Արա Մարջանեան. «Ադրբեջանը գազ չունի Հայաստանին վաճառելու համար. դա լինելու է թուրքմենական գազ, բայց…»
«ԱԼԻՔ» – 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում Սաթիկ Սէյրանեանն էներգետիկայի հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագէտ Արա Մարջանեանից հետաքրքրւել է, թէ ադրբեջանական գազն արժէ՞ այնքան, որ Հայաստանը խզի իր յարաբերութիւններն իր երկու ռազմավարական դաշնակիցների՝ Իրանի եւ Ռուսաստանի հետ։
«1990-ականների վերջից աշխարհաքաղաքական քլինթոնեան մեծ գործարքի շրջանակներում վերին աստիճանի ակտուալ էր Վրաստանի պոկումը Ռուսաստանից ու նրանց բերումը թուրք-ադրբեջանական դաշտ։ Այդ ծրագիրն իրագործելու համար անհրաժեշտ էր Վրաստանն ապահովել գազով, եւ Ադրբեջանը սկսեց գազ մատակարարել Վրաստանին։ Բայց դա ի՞նչ գազ էր։ Ադրբեջանն այդքան գազ չունի, իր իսկական գազը նա բարձր գներով 100%-ով վաճառել է Եւրոպային։ Վրաստանին մատակարարւողը ոչ թէ բնական գազ էր, այլ յարակից գազ։ Արդիւնքում՝ ընկաւ ադրբեջանական Ազերի-Չերագ-Գիւնեշլի նաւթագազային հանքավայրերի արդիւնահանման մակարդակը։ Բաքու-Թբիլիսի-Ջէյհան ծրագրի ֆինանսական ձախողումը պայմանաւորւած էր նրանով, որ աշխարհաքաղաքական որոշում կար՝ Վրաստանը կտրել Ռուսաստանից ու նրան մատակարարել ադրբեջանական գազ։
Նոյնն է իրավիճակն այսօր Հայաստանի մասով։ Հայաստանին Ադրբեջանը գազ չի կարող մատակարարել, որովհետեւ ինքը գազ չունի։ Հաւանաբար խօսքը թուրքմենական գազի մասին է լինելու։ Հետեւաբար՝ Ադրբեջանից գազ ստանալու գինը ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Իրանի հետ յարաբերութիւնների խզումն է լինելու։ Արդեօ՞ք ադրբեջանական գազն արժէ այնքան, որ Հայաստանը խզի իր յարաբերութիւններն իր երկու ռազմավարական դաշնակիցների՝ Իրանի եւ Ռուսաստանի հետ։ Կարծում եմ՝ չարժէ՛։ Պէտք է մտածել Իրանի հետ նոր գազային պայմանագիր կնքելու մասին ու Իրանից ներկրել 1-1.5 միլիարդ խորանարդ մետր գազ, արտահանել մօտ 3 միլիարդ կվտժ էլեկտրաէներգիա։ Դա Հայաստանի համար շատ աւելի հեռանկարային կարող է լինել»,- ասել է փորձագէտը:
Արա Մարջանեանը յիշեցրել է, որ Հայաստանը տասնամեակներ շարունակ վարում էր հաւասարակշռւած արտաքին քաղաքականութիւն՝ «ե՛ւ-ե՛ւ»-ի քաղաքականութիւն։ Ժամանակն է վերադառնալ դրան, ինչպէս հիմա անում է Վրաստանը։
«Իրանական գազի կալորիականութիւնը որակական առումով մի փոքր տարբերւում է ռուսական գազից, բայց դա մեծ խնդիր չէ։ Այո, Իրանի հիւսիսային շրջանները գազի խնդիր ունեն, սակայն Հայաստանին տրամադրւող գազի ծաւալներն այնքան չեն, որ խնդիրներ առաջացնեն Իրանի ներքին կեանքի համար։ Կրկնում եմ՝ ինչ էլ կատարւի աշխարհում, Հայաստանի համար առաջնահերթութիւն է Որոտանի Կասկադի, ատոմակայանի՝ նոր ատոմային բլոկի, Մեղրիի ու Ռուշտոբի ՀԷԿ-երի, իրանական էներգաբլոկի կառուցումը»,- նշել է փորձագէտը: