ԻրանՀայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Շիրազ Խաչատրեան. «Աշխարհաքաղաքական կարեւորութիւն ունեցող ճանապարհի վերահսկողութիւնն ինչ-որ մասնաւոր ընկերութիւնների տրամադրելու գաղափարի հետեւում ուժային խոշոր կենտրոններից որեւէ մէկն է կանգնած»

Վերջերս Ռուսաստանի անվտանգութեան խորհրդի քարտուղար Սերգէյ Շոյգուն Իրանի իր գործընկերոջ՝ Ալի Աքբար Ահմադիանի հետ հանդիպման ժամանակ յայտարարել էր, որ «Ռուսաստանը հաւատարիմ է Զանգեզուրի շուրջ Իրանի հետ նախկին պայմանաւորւածութիւններին»: Չնայած սրան, իրանական կողմից շարունակում են զգուշացումները, որ Իրանը մտադիր չէ հրաժարւել, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ի հարցում իր դիրքորոշումից եւ թոյլ չի տայ սահմանների փոփոխութիւն:

Նշենք, որ Ռուսաստանը կոմունիկացիաների ապաշրջափակումը տեսնում է 2020 թւականի նոյեմբերի 9-10-ի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ յայտարարութեան շրջանակում, ինչի մասին եւս մէկ անգամ յիշեցրել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսէյ Օվերչուկը, ում սեպտեմբերի 13-ին ընդունել էր Նիկոլ Փաշինեանը:

Իսկ թէ Շոյգուն ի՞նչ պայմանաւորւածութեան մասին է խօսում Թեհրանի հետ ունեցած, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերեալ, երբ Իրանը բացառում է ցանկացած միջանցք, ցանկացած մէկի կողմից վերահսկւող, 168.am-ը փորձել է պարզել «Յենակէտ» վերլուծական կենտրոնի փորձագէտ Շիրազ Խաչատրեանի հետ զրոյցում:

«Չնայած իր խօսքում Ռուսաստանի պաշտօնեան ասել է, որ Մոսկւան հաւատարիմ է Զանգեզուրի հետ կապւած Թեհրանի հետ նախկին պայմանաւորւածութիւններին, չնայած ՌԴ կողմից հնչում են կարծիքներ առ այն, թէ անհրաժեշտ բոլոր պարզաբանումները տրամադրւել են իրանական կողմին «Զանգեզուրի միջանցք»-ի թեմայի վերաբերեալ, այնուհանդերձ, ակնյայտ երեւում է՝ այս հարցում Ռուսաստանի եւ Իրանի հակադրութիւններն արդէն դուրս են գալիս դիւանագիտական քննարկումների դաշտից եւ սկսում են հրապարակային բնոյթ կրել, որտեղ իւրաքանչիւրը փորձում է առաջ մղել սեփական շահերը։

Իրանական կողմը լուրջ մտահոգութիւններ ունի, որ Ռուսաստանը՝ անկախ բազմաթիւ հաւաստիացումներից, պատրաստւում է կոնկրետ քայլեր ձեռնարկել Սիւնիքով անցնող երթուղու իրագործման ուղղութեամբ, այդ պատճառով էլ անընդհատ շեշտում է իր կարմիր գծերի մասին։ Իրանի անհանգստութիւնն այն է, որ 44-օրեայ պատերազմից, Արցախի օկուպացիայից յետոյ, եւ ռուս-ուկրաինական պատերազմի այս ժամանակահատւածում տարածաշրջանային սուբիեկտների միջեւ վերադասաւորումներ են տեղի ունեցել, ու ի վնաս իրեն, այսինքն, իր հիւսիսային սահմանների ուղղութեամբ փաստացի վտանգները շատացել են։

Այո, Թեհրանը յայտարարում է՝ կողմ է, որ միջանցքի վերահսկողութիւնը լինի Հայաստանի կողմից, բայց նաեւ տեսնում է, որ Հայաստանը շատ թոյլ է իր տարածքային ամբողջականութիւնն ու ինքնիշխանութիւնը պահպանելու հարցում: Եւ հասկանում է, որ Արեւմուտքի ու Ռուսաստանի կողմից վարւող «փափուկ» քաղաքականութեան շնորհիւ Հայաստանն անընդհատ նոր զիջումների է գնում, դրա համար էլ Իրանը նոյնիսկ տնտեսական, ռազմատեխնիկական սերտ համագործակցութիւն ունեցող «բարեկամ» Ռուսաստանի հետ փորձում է կոշտ բառապաշարով խօսել։

Տարածաշրջանային խոշոր խաղացողներն ակտիւացրել են իրենց գործունէութիւնը Հարաւային Կովկասում, բնականաբար, ամէն մէկն իր շահերից ելնելով է փորձում անվտանգային համակարգը կառուցել այստեղ, բայց դերակատարների միջեւ չկայ եւ չի էլ ստացւում միասնական մօտեցում «Զանգեզուրի միջանցք»-ի հարցի շուրջ, դրա համար էլ իրավիճակը գնալով էլ աւելի է բարդանում»,- նշել է փորձագէտը:

