ՀՅԴ ՀԵՄ բողոքի ակցիան՝ ի պաշտպանութիւն ձերբակալւած ընկերների

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Երիտասարդական միութեան անդամները յուլիսի 11-ին բողոքի ակցիա են իրականացրել Քննչական կոմիտէի շէնքի դիմաց՝ ի պաշտպանութիւն իրենց ձերբակալւած ընկերների։
Երիտասարդները ՔԿ էին բերել «սթրայքբոլ» խաղի համար նախատեսւած աքսեսուարներ, ինչպէս նաեւ շապիկներ, որոնց վրայ գրւած էր ՀՅԴ պատմական կարգախօսը՝ «Մահ կամ ազատութիւն»։ Նրանք նշել են, որ ՀՅԴ կարգախօսը շուրջ 130 տարւայ պատմութիւն ունի եւ մաս է կազմում իրենց գաղափարական ժառանգութեան։
ՀՅԴ երիտասարդները կոչ են արել իշխանութիւններին դադարեցնել ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական հետապնդումները։
«Սիրելի՛ հայրենակիցներ, եթէ ունէք ջրի ատրճանակներ, ամանօրեայ պայթուցիկներ, հրավառութեան որեւէ նիւթ, ապա ապահովւած էք։ Բայց եթէ ունէք ընդդիմադիր հայեացքներ՝ դուք համարւում էք ահաբեկչութիւն նախապատրաստող»:
Նրանք նշել են, որ իրենց բերած իրերը ազատ վաճառւում են ցանկացած զինւորական կամ սպորտային խանութում։
«Կոչ ենք անում իրաւապահներին զերծ մնալ ապօրինի եւ ծիծաղ առաջացնող գործունէութիւնից եւ անյապաղ ազատ արձակել մեր ձերբակալւած ընկերներին»,- յայտարարել են երիտասարդները։
Ակցիայի աւարտից յետոյ երիտասարդները ՔԿ Երեւանի վարչութեան շէնքի մօտ են նետել իրենց հետ բերած իրերը՝ ՀՅԴ կարգախօս «Մահ կամ ազատութիւն» գրութեամբ շապիկներ, «Սթրայքբոլ» խաղի համար նախատեսւած խաղալիք զէնքեր:
Անդրանիկ Չամիչեանին կալանաւորել են զուտ նրա համար, որ սիրել է ստրայքբոլ խաղալ. լրագրողների հետ զրոյցում ասել է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութեան Կենտրոնական վարչութեան ներկայացուցիչ Ժորա Աւդալեանը։
«Ոչ մի անօրինական բան չի ունեցել իր մօտ։ Այն ամէն ինչն, ինչ Անդրանիկ Չամիչեանը ունեցել է, ամէն պատահած խանութից կարելի է գնել։ Սա ուղղակի աբսուրդ է եւ ծիծաղելի։ Միւս մեր ընկերների տնից յայտնաբերւած իրերը նոյնպէս օրինական են։ Նոյնիսկ հրապարակւած նկարի կողքը այդ իրերի իրաւունքները դրւած են»,- նշել է նա:
Ըստ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանի՝ սա Դաշնակցութեան դէմ արշաւ է։
«Սա նրա համար չի, որ Անդրանիկ Չամիչեանին ձերբակալեն, դաշնակցականներից մի քանիսին ապօրինի զրկեն ազատութիւնից։ Սա դաշնակցութեան դէմ արշաւ է, ինչպէս եկեղեցու դէմ է արշաւ իրականացւում։ Եւ այստեղ հարց է առաջանում՝ ինչու են սա իրականացնում, ինչ են անելու առաջիկայում, որ նման արշաւների կարիք ունեն։
ՀՅԴ-ն փակելու մասին յայտարարութիւններն արւում են զուգահեռ այն գործողութիւններին, որոնք իրականացւում են, դրանով իսկ ցոյց են տալիս, որ այս գործողութիւններն իրաւական գործընթացների հետ կապ չունեն, ունեն քաղաքական նպատակ, քաղաքական դրդապատճառ, քաղաքական նպատակադրումներ»,- ասել է նա։
Arfd.am