ԹեհրանՀամայնք

Նաեւ կարելի է սկսել այսպէս

Մեզ իրար կապեց մարզանքը, բնութեան հանդէպ սէրն ու ընկերական ջերմ մթնոլորտը վայելելու ցանկութիւնը:

Իրանում կատարւող ամենահետաքրքիր քայլագնացութիւններից մէկը, Թեհրանից Կասպից ծով քայլագնացութեան ուղին է ու մեր պատմութիւնը սկսւեց այդտեղից:

Մենք, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան յարկի տակ մարզւող մարզասէրներ, որոշեցինք միասին վայելել վերը նշւած հաճոյքը, որի համար կազմակերպւած թուռը պիտի կայանար խորդադ ամսին. իմանալով որ նշւած աշխատանքը չի համարւում լուրջ լեռնագնացութիւն, սակայն Իրանում կատարւող քայլագնացութիւնների մէջ, համարւում է ծանրերից մէկը, գարնան սկզբից սկսեցինք պատրաստւել, հիմնականում Թեհրանի հիւսիսային բաժնի սարերում ու խորդադ ամսին, հինգ օրւայ ընթացքին, անցնելով Ալբորզ լեռնաշղթան, շուրջ 110 կիլոմետր քայլելով, Ֆաշամից հասանք Սիսանգանի ծովափը:

Ու սա եղաւ սկիզբը մեր պատմութեան: Ուրեմն շարունակեցինք մեր պարապմունքները ու մորդադ ամսւայ կէսին յաջողեցինք բարձրանալ ԱլամՔուհ գագաթը՝ Հէսար Չալի կողմից:

ԱլամՔուհը 4850 մետր բարձրութեամբ, համարւում է Իրանի երկրորդ բարձր գագաթը, ու նւաճելով այն, համարձակւեցինք ատամ սրել ամենաբարձր գագաթի՝ Դամաւանդի համար: Ուրեմն միանալով Դամաւանդը բարձրացող խմբին, ԱլամՔուհը նւաճելուց մէկ շաբաթ անց, մեկնարկեցինք Դամաւանդի նւաճումը՝ նրա հիւսիսային ճակատից:

Սկսելով Նանդալ (ناندل) գիւղից, մեքենաներով հասանք Մեծ Քար (سنگ بزرگ) կոչւող մեկնարկակէտ ու այդտեղից սկսեցինք բարձրանալ: Շուրջ հինգ ժամ քայլելով հասանք 4000 մետրի վրայ գտնւող տնակի շրջափակին, որտեղ ծանր քամու եւ անձրեւի տակ, գիշերեցինք մեր վրանների մէջ:

Առաւօտեան ժամը 3:00-ին սկսւեց գագաթի նւաճումը, կամ ինչպէս պարսիկ լեռնագնացներն են ասում ՅԱՐՁԱԿՈՒՄ-ը: Շուրջ 10 ժամ բարձրանալուց եւ յատկապէս վերջին ժամերին օդի աւելի աննպաստ պայմաններում, ժամը 13:30-ին, 10 րոպէ նախքան գագաթ հասնելը հանդիպեցինք չնախատեսւած կայծակի վտանգին ու պարտադիր վերադարձանք դէպի ներքեւ, ծանր ձիւնի, կարկուտի ու քամու պայմաններում ու գիշերեցինք 4000 մետրում թողած մեր վրաններում, ծայրագոյն ուժեղ քամու ներքոյ ու յաջորդ օրը վերադարձանք Թեհրան՝ գագաթ չհասած բայց ձեռք բերած եզակի ու հազւադէպ փորձառութիւն:

Չհագեցած գագաթը նւաճելու հաճոյքից, պարտաւորենք մնալ պատրաստ ու փորձենք նորից:

Գուցէ կարելի է սկսել այսպէս ու դառնալ ԼԵՌՆԱԳՆԱՑ:

Նիւթը եւ լուսանկարները տրամադրել է ԱՐԱ ՋԱՀԱՆԵԱՆԸ

Related Articles

Back to top button