– Իրանական շրջանակները եւ աղբիւրներն ասում են, որ Իրանն ինտենսիւօրէն առաջ է տանում «Արաքսի միջանցք» տարբերակը, որն անցնում է Իրանով եւ վերահսկւելու է իր կողմից: Սա կարո՞ղ է իրականում այլընտրանք դիտարկւել «Զանգեզուրի միջանցք»-ին:

– Իրանը փորձում եւ աշխատում է այդ ուղղութեամբ։ Իրանցիների պատկերացմամբ, «Արաքսի միջանցք»-ի գործարկմամբ կարող են հակազդել «Զանգեզուրի միջանցք»-ի շուրջ ծաւալւող գործընթացներին, բայց պարզ է, չէ՞, որ այդ ամէնը հասկանում են նաեւ Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք յաւակնոտ եւ հետեւողական քաղաքականութիւն են փորձում վարել իրենց համար ստեղծւած նպաստաւոր այս ժամանակահատւածում՝ իրենց աշխարհաքաղաքական նախագծերը կեանքի կոչելու համար:

Պարզ է, չէ՞, որ արեւմտեան դերակատարները կամ Ռուսաստանը չեն սպասելու եւ իրենց միջնաժամկէտ ու երկարաժամկէտ որոշումներն ունեն տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխութիւնների հետ կապւած։

Որքան էլ Իրանը խօսի իր տարածքով Ադրբեջանն ու Նախիջեւանը կապող «Արաքսի միջանցք»-ի շուտափոյթ գործարկման մասին, փորձի ժամանակ շահել, դիւանագիտական հնարքներ կիրառել, «Զանգեզուրի միջանցք»-ին որպէս այլընտրանք դիտարկել այդ ճանապարհը, այնուհանդերձ, Սիւնիքով անցնող միջանցքային տրամաբանութեամբ երթուղի ունենալու ակնկալիքը շարունակում է օրակարգային մնալ ե՛ւ արեւմտեան դերակատարների, ե՛ւ Թուրքիայի ու Ադրբեջանի, ե՛ւ Ռուսաստանի աշխարհաքաղաքական ծրագրերում։

– Ի դէպ, երբ Ռուսաստանը որոշեց վերադառնալ ապաշրջափակման գործընթացի կողմ լինելու իր լեգիտիմ իրաւունքին, Նիկոլ Փաշինեանն ակտիւացրեց իր մեկնաբանութիւնները եռակողմ յայտարարութեան 9-րդ կէտի, որտեղ ՌԴ-ին դեր կայ յատկացւած: Աւելին, Փաշինեանը բանաւոր խմբագրեց նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան՝ ապաշրջափակման մասին 9-րդ կէտը՝ «վերահսկողութիւնը» դարձնելով «մոնիտորինգ», եւ մասնաւոր ընկերութեան ներգրաւման մասին թեմա բացւեց: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյեանն էլ սկսեց վստահեցնել, որ պահնորդական ընկերութեան ներկայացուցիչներն ընդամէնը գնացքում ուղեկցելու են բեռներն ու մարդկանց, ոչ թէ տեղակայւելու երկաթուղու երկայնքով: Իրականում պահնորդական կամ մասնաւոր ընկերութեան ներգրաւումն ի՞նչ ռիսկեր է պարունակում:

– Վերջին ժամանակաշրջանում ռուսական կողմի ակտիւ քաղաքական, քարոզչական եւ դիւանագիտական շարժերը յուշում են, որ Մոսկւան թերեւս փորձում է ցոյց տալ, որ չի պատրաստւում հեռանալ տարածաշրջանից, ձգտում է իր ազդեցութիւնը պահպանել ռեգիոնում ու խօսում է այն հարցերից, որոնք կարող են օրակարգային դարձնել իր եւ հարեւան պետութիւնների ծրագրերում։ Դրանցից ամենակարեւորը ձեր նշած նոյեմբերի 10-ի պայմանագրով ռուսական կողմին վերապահւած պարտաւորութիւններին անցնելու հարցն է։ Բազմիցս խօսել ենք այս հարցի առնչութեամբ։ Այն հանգամանքը, որ եռակողմ յայտարարութեան գրեթէ բոլոր դրոյթները խախտւել են նաեւ ՌԴ սխալ հաշւարկների, քայլերի պատճառով, եւ դրա հետեւանքով ուղղակի փոխւել է տարածաշրջանային անվտանգութեան ողջ համակարգը, լուրջ մտահոգութիւններ եւ հիմքեր են տալիս կողմերին կասկածելու Ռուսաստանին վերապահւած իրական պարտականութիւնների կատարման հարցում։ Արցախի սցենարը բոլորի աչքի առաջ է։

