութեամբ, ինչն այն դարձնում է բնոյթով եզակի հայկական կինեմատոգրաֆիայում արտադրւած նմանատիպ հետաքննական պատմական ֆիլմերի մէջ։ Ֆիլմի պրոդիւսեր Յարութիւն Յարութիւնեանն ասում է, որ վերնագրո՛ւմ է ֆիլմի հիմնական ուղերձը եւ Գոլդա Մեիրի յայտնի խօսքերում: «107 տարւայ մէջ ոչինչ չի փոխւել: Ֆիլմում ներկայացւում է 1918 թ. ապրիլի 5-ից մինչեւ մայիսի 24-ը, դա մի փոքր ժամանակահատւած է, երբ դեռ Սարդարապատի ճակատամարտը չէր եղել… Ֆիլմը նայելիս՝ կը զգաք, թէ ամէն դրւագը ինչի հետ համեմատել, գործիչներին՝ ում հետ… Այնքան նմանութիւններ կան, սա այն դէպքն է, երբ ասում է՝ սայլի սիրած անիւը նորից կոտրւեց իր սիրած փոսում… Գլորւում, գլորւում ենք, 100 տարին մէկ ընկնում ենք նոյն փոսի մէջ…Հիմա այդ փոսի մէջ ենք, այդ ֆիլմը դրա մասին է»:
Aravot.am-ի հարցին՝ նոր Սարդարապատի յոյս կա՞յ, Յարութիւն Յարութիւնեանն այսպէս արձագանգեց. «Կարծում եմ՝ չկայ… Սարդարապատում մենք վերջին պահին յաղթեցինք, երբ թիկունքից հասաւ Արցախեան հեծելազորը… Հիմա Արցախեան բանակը չկայ… Ցաւօք սրտի, դա է վիճակը»: Նա տեղեկացրեց, որ ֆիլմը ստեղծւել է 9 ամսում, հեղինակային տեքստն ընդամէնը 3 տոկոս է կազմում: Յարութիւն Յարութիւնեանը ֆիլմը որակում է դեղահաբ՝ յիշողութեան կորստի դէմ:
«Կեղծ խաղաղութեան գինը» փաստավաւերագրական ֆիլմի սցենարի հեղինակ Լեւոն Գալստեանն ասում է, որ հաւատում է մեր ժողովրդի՝ վճռական պահերին զգաստանալու, սթափւելու ուժին. «Ես հաւատում եմ, որ կը յաղթահարենք նաեւ այս ճգնաժամը… Մի ներքին զգացողութիւն ինձ յուշում է, որ մենք դուրս կը գանք այս ակնկալւող արհաւիրքներից»: Հարցին՝ ինչպէ՞ս են կարողացել արխիւային մեծ ծաւալի նիւթերից նման սցենար ստանալ, Լեւոն Գալստեանն այսպէս արձագանգեց. «Դերենիկ Մալխասեանը՝ փաստահաւաք հեղինակը, մեղւաջան աշխատանքով ի մի է բերել ամբողջ նիւթը, հսկայական փաստահաւաք աշխատանք է կատարել՝ ժամանակի մամուլ, վկայութիւններ, արխիւային փաստաթղթեր եւ այդ ամէնը համադրելով՝ կառուցել է այդ պատումը, որի հիման վրայ մնում էր սցենարական աշխատանքը, այնուհետեւ այդ ամէնը բերւել է դրամատուրգիական տեսքի եւ կինոյի լեզւով ներկայացւել: Ես ուրախ եմ, որ մեր շնորհալի երիտասարդ ռեժիսորը՝ Մարիամ Եգորեանը, կարողացել է փաստագրական նիւթը կինոյի լեզւով այնպէս ներկայացնել, որ այն ոչ միայն ուսանելի եւ ինֆորմատիւ լինի, այլեւ հետաքրքիր՝ մանաւանդ երիտասարդութեան համար»:
Ֆիլմի ռեժիսոր Մարիամ Եգորեանը լրագրողների հետ զրոյցում նշեց, որ ֆիլմի ստեղծման ողջ ընթացքում ահռելի աշխատանք է կատարւել. «Եւ արխիւային նիւթերի, եւ պատմական փաստերի հետ մի ամբողջ թիմ է աշխատել: Իւրաքանչիւրն արել է գերմարդկային աշխատանք, որպէսզի այսօր մենք էկրանին ունենանք այն ֆիլմը, որը ունենք, եւ կարող ենք հպարտութեամբ ցուցադրել: Յուսանք, որ կարողացել ենք արխիւն օգտագործել այնպէս, որ հասկանալի լինի մարդկանց, թէ ինչ է կատարւել 100 տարի առաջ»: Ռեժիսորի խօսքով, եթէ մարդիկ առերեսւեն պատմութեան հետ, ճիշտ գնահատեն իրավիճակը եւ դասեր քաղեն պատմութիւնից, դա կը լինի թիմի յաջողութիւնը: Դերենիկ Մալխասեանը նշեց, որ տեւական ժամանակ զբաղւել է Ալեքսանդրապոլի՝ Գիւմրու պատմութեան ուսումնասիրութեամբ, իսկ 2020 թ. պատերազմը պատճառ է հանդիսացել, որ հետաքրքրւի 1918 թ. Կարսի եւ Ալեքսանդրապոլի անկման թեմայով. «Արցախում կատարւածը, Շուշիի անկումը ինձ միանգամից յիշեցրեց Կարսը: Միշտ մտածում էի, թէ ինչպէս տեղի ունեցաւ Կարսի անկումը, երբ այն ժամանակ թուրքական բանակի հետ համեմատած՝ հայկական բանակը բաւականին կազմակերպւած, զինւած էր, ռուսների գնալուց յետոյ էլ բաւականաչափ զինամթերք կար, նաեւ Կարսի եւ Ալեքսանդրապոլի ամրոցները Հարաւային Կովկասում ամենապաշտպանւածներից էին, դրանք անհնար էր գրաւել, դրանք կարող էին միայն յանձնել, ինչպէսդ Շուշին: Շուշին էլ գրաւել հնարաւոր չէր, այն կարող էին միայն յանձնել… Ուսումնասիրւել են զինւորականների, հոգեւորականների, լրագրողների յուշագրութիւնները, հասարակ քաղաքացիների վկայութիւններ, որոնք հրապարակւել են մամուլում: Մենք հաւատացինք թուրքերի հետ խաղաղութեանը, ու ստացանք մղձաւանջ Կարսում ու Ալեքսանդրապոլում, ստացանք թալան ու կոտորած: Հետաքրքիրն այն է, որ մամուլում հանդիպում են զգուշացումներ հայ գաղթականներից՝ ցեղասպանութիւնից փրկւած, Արեւմտեան Հայաստանից փախած, որոնք հանգրւանել էին Կարսում եւ Ալեքսանդրապոլում, հէնց իրենք էին զգուշացնում, որ մի՛ հաւատացէք թուրքերի հետ խաղաղութեանը, իրենք գալիս են կոտորելու, թալանելու, գրաւելու»:
Aravot.am-ի հետ զրոյցում ԳԱԱ պատմութեան ինստիտուտի տնօրէն, ակադեմիկոս, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնեանից հետաքրքրւեց, թէ ինչ տպաւորութիւն է ստացել ֆիլմից՝ պատմաբանի հայեացքով դիտելով այն: «Ցաւօք սրտի, մենք հիմա ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ այդ ճշմարտութեան մասին նորից պէտք է յաւելեալ տւեալներ բերենք, որ ապացուցենք, թէ ով է թուրքը: Երեւի թէ 5-6 տարի առաջ նման անհրաժեշտութիւն չկար, ու այս ֆիլմն, ըստ երեւոյթին, հէնց այդ անհրաժեշտութիւնից է ծնւել, որովհետեւ հարկ կայ եւս մէկ անգամ մարդկանց յիշողութիւնը թարմացնելու: Այնքան ակնյայտ է այն ամէնը, թէ ինչ է տեղի ունեցել 1915, 1918, 1920-21 թթ. եւ Արեւմտեան Հայաստանում, եւ Արեւելեան Հայաստանում: Նման ֆիլմերի անհրաժեշտութիւնը բնականաբար կայ, որովհետեւ մարդկանց յիշողութիւնը սկսել են արհեստականօրէն խամրեցնել»,-ասաց պատմաբանը: ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան, թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը լրագրողների հետ զրոյցում նշեց, որ ոչ վաղ անցեալի պատմութեան փաստերը մատչելի ներկայացնելը շատ կարեւոր է, ամենակարեւորը յստակ ցոյց են տրւում զուգահեռները 100 տարի առաջ եւ հիմա: