Դաշնակցական Բեմ

Քարոզչական ձեռնածութիւնը իշխանութեան ինքնապահպանման երաշխիք 

(մաս 1)

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ

 

Լրատւամիջոցներն ու սոցիալական ցանցերը բազմաթիւ տեսանիւթեր ու հրապարակումներ են ներկայացրել, որոնցում Նիկոլ Փաշինեանը մինչեւ իշխանութեան գալը կամ կառավարման առաջին տարիներին ասել է մէկ բան եւ միանգամայն հակառակն է պնդել իշխանավարման հետագայ տարիներին: Այդ հրապարակումները նա չի էլ փորձել ժխտել, քանի որ հնարաւոր չէ ժխտել անժխտելին: Մի դէպքում նա փորձել է պատճառաբանել, թէ այն ժամանակ ասել է նման բան, որովհետեւ հայրենասէր է եղել, կամ չէր կարող ճշմարտութիւնն ասել, որովհետեւ այն ժամանակ ժողովուրդը չէր ընդունի այն, իսկ այլ դէպքերում փորձել է այլ բացատրութիւններ մոգոնել իր միանշանակ մտքերի համար: Նրա, այսպէս կոչւած, յեղափոխական շրջանի խոստումներից ոչ մեկը չի կատարւել, թէրեւս բացի նրանից, որ իշխանութիւնից կհեռացնի եւ պատասխանատւութեան կենթարկի նախկին իշխանաւորներին: Որոշ իմաստով նա այս հարցում նոյնիսկ ինքն իրեն է գերազանցել։

Տարիների ընթացքում աշխատանքից ազատւել են ոչ միայն ընդդիմադիր անձինք եւ ուժերի ներկայացուցիչները, այլեւ նրանց հարազատները։ Այդպիսով Հայաստանում ձեւաւորւել է ՔՊ-ական միակուսակցական կենտրոնաձիգ համակարգ, որով սուտ ժողովրդավարները գերազանցել են իրենց բոլոր նախորդներին։ Հիմա, նոր ընտրութիւնների նախօրեակին, իհարկէ նա փորձում է ապացուցել, որ ինքը նոյն ժողովրդական տղան է, ով կարող է ազատ շրջել փողոցներում, կամ երթեւեկել տրանսպորտով, դատական նորանոր քրէական գործեր յարուցել նախկին պաշտօնեաների դէմ կամ նոր ընթացք հաղորդել իր իշխանութեան ժամանակահատւածի չափ ձգձգւող քրէական հետապնդումներին, անգամ իր թիմից մէկ-երկու երկրորդական մակարդակի պաշտօնեաների ձերբակալել կաշառակերութեան եւ, նոյնիսկ, դաւաճանութեան մեղադրանքով, փորձել ապացուցել, թէ ինքը չի մոռացել ադրբեջանական գերութեան մեջ գտնւողներին, կամ արցախցիների հիմնահարցերի մասին: Որքանով նրան կյաջողւի մինչեւ ընտրութիւններն ընկած ժամանակահատւածում կրկին խաբել ժողովրդին, վերականգնելով իր «յեղափոխական անկաշառ» իմիջը եւ վերածել այն նախընտրական դրամագլխի, ժամանակը ցոյց կը տայ:

Երեւի ինքն էլ չհաւատալով որ իրեն եւ իր առաջնորդած ուժին կյաջողւի ինչ-ինչ յաջողութիւնների հասնել ստանձնած պարտաւորութիւնների հարցում, Նիկոլ Փաշինեանը սուտն ու կեղծիքը ի սկզբանէ դարձրել է իր գործունէութեանը ուղեկցող հիմնական քարոզչական միջոցը:

Ասւածի ակնյայտ ապացոյցը ֆէյքերի այն հսկայական բանակն է, որին «թաւշեայ առաջնորդը» գործի է կոչել իր ղեկավարման առաջին օրերից:

Հարիւրաւոր կամ գուցէ հազարաւոր այս մարդիկ, այլ գործունէութեան անւան տակ պետական ու մասնաւոր զանազան հաստատութիւնների պատերի ներսում ամէն օր զբաղւած են սոցիալական ցանցերով հայհոյելով ազգային ուժերի, իշխանութեանը քննադատող մարդկանց՝ զուգահեռաբար գովերգելով իշխանութիւններին եւ տարածելով իշխանութեանը հաճոյ սուտ ու կեղծիք: Ընդ որում շատ անգամներ բացայայտւել են այդ կեղծիքներն ու նրանց տարածողները, հեշտութեամբ բացայայտւում է, որ նրանք բազմաթիւ այլ անունների եւ լուսանկարների ներքոյ գործող սոցիալական ցանցերի կեղծ օգտատէրեր են, այնուամենայնիւ, այն, ինչը քաղաքական երկրաշարժ կառաջացներ այլ երկրներում՝ իր տակ խորտակելով գործող իշխանութիւններին, Հայաստանում հեշտութեամբ մարսւում է, եւ իշխանական ֆէյքերի բանակը հանգիստ շարունակում է իր անբարոյ, պառակտիչ, հակապետական գործունէութիւնը: Ես, սակայն այս հանգամանքի վրայ չեմ ցանկանում խօսքս կենտրոնացնել, վստահ լինելով, որ փաշինեանական իշխանութեան օրինաչափ անկումից յետոյ, երկիրը մաքրելու գործընթացում, պարտադիր է լինելու կեղծիքի այս ինստիտուտի գործունէութեան հիմնաւոր քննութիւնը:

Այս դէպքում իմ ասելիքը վերաբերելու է յատկապես այն մանիպիւլեատիւ թեզերին, որոնց վրայ, ըստ էութէան, իր գործունէութեան գաղափարաքաղաքական հիմքերն է կառուցել ներկայ իշխանութիւնը՝ ի դէմս Նիկոլ Փաշինեանի:

Փաշինեանի իշխանութեան գալու եւ նոյնիսկ իշխանութիւնը պահպանելու թէրեւս գլխաւոր հիմնաւորումը եղել է նախկիններին հեռացնելու եւ նրանց պատասխանատւութեան ենթարկելու խոստումը: Ինչպէս, սակայն ժամանակը բացայայտեց, Նիկոլ Փաշինեանի անհանդուրժողութիւնը «կոնկրետ նախկինների» նկատմամբ էր, ում հանդէպ Փաշինեանն անձնական տրամադրւածութիւն ունէր, այլապէս կարելի է պաշտօնեաների ու գործարարների մի մեծ ցուցակ կազմել նրանց անուններից, ովքեր բարձր դիրքերի ու հնարաւորութիւնների են տիրապետել դեռեւս անկախ Հայաստանի առաջին իշխանութիւնների օրերից, սակայն դա չխանգարեց ծանրակշիռ տեղ ունենալու փաշինեանական իշխանութեան համակարգում։

Կարելի է այդ անունների թւարկումը սկսել ներկայումս Հանրապետութիւնում ամենաբարձր պաշտոնը զբաղեցնող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրեանից, ով 1992-1996 թւականներին եղել է Երեւանի քաղաքապետը, 95 թւականին ընտրւել է Ազգային ժողովի պատգամաւոր, ինչպէս եւ մի քանի տարի եղել է նախագահ Լեւոն Տեր-Պետրոսեանի խորհրդականը: Կարելի է այս շարքում յիշել նաեւ Գագիկ Ջհանգիրեանին, Անդրանիկ Քոչարեանին, նախկին դատախազ Արթուր Դաւթեանին եւ նախկին խորհրդարանի իշխանական աթոռներից նոր իշխանութեան խորհրդարանական խմբակցութեան աթոռներին տեղափոխւած մի քանի պատգամաւորների, ինչպէս նաեւ Հանրապետութիւնում ամենաաչքի ընկնող օլիգարխների, որոնք դարձան նոր իշխանութեան սրտի բիզնեսմէնները։ Այս շարքին կարելի է աւելացնել ՀՀՇ-ական իշխանաւորների զաւակներին եւ մերձաւոր հարազատներին, որոնց, անցեալամերժ վարչապետը, այսօր բարձր պաշտօններ է վստահել։

Իսկ եթէ անդրադառնանք մնացած «նորերին» ապա այս շարքից շատերին կը գտնենք Լեւոն Տեր-Պետրոսեանի եւ նրա թիմի կողքին, մասնաւորապէս 2008 թւականի ընտրութիւնների ժամանակ՝ որպէս, այսպէս ասած, երիտթեւ։ Ի դէպ, նոր իշխանութեան մէջ նախկինների թւարկումը թերեւս աւելի ճիշտ կլինէր սկսել հէնց Նիկոլ Փաշինեանից, ով 1990-ականների ՀՀՇ-ական «վար ու ցանքի» ժամանակներում «գնդի որդի էր» եւ իշխանութիւնների շահերի համար ինքնամոռաց կռիւ էր տալիս մամուլի ճակատում։ Եթէ թիմակիցներ ասելով նկատի ենք ունենում դաւանած գաղափարախօսութիւնը, քաղաքական հայեացքենրն ու գործելակերպը, այլեւս կարիք էլ չկայ կենսագրական մանրամասների մէջ խորանալու. Նիկոլ Փաշինեանը ձեւաւորւել է ՀՀՇ-ի գաղափարաքաղաքական քուրայում, Լեւոն Տեր-Պետրոսեանի կողքին է եղել 2008 թւականի նախագահական ընտրութիւնների ժամանակ, իսկ այնուհետեւ արեւմտամետութեան եւ հակաարցախականութեան վտանգաւոր ոլորապտոյտով գլորւել է մինչեւ արտաքին կախումները, մերժել է Արցախեան պահանջատիրութիւնը եւ կոսմոպոլիտիզմի ճանապարհով հասել է մինչեւ ազգային ինքնութիւնից հրաժարման։

Ինչ վերաբերում է ՔՊ-ական իշխանութեան բնոյթին եւ որակին, ապա միանշանակօրէն կարելի է արձանագրել, որ.

– անցնող 35 տարիների ընթացքում ոչ մի իշխանութեան օրօք պետական համակարգը չի ունեցել այսքան միակուսակցական բնոյթ,

– երբեք իշխանութիւնը չի եղել այսքան կենտրոնացւած մէկ անձի ձեռքում,

– երբեք այսքան խախտւած չի եղել իշխանութեան հաւասարակշռութիւնը՝ խորհրդարանն ու դատական համակարգը այսքան ենթակայ չեն եղել կառավարութեան ղեկավարի կամքին,

– երբեք դատական համակարգն այս չափով չի ծառայել աւտորիտար համակարգին, որպէս ընդդիմադիր դաշտի դէմ հաշւեհարդարի կոյր գործիք,

– երբեք իշխանութեան գործունէութիւնն այսքան անթափանց եւ գաղտնի չի եղել ժողովրդի համար, երբեք այս չափով չի արհամարհւել ժողովրդի կամքը,

– երբեք հայ մարդն այսքան արհամարհւած ու անօգնական չի զգացել իրեն սեփական պետութեան մէջ,

– պետական համակարգում թալանը, հովանաւորչութիւնը, պաշտօնների եւ պետական ծրագրերի բաշխումը իշխանական համակարգի եւ նրա հովանաւորեալների միջեւ, երբեք չի իրականացւել այս չափով ոչ մրցութային եւ ներթիմային փակ շրջանակի սահմաններում,

– երբեք իշխանութիւնների գործունէութիւնն այս չափով ներհասարակական լարւածութիւն չի ստեղծել եւ ուղղւած չի եղել հասարակութեան պառակտմանը՝ իւրայինների եւ ոչ իւրայինների սահմանաբաժանմամբ,

– երբեք այսքան խզւած չեն եղել Հայաստանի եւ Սփիւռքի յարաբերութիւնները, արցախցիներն ու սփիւռքահայերը այս չափով մերժւած չեն եղել Հայաստանի իշխանութիւնների կողմից,

– մինչեւ ՔՊ-ական իշխանութեան գործունէութիւնը Հայաստանի իշխանութիւնը երբեք չի վիճարկել Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցու առանձնայատուկ դերը հայութեան ազգային կեանքում, նրա ինքնուրոյն կարգավիճակը եւ գործառոյթները երկրում,

– այս իշխանութիւնից առաջ երբեք որեւէ իշխանութիւն չի յաւակնել Հայոց Սուրբ եկեղեցին իրեն ենթարկելու պիղծ եւ արտաքին թելադրանքից բխող նպատակի,

– միայն այս իշխանութիւնների օրօք է Հայաստանը կրել նման ծանր պարտութիւններ եւ ունեցել նման ծանր տարածքային կորուստներ, ինչը դուրս է բերել պետութիւնը իր զարգացման հունից եւ լրջօրէն ազդել է Հայաստանի հեռանկարի վրայ,

– երբեք արտաքին քաղաքականութիւնը այս չափով գաղտնի չի եղել ժողովրդից, չի հակասել ժողովրդի տրամադրութիւններին,

– անկախ Հայաստանում իշխանութիւնները երբեք այսքան կախեալ չեն եղել արտաքին ուժերից, ինչը լրջօրէն ազդել է Հայաստանի ինքնիշխանութեան վրայ,

– երբեք Հայաստանն այսքան միայնակ չի եղել աշխարհաքաղաքական միջավայրում եւ ստորադասւած չի եղել որպէս պետութիւն,

– մինչեւ ՔՊ-ի կառավարումը երբեք որեւէ իշխանութիւն չէր իրականացրել հայ ժողովրդի պատմական ինքնութիւնը ոչնչացնելու համակարգւած ծրագիր,

– եթէ ներկայ եւ նախորդող իշխանութիւնների միջեւ կարելի է համեմատութիւններ անցկացնել պետական համակարգում մի շարք արատաւոր երեւոյթների գոյութեան հարցում, ապա սրա կողքին Հայաստանի նախորդող որեւէ իշխանութեան ժողովուրդը չի համարել դաւաճան, որեւէ այլ իշխանութիւն չի տարել երկիրը գիտակցւած պարտութիւնների եւ արտաքին ենթակայութեան։

Այսպիսով, եթէ այսօրւայ իշխանութեան եւ յատկապէս նրա առաջնորդի կողմից ժողովրդին վախեցնելու եւ հեռու վանելու համար որպէս խրտւիլակ խաղարկւում է նախկինների ստւերը, ապա արդէն ակնյայտ է, որ երիտասարդ ժողովրդավարների իշխանութիւնը բոլոր ուղղութիւններով գերազանցել է նախորդներին եւ դեռ մի բան էլ աւելի։ Դատական համակարգն իրեն քննադատողների դէմ որպէս պատժիչ գործիք գործածող իշխանութիւնն անցնող 7 տարիների ընթացքում բազմաթիւ աղմկոտ քրէական գործեր է յարուցել՝ նախ, որպէս դատավճիռ, յայտարարել է կատարւած յանցանքի մասին, ապա մարդկանց ինչ որ ժամանակ մեկուսացնելուց յետոյ սուս-փուս ազատ է արձակել։ Իսկ նախկին ղեկավարների դէմ դատական գործընթացները շարունակւում են անվերջանալի սերիալների նման։ Նոր ընտրութիւնների նախաշեմին խաղարկւում են նոր սերիալներ՝ բռնի իշխանափոխութեան սցենարով։

Իշխանափոխութիւնից անցել է 7 տարի, նորերը վաղուց պէտք է կոնկրետ գործերով ապացուցէին, թէ իրենք ինչքան տարբեր են եւ ինչքան լաւն են, բայց նրանք դեռ ճգնում են ապացուցել, թէ նախկիններն ինչքան վատն են։

Վատի ու լաւի, թալանչիների եւ ազնիւների թեմային առնչւող այսպիսի մի փաստ. նախորդող երեք իշխանութիւններն աւելի քան 25 տարիների ընթացքում կուտակել են 6,5 միլիարդ դոլարի արտաքին պարտք, իսկ ՔՊ-ականները 7 տարում վերցրել են աւելի քան 8 միլիարդ դոլարի պարտք։ Նախկինների օրօք գրեթէ ամբողջովին վերականգնւել է աղէտի գօտին, հիմնանորոգւել են Հանրապետութեան բոլոր մայրուղիներն ու յարակից բազմաթիւ ճանապարհներ, կառուցւել են կամուրջներ, թունել, դպրոցներ, ջրագծեր, վերանորոգւել են մշակոյթի բոլոր յայտնի կառոյցները, եւ այլն։ Ազնիւների եւ անկաշառների նոր իշխանութիւնը կարո՞ղ է ասել, թէ ինչի վրայ է ծախսել իւրաքանչիւր տարի վերցրած 1 միլիարդ դոլարի վարկը։

Նոր իշխանութիւնը կարո՞ղ է տեղեկացնել, թէ ինչ վախճան ունեցան Նիկոլ Փաշինեանի շարասեան կողմից սպանւած կնոջ գործը, գնդապետին քարերով սպանողների ճակատագիրը, խայտառակ պայմանների մէջ հրդեհի զոհ դարձած զինւորների հարցով քրէական գործը եւ տարիներով ձգձգւող 2020 թւականի պատերազմում պարտութեան մեղաւորների փնտրտուքը։

Իհարկէ նկատի չունենալով, որ արդէն իսկ Ալիեւն ու Փաշինեանը գտել են քաւութեան նոխազներին եւ դատում են այն օրերի հայ ռազմաքաղաքական ղեկավարութեանը՝ մէկը Բաքւում, միւսը՝ Երեւանում։

Ցանկանալով խօսել այն ստի ու կեղծիքի մասին, որի վրայ հիմնւած է այսօրւայ իշխանութիւնը, նախ ներկայացւեց, այսպէս կոչւած, «Նախկինների» հետ կապւած քաղաքաքարոզչական այն մանիպուլեացիան, որի շահարկմամբ ՔՊ-ական բախտախնդիրները հասել են իշխանութեան եւ փորձում են պահպանել այդ իշխանութիւնը։ Բայց սա բազում թեզերից միայն մէկն է, յաջորդիւ կխօսեմ միւսների մասին։

«Դրօշակ» թիւ 9, 2025 թ.

Related Articles

Back to top button