ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

«Հայաստան» խմբակցութեան անդամները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ

ԱԺ «Հայաստան» խմբակցութեան ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա Գրիգորեանը, խմբակցութեան քարտուղար Արթուր Խաչատրեանը եւ բարեկամական խմբի անդամ Քրիստինէ Վարդանեանը հոկտեմբերի 12-ին հանդիպել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ։

Ողջունելով դեսպանին՝ Աննա Գրիգորեանը նշել է, որ «Հայաստան» խմբակցութիւնը բարձր է գնահատում Հայաստան-Իրան յարաբերութիւնները եւ կարեւորում համագործակցութեան խորացումը։

Ընդդիմադիր պատգամաւորները ներկայացրել են նորընտիր խորհրդարանում իրենց խմբակցութեան առաջնահերթութիւնները։

Դեսպանը խօսել է երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի սերտացման ու պարբերաբար հանդիպումներ ունենալու անհրաժեշտութիւնից։ Խորհրդարանական համագործակցութեան ընդլայնման տեսանկիւնից Խալիլ Շիրղոլամին ընդգծել է բարեկամական խմբերի դերակատարութիւնը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերեալ: Անդրադարձ է կատարւել Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին։

Կարեւորւել է Հարաւային Կովկասում կայուն խաղաղութեան հաստատումը։ «Հայաստան» խմբակցութեան ներկայացուցիչները բարձրաձայնել են Ադրբեջանում պահւող հայերի վերադարձի, ինչպէս նաեւ Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգութեան պահպանման հարցերը։

Կողմերը խօսել են նաեւ «Թրամփի ուղի՝ յանուն միջազգային խաղաղութեան եւ բարգաւաճման» (TRIPP) նախագծի իրականացման ընթացքի վերաբերեալ։

Related Articles

Back to top button