Հայաստան - ԱրցախՄշակութային

Ինչպէս էր գերմանացի Հոբոմը ցանկանում Արարատի ստորոտին քաղաք կառուցել եւ Երեւանը բնակեցնել 100.000 գերմանացիներով եւ իռլանդացիներով

Գ. ՇՈՒՇԵՑԻ

 

1872 թւականի մայիսի 2-ին «Մշակ» թերթում Րաֆֆին տպագրում է մի հետաքրքիր յօդւած՝ «Մի նոր պրոեկտ Երեւանի նահանգի դրութիւնը բարւոքելու համար» վերնագրով:

Յօդւածի վերնագիրն արդէն իսկ յուշում է այդ ժամանակաշրջանում կարեւոր եւ հետաքրքիր իրողութիւնների մասին: Հետագայում այդ յօդւածը տպագրւում է Րաֆֆու 12 հատորանոց ակադեմիական հրատարակութիւնում: Այդ յօդւածում Րաֆֆին մանրամասն ներկայացնում է, թէ 1870-ականներին մի գերմանացի մեծահարուստ ինչ ծրագրեր ունէր Երեւանի հետ կապւած: Յօդւածի հէնց սկզբում Րաֆֆին ներկայացնում է գերմանացի պարոն Հոբոմի ծրագիրը.

«Մշակի» անցեալ տարւայ N 48, մեր ընթերցողը կարդացած կը լինէր մի նամակ Վաղարշապատից, որտեղ հաղորդւում էր այն լուրը, որ մի գերմանացի, պարոն Հոբոմ, կամենում է յանձն առնել Երեւանի նահանգի անջուր հողերը ջրել, Արփա-Չայ գետից ջուր հանելով: Այժմ մենք լսում ենք, թէ այդ պարոնը, որ մի մեծ արտասահմանեան ընկերութեան ներկայացուցիչ է, առաջարկել է կառավարութեանը մի շատ բաղադրեալ պրոեկտ Երեւանի նահանգի տնտեսական դրութիւնը բարւոքելու նպատակով: Նա խնդրում է կոնցեսիա 60 տարով, խոստանալով ջրանցքներ շինել Երեւանի նահանգի անջուր հողերի մէջ, տնկել անտառ մօտ 70 հազար դեսիատին հողի վրայ, հիմնել գործարաններ (ինչպէս օրինակ՝ շաքարի եւ այլն), հիմնել անգամ ամբողջ մի նոր քաղաք Արարատ սարի ստորոտում, բնակեցնելով այդ քաղաքը գերմանական գաղթականներով, պարտաւորւում է բնակեցնել Երեւանի նահանգը 100.000 գերմանացի եւ իռլանդացի գաղթականներով եւ, վերջապէս, նոր քաղաքից երկաթուղի շինել մինչեւ Թիֆլիս: Այդ տեսակ ձեռնարկութիւն մինչեւ այն աստիճան ահագին է եւ միեւնոյն ժամանակ հրապուրիչ ապագայի մի պատկեր է ներկայացնում, որ մարդս հազիւ հաւատալ է կամենում եւ հակւած է առասպել համարել մի այդ տեսակ պրոէկտ….»: (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ, Երեւան, 1991, էջ 194):

Ներկայացնելով այդ բացառիկ եւ յաւակնոտ ծրագիրը, Րաֆֆին նաեւ ցոյց է տալիս այդ ամէնի վտանգները: Բնակեցնելով Երեւանը 100 հազար գերմանացի եւ իռլանդացի գաղթականներով՝ Երեւանի նահանգն այդ ժամանակ կանգնում էր լուրջ խնդիրների առաջ: Այդ բոլոր խնդիրներն ու ռիսկերը Րաֆֆին մանրամասն ներկայացնում է.

«Բայց ճանաչելով այժմեան եւրոպական եւ ամերիկական համարձակ ձեռնարկութիւնները, մենք չենք կարող պ. Հոբոմի առաջարկութիւնները անիրագործելի համարել…. Ժամանակակից գիտութիւնը հասել է մինչեւ այն աստիճան կատարելագործութեան, որ անապատ տեղերում ջուր ստեղծել, բուսականութիւնից զուրկ երկրներում անտառ առաջացնել, սարոտ տեղերում երկաթուղի շինել հեշտ է, երբ կայ աշխատող ուժ, հմտութիւն եւ դրամական միջոցներ: Մի բանի մասին միայն մենք թոյլ կը տանք մեզ մի քանի նկատողութիւններ անել, այն է՝ պ. Հոբոմից ձեռնարկւած օտարազգի գաղաթականութեան առթիւ: Եթէ պ. Հոբոմը ճշմարիտ մի մեծ ընկերութեան ներկայացուցիչ է եւ միեւնոյն ժամանակ հմուտ մի անձ է, մենք համոզւած ենք, որ կառավարութիւնից կոնցեսիա ստանալուց յետոյ նա կարդարացնէ իր վրայ դրած բոլոր յոյսերը եւ կը կատարէ հեշտութեամբ իր տւած խոստումները, բայց մի բան կայ, որ վեր է ամէն հմտութիւններից եւ անմատչելի է որեւէ դրամական միջոցներին՝ այն է մեր Կովկասի պէս երկրի մէջ բերել հարիւր-հազարաւոր գերմանական կամ իռլանդական մի ազգաբնակութիւն, որ սովոր չէ մեր կլիմային: Պէտք է ասած որ մեր երկրում զետեղւած գերմանական մի քանի գաղթականները, որոնք երկրիս ամենալաւ տեղերն են ստացել, հազիւհազ կարողացան ընտելանալ կլիմային, այն էլ երկրորդ, թէ երրորդ սերունդին հասնելով….Մինչեւ վերջին ժամանակ նոքա ճանճերի պէս էին մեռնում…»: (Նոյն տեղում, էջ 194-195):

Այդ խնդիրների հետ մէկտեղ՝ Րաֆֆին ցոյց է տալիս նաեւ ճիշտ ճանապարհը: Նա ընդգծում է, որ Երեւանի նահանգ պէտք է տեղափոխել ո՛չ թէ գերմանացի կամ իռլանդացի գաղթականների, այլ Պարսկաստանում ապրող հայերին:

«Այդ տեսակ ծանր եւ դժւար աշխատանքներ Երեւանի նահանգի պէս մի երկրի մէջ կատարելու ժամանակ պիտի գործ դնել այնպիսի աշխատողներին, որոնք թէ՛ պատրաստակամ են աշխատանքներ տանել, թէ՛ բնակւելով նոյն երկրի մէջ, արդէն ընտելացած լինէին համանման կլիմային: Մենք համարձակապէս պնդում ենք, որ պ. Հոբոմը սաստիկ կը սխալւի, եթէ գերմանացիներին բնակեցնի Երեւանի նահանգում եւ եթէ նա կամենում է գործը յաջողակ կերպով առաջ տանելու, ուրիշ ելք չի մնում նրան, եթէ ոչ հայերին գաղթել տալ Պարսկաստանից: Հայերը, մանաւանդ պարսկաստանցիք, սովոր են Երեւանի նահանգին նման կլիմային եւ հեշտութեամբ կը գաղթեն: Այդ միակ ժողովուրդն է, որ յարմարւում է իր ֆիզիկական յատկութիւններով մեր կլիմային»: (Նոյն տեղում, էջ 196):

Րաֆֆու այս բացառիկ յօդւածը լոյս է սփռում այն իրողութեանը, որ 1870-ականներին գերմանացիները ցանկանում էին մեծ ներդրումներ անելով՝ Երեւանն ու շրջակայքը դարձնել եւրոպական քաղաք:

168.am

Related Articles

Back to top button