ԱտրպատականՀամայնք

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Խոյում ներկայ գտնւեց, Զբօսաշրջային կենտրոնի բացմանը

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Չորեքշաբթի, հոկտեմբերի 7-ի երեկոյեան ժամը 8:00-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը ներկայ գտնւեց Խոյ քաղաքում կառուցւած զբօսաշրջային նոր կենտրոնի, հովանաւորութեամբ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի, եւ ներկայութեամբ Մշակութային ժառանգութեանց նախարար Ռեզա Սալեհի Ամիրի: Սրբազան հօրը ընկերակցում էին Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեանը, ատենադպիր Վարդան Կարապետեանը, եւ Պատգամաւորական ժողովի անդամ՝ Կարօ Ջորջեանը: Պետական յատուկ ինքնաշարժով, Ատրպատականի հայոց թեմի ներկայացուցիչները Խոյ ժամանեցին, եւ յատուկ դիմաւորութեամբ ընդունւեցին վերոյիշեալ զբօսաշրջային կառոյցի շրջափակում: Սոյն ծրագրին ներկայ էին երկրում գործող պետական բարձրաստիճան պատասխանատուներ, օտար երկրների դեսպաններ, համայնքների ներկայացուցիչներ, եւ մտաւորական դասակարգից ընտրեալներ:

Ծրագրի ընթացքում տեղական երաժշտութեան բացառիկ կատարումների եւ գեղարւեստական շքեղ ելոյթներին միջանկեալ, բացման խօսքով ներկայացւեց կառոյցի շինութեան ծրագրի նախագիծը, որի տարածքում, գմբէթաւոր կառոյցի տակ ամփոփւել էին աճիւնները,1248 թւին մահացած յայտնի բանաստեղծ Շամսէ Թաբրիզիի: Դրա գմբէթի մօտից տհոլահարներ եւ գիւղական պարարւեստի վարպետներ յատուկ նւագներով անցեալը ծանօթացրին ներկաներին, անցեալի մշակոյթի պատմութիւնը երաժշտութեամբ վերարտադրելով:

Բացման խօսքում, պաշտօնական հրաւիրեալների շարքում նշւեց հայոց եկեղեցու Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Սրբազանը, որը տեղական եւ այլ հեռուստացոյցի կայանների թղթակիցների հարցերին պատասխանեց: Ծրագիրը ընդգրկեց նաեւ շրջափակի տարբեր կառոյցներում նորաշէն թանգարանի, գրադարանի, արւեստի գործերի եւ այլ բաժանմունքների բացման հանդիսութիւնը, Մշակութային ժառանգութեանց նախարարի ձեռամբ:

Մինչեւ գիշերւայ ժամը 11 շարունակւած ծրագրի եզրափակիչ խօսքը արտասանեց նախարարը, վեր հանելով սոյն նորակառոյց մշակութային եւ զբօսաշրջային կենտրոնի բացման արարողութիւնը: Նա յիշեալ առիթին անդրադառնալով, յատկապէս բոլոր երկրների ուշադրութիւնը հրաւիրեց բացման սոյն արարողութեանը, որպէսզի տեսնեն, որ Իրանի վրայ եղած պատերազմական հարւածները թշնամիների կողմից, յատկապէս հնադարեայ կառոյցներին հասցւած վնասներով, պարտութեան չի մատնում Իրանը: Այն դեռեւս շարունակում է իր հազարաւոր տարիների մշակութային աշխատանքը, դրա պահպանման, ու զարգացման գործում:

Ծրագրի աւարտին, պաշտօնական հրաւիրեալները ներկայ գտնւեցին պետական հրաւէրով մատուցւած ընթրիքին, որից յետոյ Սրբազան հայրը իր ընկերակիցներով վերադարձաւ Թաւրիզ:

Related Articles

Back to top button