Իսկ ինչ վերաբերում է հնարաւոր երթուղու վերահսկողութիւնը պահնորդական կամ մասնաւոր ընկերութիւններին տրամադրելու հարցին, կարող եմ ասել, որ աշխարհաքաղաքական կարեւորութիւն ունեցող այս ճանապարհի վերահսկողութիւնն ինչ-որ մասնաւոր ընկերութիւնների տրամադրելու գաղափարի հետեւում դարձեալ ուժային խոշոր կենտրոններից մէկն է կանգնած։

Քարոզչական առումով իմիտացիաներ են կառուցում, թէ իբր Հայաստանում որեւէ դերակատարի ներգրաւում չկայ, բայց դրանից ամբողջ գորշ եւ վտանգաւոր պատկերը չի փոխւում. դերակատարներից որեւէ մէկի ազդեցութիւնը մեծանալու է:

Կարծում եմ, պահնորդական ընկերութեան ներգրաւումն աւելի շատ ամերիկեան նախաձեռնութիւն է:

Այսինքն, չի կարող «Մարսից իջած» ինչ-որ պահնորդական ընկերութիւն լինի, Հայաստանն էլ ինքնուրոյն որոշում կայացնի եւ չլսի ու չենթարկւի աշխարհաքաղաքական դերակատարներից որեւէ մէկին:

Պարզ է, որ իմիտացիա է, եւ այս դէպքում, եթէ ՌԴ առաջարկութիւնը չի, քանի որ նա ասում է՝ ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայութեան մարմինները պիտի լինեն, եւ հիմա որպէս դրան այլընտրանք՝ ԱՄՆ առաջարկն է առաջ մղւում, եւ մասնաւոր ընկերութեան ներգրաւմամբ փորձ է արւում փրկել Հայաստանի դէմքը, որ ոչ ռուսական զօրք կայ, ոչ թուրքական, ոչ ադրբեջանական, ոչ ամերիկեան, ոչ էլ իրանական: Սրան զուգահեռ՝ Իրանի ճանապարհն են փակում, իրենց երթուղին են մինչեւ Կենտրոնական Ասիա գծում, ՌԴ-ին էլ դուրս են թողնում:

Այնպէս որ, գեղեցիկ փաթեթաւորմամբ, ժամանակ առ ժամանակ ինչ-որ լուծումներ են փորձում առաջ մղւել, բայց այդ ամէնից տարածաշրջանում Հայաստանի շուրջ ծաւալւող իրական սպառնալիքները չեն պակասում։

– Անընդհատ խօսում ենք Սիւնիքի մասին, մոռանում ենք Նախիջեւանի մասին, ի՞նչ կարեւորութիւն ունի այն Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, ի վերջոյ, այստեղ Իրանի ազդեցութեան հարց կայ եւ այլն:

– Նախիջեւանի եւ Սիւնիքի կարեւորութիւններն առանձնայատուկ են․ Սիւնիքը կարեւոր աշխարհաքաղաքական խաչմերուկ է, որտեղ բոլոր խոշոր դերակատարների շահերն անմիջական բախման մէջ են յայտնւում։ Բազմիցս ենք խօսել Սիւնիքի գերկարեւորութեան մասին։ Բայց այնպէս չէ, որ Նախիջեւանի կարեւորութիւնն աշխարհաքաղաքական պրոյեկտներում շատ աւելի նվազ է։

Եթէ մինչ 2020 թ. Նախիջեւանը կարելի էր համարել աւելի շատ Թուրքիայի պրոտեկտորատ, ապա 2020 թ.-ից յետոյ եւ յատկապէս՝ Արցախի վերջնական օկուպացիայից յետոյ, երբ ձեւաւորւեցին տարածաշրջանային նոր իրողութիւններ, նոր աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական հաղորդակցութեան նախագծերում Նախիջեւանի աշխարհաքաղաքական դերակատարութիւնը կտրուկ մեծացաւ։

Ճիշտ է՝ ներկայ պահին Ադրբեջանն իր էքսկլաւ Նախիջեւանի հետ կապ հաստատելու համար կախում ունի իրանական պետութիւնից, բայց թուրքական երկու պետութիւնների համար տարածաշրջանում «նպաստաւոր» իրողութիւններ են ստեղծւել պանթուրանական քաղաքական նախագիծն աւարտին հասցնելու համար։ Այնպէս որ, «Զանգեզուրի միջանցք»-ը կամ Նախիջեւանի միջանցքն այսօր կարելի է դիտարկել մէկ հարթութեան մէջ, որը քաղաքական արժէքաւոր նախագիծ է՝ միտւած սպասարկելու պանթուրանական աշխարհաքաղաքական շահերն ու ծրագրերը։

Զրոյցը՝ ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍԵԱՆԻ

Related Articles

Back to top button