Եթէ Հայաստանը մասնակցի COP29-ին, կը նշանակի՝ պաշտօնապէս մասնակցում է Բաքւի ցեղասպան քաղաքականութեանը
«Եթէ Երեւանը, յատկապէս բարձր մակարդակով, մասնակցի Բաքւի COP29 համաժողովին, ապա կը նշանակի, որ Հայաստանը պաշտօնապէս մասնակցում է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականութեանը», AlphaNews-ին տւած հարցազրոյցում նշեց Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի հանրային կապերի եւ հաղորդակցութեան պատասխանատու Սարինէ Աբրահամեանը:
Նշենք, որ Բաքւից կրկին խօսել են նոյեմբերին կայանալիք COP29 համաժողովին Հայաստանի մասնակցութեան մասին։ Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար, COP29-ի գործադիր տնօրէն Էլնուր Սուլթանովն ասել է, որ ակնկալում են՝ Հայաստանն էլ կը մասնակցի։ Աւելի վաղ ԱԳ նախարարի անունով պաշտօնական հրաւէր է ստացւել։ Փաշինեանի կառավարութիւնն առայժմ չի արձագանգել հրաւէրին, սակայն բոլորովին բացառւած չէ, որ հրաւէրը կընդունեն:
Ի՞նչ կը նշանակի դա, ի՞նչ հետեւանքներ կունենայ հայկական շահերի համար։ Սարինէ Աբրահամեանը, պատասխանելով հարցին, ընդգծում է.
«Հայաստանն իր մասնակցութեամբ կը հաստատի Ադրբեջանի քաղաքականութիւնը, Ադրբեջանի պնդումները, թէ Ադրբեջանն է շահագրգռւած, որ խաղաղութիւն կնքւի, եւ հայկական կողմն է խնդիր հանդիսանում, հայկական կողմն ունի տարածքային պահանջներ: Վտանգաւոր է Հայաստանի արտգործնախարարի մակարդակով կամ այլ ձեւաչափով այդ միջոցառմանը մասնակցելը»:
Յիշեցնենք ՝ օգոստոսի 23-ին Եւրոմիութիւնը կոչ է արել Ադրբեջանի իշխանութիւններին նոյեմբերին Բաքւում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխութեան համաժողովի անցկացման նախաշեմին Հայաստանի հետ խաղաղութեան պայմանագիր ստորագրել: Ինչո՞ւ է ԵՄ-ն շտապում: ԵՄ-ում կարծում են, թէ Բաքւի պահանջներով ու պայմաններով խաղաղութեան պայմանագիր է լինելու, որ այն բխելու է ՀՀ շահերի՞ց: Եւ ի վերջոյ, ԵՄ-ն հիմա դիրքաւորւում է որպէս ՀՀ գործընկեր, դաշնակից, այդ գործընկերութիւնն էլ իր սահմաններն ունի՞: Հարցին պատասխանելով՝ Սարինէ Աբրահամեանը նշում է.
