Արցախի մշտական ներկայացուցչի նամակը Մակրոնին. «Ֆրանսիայի դեսպանի այցը Շուշի ամնեզիա է ողբերգութեան առջեւ»

«ԱԼԻՔ» – Ֆրանսիայում Արցախի Հանրապետութեան մշտական ներկայացուցիչ Յովհաննէս Գէորգեանը բաց նամակով դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնին՝ Ֆրանսիայի դեսպանի՝ բռնազաւթւած Շուշի կատարած այցի կապակցութեամբ։
«2025 թւականի յունիսի 21-ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Շուշի՝ Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի հայկական խոշոր մշակութային եւ պատմական կենտրոն, որը բռնակցւել է 2020 թւականի նոյեմբերին՝ միջազգային իրաւունքին հակառակ իրականացւած ադրբեջանական յարձակման ընթացքում։
2020 թւականից ի վեր Ֆրանսիան դարձել է Հայաստանի եւ Արցախի հետ միջկուսակցական քաղաքական համերաշխութեան հզօր ձայն։ Քաղաքական կուսակցութիւնների առաջնորդները, խորհրդարանի պատգամաւորները, սենատորները, քաղաքապետերն ու մարզպետներն իրենց աջակցութիւնն են յայտնել հայերին, դատապարտել են չարաշահումները, կոչ արել պահպանել մարդու իրաւունքներն ու արդարութիւնը, ինչպէս նաեւ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դէմ։ Այս հարցով հինգ բանաձեւ է ընդունւել գրեթէ միաձայն Սենատի եւ Ազգային ժողովի կողմից։ Դուք ինքներդ, պարոն նախագահ, 2022 թւականի հոկտեմբերի 12-ին France 2 հեռուստաալիքի L’Événement հաղորդման ժամանակ յայտարարել էք. «Ֆրանսիան ներկայ է, միջնորդ ուժ է… եւ մենք հայերին մենակ չենք թողնի»։
Փաստերն այնքան լուրջ են, որ մարդու իրաւունքների պաշտպանութեան մասին յայտարարող որեւէ երկիր չի կարող անտեսել դրանք։
2020 թւականի պատերազմից յետոյ, որին զոհ գնացին բազմաթիւ երիտասարդ հայեր, իսկ նրանց հազարաւոր հայրենակիցներ Արցախից ստիպւած եղան փախչել, Ադրբեջանը 2022 թւականի դեկտեմբերին Արցախի Հանրապետութեան լիակատար շրջափակում սահմանեց։ 2023 թւականի փետրւարին ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանը դատապարտեց այդ շրջափակումը՝ որպէս կազմակերպւած սովի, առողջապահութեան անկման եւ 30000 երեխաների համար կրթութիւն ստանալու անհնարինութեան պատճառ։ 2023 թւականի ամռանը ադրբեջանցի զինւորներն առանց վարանելու կրակ են բացել ԵՄ դիտորդների մեքենայի ուղղութեամբ։ Օգոստոսին ֆրանսիացի ընտրւած պաշտօնեաները, որոնք ուղեկցում էին սահմանին արգելափակւած մարդասիրական շարասիւնը, դիմել են Ձեզ՝ խնդրելով ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդ բանաձեւ ներկայացնել՝ այդ միջանցքը միջազգային պաշտպանութեան տակ վերցնելու մասին։
Մռայլ նախանշան
Նոյն թւականի սեպտեմբերին Ադրբեջանի վերջին յարձակումը ստիպեց Արցախի ողջ հայ բնակչութեանը լքել հողերը, որտեղ նրանք ապրում էին աւելի քան երկու հազար տարի։ Ամբողջ ժողովրդի այս բռնի տեղահանումը, որը, ըստ Ֆրանսիայի այն ժամանակւայ արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի, «յիշեցնում էր էթնիկ զտում», բաւարար չէր Բաքւի համար։ Աւելի քան երկու տարի աշխատանքներ են տարւում հայկական ներկայութեան եւ մշակութային ժառանգութեան ոչնչացման ուղղութեամբ։ Ադրբեջանի կառավարութիւնն այլեւս չի թաքցնում իր մտադրութիւնները՝ փառաբանելով 1915 թւականի Հայոց Ցեղասպանութեան կազմակերպիչներին, Միսաք եւ Մելինէ Մանուշեանների ընտանիքների սպանողներին, որոնց աճիւնները 2024 թւականի փետրւարին ամփոփւեցին Պանթէոնում։
Ձեր դեսպանը Շուշի կատարած իր այցով նսեմացնում է համարձակ փոքրիկ ժողովրդավարութեան ոչնչացման նշանակութիւնը, որը հիմնադրւել է արեան գնով պատմական հայկական տարածքում, որը միացւել էր Ադրբեջանին բոլշեւիկների միանձնեայ կամքով, եւ որի բնակիչները մշտապէս ենթարկւել են խտրականութեան եւ հետապնդումների ադրբեջանական իշխանութիւնների կողմից՝ ընդհուպ մինչեւ նրանց լիակատար ոչնչացումը։
Պարոն նախագահ, կը դատապարտէ՞ք արդեօք Արցախից հայերի բռնի տեղահանման նշանակութեան նսեմացումը։ Դէմ դուրս կը գա՞ք բռնապետութեանը, որն իր բանտերում կամայականօրէն պահում է տասնեակ հայ գերիների, Հայաստանն անւանում է «Արեւմտեան Ադրբեջան» եւ, չնայած Հայաստանի կառավարութեան բոլոր միակողմանի զիջումներին, դեռեւս հրաժարւում է ստորագրել խաղաղութեան համաձայնագիրը։ Կը պաշտպանէ՞ք տեղահանւած բնակչութեան վերադարձի իրաւունքը։
Մեր աշխարհում, որը պատառոտւում է նման լուրջ ճգնաժամերով, այս դարի առաջին էթնիկ զտման մասին լռութիւնը թուլութեան ճանաչում է, իսկ դրա նսեմացումը, ինչպէս դա արեց Ձեր դեսպանն իր դիտողութիւններում, չափազանց մռայլ նախանշան է ապագայի համար»,- նշւում է Արցախի մշտական ներկայացուցչի՝ Ֆրանսիայի նախագահին ուղղւած նամակում։