Դաւիթ Ջամալեան. «Փաշինեանը փորձում է սպասւող երկրորդ կապիտուլեացիան մատուցել»
ՀՀ ԱԺ-ում Կառավարութեան հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինեանն անդրադարձաւ նաեւ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում Ադրբեջանի ղեկավարի հետ ունեցած զրոյցի որոշ մանրամասներին։ Նա գոհունակութիւն յայտնեց իր եւ ընդլայնւած կազմով Ադրբեջանի նախագահի հետ շփումների վերաբերեալ՝ ընդգծելով, որ Ալիեւի հետ վաղուց կամ առհասարակ նման երկար շփում չէր ունեցել։
«Ամենակարեւոր հատւածն իմ տեսակէտից այն է, որ միտք է հնչել, եւ ես կարծում եմ՝ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղ համակեցութեան ու խաղաղ գոյակցութեան համար ունեն ոչ միայն խաղաղութեան ու տարբեր պայմանագրերի կարիք, այլեւ ունեն ռազմավարական գործարք կնքելու կարիք, այն մասին, թէ ինչ բանաձեւերի շրջանակներում են առաջիկայ 100 տարիներում, որպէս անկախ պետութիւններ, իրար կողք-կողքի ապրելու։ Կարծում եմ՝ սա ամենաֆունդամենտալ ու կարեւոր հարցն է»,- իր խօսքում նշել էր Նիկոլ Փաշինեանը։
Ըստ նրա, անձամբ նշւած ռազմավարական գործարքի վերաբերեալ ունի որոշակի պատկերացումներ, որը յենւում է իրական Հայաստանի հայեցակարգի վրայ։
Ռազմական փորձագէտ Դաւիթ Ջամալեանը Նիկոլ Փաշինեանի այս յայտարարութիւնը համարում է ցնդաբանութիւն, քանի որ կարծում է՝ Ադրբեջանն ինչ-որ ռազմավարական դաշինքով չի գնալու խաղաղ համակեցութեան։
«Նիկոլ Փաշինեանի այս «մտքի փայլատակումից» առաջին ռեակցիան, որ ունեցայ՝ այն է, որ սա ուղղակի ցնդաբանութիւն է։ Բայց հաշւի առնելով, որ կապիտուլեանտը մեդիամանիպուլիացիաների, հանրութեանը մոլորեցնելու, խաբելու մեծագոյն վարպետ է, հասկանում եմ, որ սա ցնդաբանութիւն որակելը տեղին չէ։ Տւեալ դէպքում Նիկոլ Փաշինեանը փորձում է սպասւող երկրորդ կապիտուլեացիան հանրութեանը մատուցել Ադրբեջանի հետ «ռազմավարական դաշինք» փաթեթաւորմամբ։ Այստեղ քաղաքագիտական, ռազմական գիտելիքներ պէտք չեն՝ հասկանալու համար, որ ռազմավարական դաշինքները ստորագրւում են հաւասարը հաւասարի հետ, շահերի համընկնելու տրամաբանութեան ներքոյ։ Հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական յարաբերութիւններում շահերի համընկնում չկայ»,- 168.am-ի հետ զրոյցում նշել է Դաւիթ Ջամալեանը։
Ըստ փորձագէտի՝ նաեւ քաղաքագիտական ու ռազմական գիտելիքներ պէտք չէ ունենալ՝ հասկանալու համար, որ թուրք-ադրբեջանական տանդեմի միակ շահն ու ձգտումը Հայաստանին՝ որպէս սուբիեկտի, իսպառ ոչնչացնելն է։
Դաւիթ Ջամալեանը չգիտի, թէ Նիկոլ Փաշինեանի այս խօսքերին քանի հոգի են հաւատացել, բայց յստակ է՝ այս բոլոր յայտարարութիւններն ուղղւած են մարդկանց մոլորեցնելուն։ Նպատակը նաեւ մարդկանց դժգոհութիւնների հնարաւոր ալիքը կանխելն է՝ կապւած Ադրբեջանի պահանջների, նրա վարած քաղաքականութեան հետ։
«Որպէսզի լաւ պատկերացնենք ադրբեջանական կողմի լկտիութիւնը, ասեմ, որ երէկ ռուսական մի շարք տելեգրամեան ալիքներ գրել էին, թէ ինչպէս են ադրբեջանցիները ռուսական ուսումնական հաստատութիւններում կոչ արել «կոտորել ռուսներին», սա ուկրաինական կարգախօս է։ Ռուսական տելեգրամեան ալիքներում հիմա մեծ աղմուկ է։ Հիմա, եթէ ադրբեջանցիները նման բան են անում Մոսկւայում, մենք ինչպէ՞ս ենք համակեցութիւն ապահովելու լկտիացած թուրքի հետ։
Մենք, իհարկէ, կը վերականգնւենք, բայց այս պահին յատակին ենք, քանի որ երկրի ղեկավարը մշտապէս աւելի ու աւելի է խորացնում ճգնաժամը։ Եթէ լինի այդ դաշինքը, եւ այս անձը ՀՀ-ում մնայ իշխանութեան, մենք տեսնելու ենք Հայաստանի յարաճուն թրքացում»,- շեշտել է ռազմական փորձագէտը։
Միաժամանակ Դաւիթ Ջամալեանն ընդգծել է, որ Նիկոլ Փաշինեանն իր ընտանեկան «Հայկական ժամանակ» թերթի ոճով մանիպուլացնում է ամէն ինչ, ինչը նրա մօտ լաւ է ստացւում։
«Գուցէ Նիկոլ Փաշինեանի համար թուրքերի հետ խաղաղ համակեցութիւնն ինչ-որ տեղ հնարաւոր է, որովհետեւ թրքասէր է»,- եզրափակել է Դաւիթ Ջամալեանը։
Զրոյցը՝ ԶՒԱՐԹ ԽԱՉԱՏՐԵԱՆԻ