«ԵՄ-ում հաւատացած են, որ ինչ գնով էլ լինի, Հայաստանը պէտք է գնայ այդ խաղաղութեան պայմանագրի ստորագրմանը, թէկուզ Հայաստանի կողմից մեծ զիջումներով: ԵՄ-Հայաստան յարաբերութիւնների սահմանների մասով՝ ակնյայտ է, որ այդ յարաբերութիւնները պայմանաւորւած են Ռուսաստանի եւ Եւրոմիութեան միջեւ հակամարտութեան եւ պայքարի հանգամանքով: Մեզ բոլորիս համար պէտք է յստակ լինի, որ Եւրոմիութեան յարաբերութիւնները Հայաստանի հետ հետապնդում են Բրիւսէլի սեփական շահերը»:
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի մարմինը Լիբանանում հաւատարմագրւած 44 երկրների դեսպանների նամակ է յղել, որում նշւում է՝ COP29-ը տեղի է ունենալու մի երկրում, որն էթնիկ զտում է իրականացրել Արցախում, որը շարունակում է իր բանտերում պահել հայ պատանդներին, ռազմագերիներին, որը ողբալի բնապահպանական աղէտի երկիր է: Լիբանանում Կանադայի դեսպանից ստացւել է պատասխան նամակ, որում նշւած է՝ «Հայաստանը համաձայնութիւն է տւել Բաքւում COP29-ի անցկացմանը»:
Հարցին, թէ «Լիբանանում հայ համայնքի կշիռն ու ուժը յայտնի է, Փաշինեանի համաձայնութիւնները յանձնում են նաեւ Սփի՞ւռքը», Սարինէ Աբրահամեանը նշում է. «Քանի դեռ Փաշինեանի վարած կործանարար քաղաքականութիւնը շարունակւում է, Սփիւռքի տարբեր կառոյցները՝ Լիբանանում, ԱՄՆ-ում, թէ Բելգիայում կը շարունակեն բարձրաձայնել հայկական հարցերը»:
Արցախի ԱԺ խմբակցութիւնները եւս յայտարարութիւն են տարածել, նշելով, որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխութեան համաժողովին մասնակցելու հրաւէր ունեն տարբեր երկրների ղեկավարներ, պաշտօնական պատւիրակութիւններ, միջազգային կազմակերպութիւնների պատասխանատուներ եւ բազմաթիւ լրագրողներ: Միանգամայն ակնյայտ է, որ Բաքուն այդ համաժողովն օգտագործում է՝ մոլորեցնելու համաշխարհային հանրութեանը եւ շեղելու հանրային կարծիքը իր երկրի էութեան հետ շաղկապւած ոճրագործութիւններից։
Կասկածից վեր է նաեւ, որ նշւած համաժողովին հրաւիրւած պաշտօնեաների եւ կառոյցների անտարբեր մօտեցումը Ադրբեջանի ոճրագործութիւնների նկատմամբ այդ երկրի ղեկավարութեան կողմից դիտարկւելու է որպէս քաջալերանք՝ իրականացւած ու շարունակւող յանցագործութիւնների:
Արցախի Աժ-ն կոչ է անում համայն հայութեանը եւ տարածաշրջանի խաղաղութեամբ շահագրգիռ երկրներին, կազմակերպութիւններին ու անհատներին միանալ Հայ Դատի կենտրոնական գրասենեակի եւ Միջազգային քրէական դատարանի գլխաւոր դատախազ Լուիս Մորէնօ Օքամփոյի սկսած արշաւին՝ տեղեկատւական դաշտում, սոցիալական ցանցերում եւ անհատական հաղորդակցութիւններով բացայայտել Ադրբեջանի նենգ մտադրութիւնները եւ սթափութեան կոչ յղել միջազգային հանրութեանը:
Ուշադրութիւն դարձնո՞ւմ է միջազգային հանրութիւնը Արցախի ԱԺ յայտարարութիւններին, կա՞ն Եւրոպայում անձեր, շրջանակներ, որոնց համար Արցախի հարցը փակ չէ:
«Հայ Դատի յանձնախմբերը եւրոպացի տարբեր պատգամաւորների եւ քաղաքական գործիչների բազմիցս փաստահաւաք այցերով հրաւիրել են Արցախի Հանրապետութիւն, որտեղ նաեւ ծանօթացել, շփումներ են ունեցել Արցախի ԱԺ պատգամաւորների հետ: Հիմա յետեւում են յայտարարութիւններին: Պէտք է ամէն ինչ անենք, որ բոլոր այս յայտարարութիւնները լսելի դառնան, որովհետեւ դրանք նաեւ արտայայտում են արցախահայութեան քաղաքական կամքը: Այս առումով, որպէս Հայ Դատի յանձնախմբեր, մեր պարտականութիւնն է լսելի դարձնել այդ յայտարարութիւնները:
Անհատների, խորհրդարանների մակարդակով կայ դիրքորոշումը, որ փակ չէ Արցախի հարցը: Շատ քաղաքական գործիչներ եւ քաղաքական շրջանակներ հասկանում են նաեւ, թէ որքան կարեւոր են արցախահայութեան իրաւունքները, նաեւ վերադարձի իրաւունքը պաշտպանել: Միայն այդ կերպ հնարաւոր կը լինի իրական եւ երկարատեւ խաղաղութիւն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»,- նշում է Սարինէ Աբրահամեանը: