Հայաստան - ԱրցախՔաղաքական

Մարտին Եսայեան. «Եթէ Բաքւում մեր հայրենակիցներին դատապարտեցին՝ յաջորդ քայլով Ադրբեջանը ցուցակ է տրամադրելու ՀՀ իշխանութեանը»

«ԱԼԻՔ» – Բաքւի դատարանում շարունակւում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործով դատական նիստը։ Այդ գործընթացը լայն լուսաբանւում է ադրբեջանական լրատւամիջոցների կողմից, որոնք արդէն իսկ մեղաւոր են կարգել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին՝ տարբեր յանցագործութիւններ վերագրելով նրանց։

Արցախեան երեք պատերազմների մասնակից, ռազմական փորձագէտ Մարտին Եսայեանի բնորոշմամբ՝ Բաքւի դատարանում ընթացող գործընթացը ոչ թէ դատական, այլ Արցախի նախկին 3 նախագահներին անպայման մեղաւոր կարգելու եւ ցմահ դատապարտելու գործընթաց է։

«Ինչ-որ տեղ ես յոյս եմ փայփայում, որ որոշակի գործընթացների արդիւնքում հնարաւոր կը լինի մեր հայրենակիցներին վերադարձնել հայրենիք՝ բացի Արցախի նախկին 3 նախագահներից։

Ադրբեջանն այսօր այս գործընթացով ցանկանում է աշխարհին ցոյց տալ, թէ՝ տեսէք, արդադատութեան համար դատական գործընթաց ենք իրականացնում, եթէ այդպէս լինէր՝ մեր հայրենակիցները վաղուց արդէն հայրենիքում կը լինէին, որովհետեւ նրանց առաջադրւած մեղադրանքներն աբսուրդի ժանրից են»,- 168.am-ի հետ զրոյցում նշել է Մարտին Եսայեանը։

Նա վստահ է՝ եթէ հայը չստիպեց ՀՀ իշխանութիւններին քայլեր ձեռնարկել գերիների վերադարձի համար, ապա Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին դատապարտելուց յետոյ, Հայաստանից պահանջելու են յանձնել բոլոր այն անձանց, որոնք այս կամ այն կերպ մասնակցել են Արցախի պաշտպանական մարտերին ու Արցախի անկախութեան ակունքներում են եղել։

«Եթէ մեր հայրենակիցներին դատապարտեցին, յաջորդ քայլով Ադրբեջանը ցուցակ է տրամադրելու ՀՀ իշխանութիւններին՝ պահանջելով ցուցակում նշւած անձանց, դէ Հայաստանի իշխանութիւնն էլ կասի՝ բան չեմ կարող անել, պէտք է յանձնեմ այդ մարդկանց։

Ադրբեջանի պահւածքը նոյնիսկ շատ երկրներում նորմալ չեն ընդունում, քննադատում են Ալիեւի յայտարարութիւններն ու ասում, որ՝ «Հայաստանը ֆաշիստական երկիր չէ», բայց ՀՀ իշխանութիւնը լռում է, այսպէս չի կարելի»,- յաւելել է փորձագէտը։

Նրա խօսքով՝ իրավիճակը կարող էր կտրուկ փոխւել, եթէ Հայաստանը սկսեր շահ փնտրել ռուս-իրանական ռազմական համաձայնագրում, այդ երկրների հետ սերտ համագործակցեր։

«Բոլորս էլ տեսնում ենք, թէ այսօրւայ ՀՀ իշխանութիւնն ինչ ուղի է ընտրել, այն առհասարակ չի համընկնում Հայաստանի ու հայ ազգի շահերի հետ։ Հետեւաբար, Հայաստանի համար կարող է իրավիճակը փոխւել, եթէ փոխւի իշխանութիւնը։ Վստահ եմ, բոլորն էլ գիտակցում են, որ այս իշխանութիւնների ընտրած ճանապարհը Հայաստանը տանում է անդունդ, իրենք բռնել են «խաղաղութեան պայմանագրի» թղթից, բայց տեսնում ենք, թէ Ադրբեջանի ղեկավարն ինչ ռազմատենչ յայտարարութիւններ է անում։ Այդ երկրի ղեկավարը ռազմական գործողութիւնների է պատրաստւում, ոչ թէ խաղաղութեան։ Ալիեւն իր բնակիչներին ասում է, որ «Հայաստանը ֆաշիստական երկիր է, ուստի պէտք է ոչնչացնել», այս ամէնը հասկանալ է պէտք»,- ընդգծել է Մարտին Եսայեանը։

Նա նաեւ ընդգծել է՝ հայ ազգը ներքին ու արտաքին ուժերին, միջազգային կառոյցներին պէտք է մշտապէս ներկայացնի Բաքւում ընթացող գործընթացների մասին, ստիպի նրանց հետեւողական լինել։
«Կրկնում եմ՝ եթէ գործուն քայլեր չձեռնարկեն, այս գործընթացը վատ է աւարտւելու, յատկապէս Արցախի նախկին 3 նախագահների դէպքում, ինչը ես մեծ մասամբ կապում եմ ՀՀ իշխանութիւնների հետ ձեռք բերած պայմանաւորւածութիւնների հետ։ Այսքանը»,- շեշտել է Մարտին Եսայեանը։

Related Articles

Back to top button