Համայնք

Իրանահայ Դեր զօրավար Յարութ Թահմազեանի անմեռ յիշատակին

Բժիշկ Դեր զօրավար Յարութ Թահմազեանը ֆիզիկապէս առ յաւէտ մեզանից բաժանւեց մայիսի 25-ին:

Նրա կեանքը մի կարեւոր պատգամ է եղել բոլորին, մանաւանդ պատանիներին եւ երիտասարդներին։ Նա յաղթահարելով կեանքի բոլոր դժւարութիւնները փոքր տարիքից յենւելով իր սեփական ուժերի վրայ՝ կեանքում հասել է բարձր դիրքերի։ Նա աշխատանքի է անցել 9-10 տարեկանում, երբ դեռ պատանի էր եւ հոգացել իր ուսման ծախսերը, այդպիսով ծնողների նիւթական պակասը լրացրել եւ այս բոլոր յաջողութիւնների աղբիւրը եղել է իր անխոնջ աշխատանքները: Նրա պատգամն էր. «ՁԳՏԷՔ ԿԸ ՀԱՍՆԷՔ»։ Իր բարեհամբոյր եւ դիւրահաղորդ կեցւացքով վայելում էր բոլորի սէրն ու համակրանքը թէ՛ իրանական, եւ թէ՛ հայկական շրջանակներում։

Ծնւել էր 1939 թւականին, Նոր Ջուղայում, աւարտել «Շահ Աբբաս» դպրոցի միջնակարգը, 1960 թ.-ից յաճախել է Թեհրանի Անասնաբուժական համալսարանը եւ աւարտել։ Ուսման տենչը եւ նիւթական դժւարութիւնները յաղթահարելու նպատակով, արձանագրւել է զինւորական համալսարան եւ 1965 թ. աւարտել է համալսարանը՝ արժանանալով Սպայի տիտղոսի։ 1967-ին ամուսնացել է Հրաչիկ Մակարեանի հետ եւ բախտաւորւել են մէկ տղայ եւ մէկ դուստր զաւակներով, նա համոզւած էր, որ իր կինը խոշոր դեր է ունեցել իր յաջողութիւնների մէջ։ Նոյն թւականին անցել է Թեհրանի բժշկական համալսարանը, 1970 թ.-ին աւարտել է Տարրալուծարանի մասնագիտութիւնը։ Բանակի կողմից տեղափոխւել է Շիրազ։ Հիմնադրել է իր անձնական տարրալուծարանը, միեւնոյն ժամանակ նշանակւել է զօրանոցի տարրալուծարանի կառավարիչը, 1981-ին ստացել է գնդապետի աստիճան, ծառայել է ամենայն պարտաճանաչութեամբ։ 1989 հոկտեմբերին արժանացել է Դեր զօրավար (Սարթիփի) աստիճանի եւ ընտրրւել է Շիրազի զինուժի հիւանդանոցների ընդհանուր պատասխանատու։ 

Դեր զօրավար դոկտ. Յարութ Թահմազեանը լաւ մարզիկ էր, նաեւ երկար տարածութիւնների վազերի երկրի 3-րդ տեղն էր գրաւել, միջհամալսարանների եւ Համահայկական խաղերի առաջին տեղը գրաւած ախոյեան, անասնաբուժ եւ տարրալուծարանի մասնագէտ։ Իրանի հայ Բժիշկների միութեան եւ Հ.Մ.Ա.Կ.-ի անդամ, երկար տարիներ Շիրազի Եկեղեկցական խորհուրդի նախագահ, Հ.Մ.Ա.Կ.-ի Շիրազի մասնաճիւղի հիմնադիր։ Եղել է աշխատասէր, գործունեայ բարեհամբոյր եւ ամէնից կարեւորը հայրենասէր։

Ա. Հ.

Related Articles

Back to top button