Հայաստան - Արցախ

2024 թւականի սոցիալ-տնտեսական ամփոփում

ԹԱԴԷՈՍ ԱՒԵՏԻՍԵԱՆ

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

 

Բարեկեցիկ ապրելու եւ կեանքի որակը բարելաւելու վերաբերեալ օրւայ իշխանութեան խոստումներն անդառնալիօրէն խզւում են իրականութիւնից։

Արդէն հնամաշ եւ նոյնաբովանդակ, անսահման պոպուլիստական եւ իրականում սուտ խոստումների նոր փաթեթաւորումներն են.

«Խաղաղութեան խաչմերուկ», «որտեղ հաց, այնտեղ կաց», «հարկ վճարողը հերոս է, ոչ թէ տուգանքի մատերիալ», «նպաստից դէպի աշխատանք, աղքատութեան կրկնակի կրճատում, ծայրայեղ աղքատութեան վերացում», «պետական բիւջէն իւրաքանչիւրի ընտանեկան բիւջէն է», «տարեկան առնւազն 7 տոկոս տնտեսական աճ», «տնտեսական կառուցւածքի բարելաւում», «արտաքին տնտեսական կախւածութեան թուլացում եւ դիւերսիֆիկացիա», «պետական ծախսերի արդիւնաւէտութեան բարձրացում»։

Իսկ հիմա ներկայացնենք իրականութիւնը՝ բացասական խորացող միտումներով եւ անորոշութիւններով։

1 Տնտեսական անվտանգութեան աճող ռիսկեր

Օդում կախւած է պատերազմի սպառնալիքը։ Ռազմական էսկալացիայի պարբերական գործադրումները, իշխանութիւնների աշխարհաքաղաքական անհեռատեսութիւնը եւ կեղծ օրակարգերի առաջ մղումը ունեն տնտեսական անվտանգութեան բացասական կայուն հետեւանքներ։ Ադրբեջանական օկուպացիայի տակ են ՀՀ 31 ոչ անկլաւային գիւղերի կենսական նշանակութեան աւելի քան 200 քառակուսի կմ տարածքներ։ Թշնամին կրակում է օտարերկրեայ կապիտալով նոր ստեղծւած ձեռնարկութեան վրայ, որի հետեւանքով Հայաստանի ինքնիշխան տարածքից այդ ձեռնարկութիւնը տեղափոխւում է՝ առաջացնելով տնտեսական անվտանգութեան լրջագոյն ռիսկեր։ Հանքարդիւնաբերական նշանակութեան տարածքի օկուպացիան եւ նոր ռազմական էսկալացիայի իրական վտանգը խաթարել են այդ հանքերի բնականոն շահագործումը, որի հետեւանքով կրճատւել են տասնեակ աշխատատեղեր, միլիոնաւոր դրամի պետական բիւջէի մուտքեր, խորացել են այդ սահմանամերձ բնակավայրերի սոցիալական խնդիրներն ու արտագաղթի ռիսկը։ Հանրապետական նշանակութեան ճանապարհների կարեւորագոյն հատւածներ գտնւում են թշնամու զինւած ուժերի ուղիղ նշանառութեան տակ՝ անվտանգային անկանխատեսելի ռիսկերով։

2 Տնտեսական աճի ներուժի կրճատում

Նախորդ երկու տարիներին երկնիշ տնտեսական աճի առիւծի բաժինը ռուս-ուկրաինական հակամարտութեամբ պայմանաւորւած արտաքին, պատահական գործօնի աւարտւող ազդեցութեամբ էր։ Կարճաժամկէտ այս հնարաւորութիւնը վերանում է եւ այդպէս էլ չաւելացրեցին տնտեսական աճի երկարաժամկէտ հնարաւորութիւնները։ Հակառակը՝ առաջ են եկել մակրոտնտեսական անկայունութեան նոր ռիսկեր՝ պետական պարտքի առաջանցիկ աճ, օտարերկրեայ ներդրումների «փախուստ», հարկային մուտքերի աճող թերակատարում՝ ստիպւած հարկային բեռի աւելացում եւ հարկային տեռորի դրսեւորումներ, սոցիալապէս անապահովների իրական եկամուտների նւազում եւ այլն։

Իսկ այս տարի արդէն առնւազն 7 տոկոսանոց տնտեսական աճի ապահովման խոստումը չի իրականանալու։ 2024 թւականի առաջին եռամսեակում ՀՆԱ-ի աճը կազմել է 6,6 տոկոս, որը կայուն նւազելով՝ երրորդ եռամսեակում դարձել է 5,2 տոկոս։ Այս տեմպերը պահպանւելու դէպքում տարին կամփոփւի լաւագոյնը՝ շուրջ 5 տոկոս ՀՆԱ-ի աճի ցուցանիշով։

2025 թւականի պետական բիւջէի հիմքում սկզբնապէս դրել էին 5,6 տոկոս աճի ցուցանիշը, իսկ երկու շաբաթ անց այն նւազեցւեց՝ դառնալով 5,1 տոկոս, որն արդէն իսկ շուրջ 2,5 անգամ զիջում է 2022-2023 թւականներին արձանագրւած տնտեսական աճերի փաստացի ցուցանիշներին։ Ի դէպ, հեղինակաւոր միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպութիւնների կանխատեսումը նոյնիսկ այս նւազեցւած ցուցանիշից աւելի ցածր է։

3 Տնտեսական կառուցւածքի բացասական միտումներ

Այս տարւայ առաջին կիսամեակում ռուսական ոսկու վերարտահանման արդիւնքում ձեւաւորւած՝ արդիւնաբերութեան ոլորտի 18,2 տոկոսանոց աճի ցուցանիշը, 3,5 անգամ նւազելով, հոկտեմբերին դարձել է 5,3 տոկոս։ Ի դէպ, իշխանութիւնն այս բարձր ցուցանիշով շատ էր հպարտանում՝ անտեսելով այն փաստը, որ առանց ոսկու վերարտահանման այդ նոյն ժամանակահատւածում գրանցւել էր արդիւնաբերութեան ոլորտի անկում։

2024 թւականի բերքահաւաքի հիմնական շրջանում՝ երրորդ եռամսեակում գիւղատնտեսութեան ոլորտը նորից գրանցել է անկում։

2024 թւականի յունւար-հոկտեմբերին տեղեկատւութեան եւ կապի, այդ թւում՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի անկումը շարունակաբար խորանալով՝ հոկտեմբերին կազմել է 11 տոկոս։

Այս նոյն ժամանակահատւածում երկնիշ աճում է խաղամոլութեան ոլորտը՝ դառնալով շուրջ 520 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ օրական՝ շուրջ 2 միլիոն ԱՄՆ դոլար։

Իսկ 2023 թւականին միայն խաղատների գործունէութիւնը, նախորդ տարւայ համեմատ, աճել է նախադէպը չունեցող չափով՝ 2,7 անգամ։ Ի դէպ, վիրտուալ մոլեխաղերի եւ բուքմեքերական գործունէութեան կազմակերպման ոլորտն իր պատմական ամենամեծ աճի՝ արդէն իսկ հասկանալի բոնուսը ստացել է իշխանափոխութեան տարին։ Այս ոլորտի ծաւալը 2018 թւականին, նախորդ տարւայ համեմատ, աճել է շուրջ 46 տոկոսով՝ շրջանառութիւնը հասցնելով 306 միլիարդ դրամի։

4 Արտաքին տնտեսական կախւածութեան խորացում

2024 թւականի յունւար-հոկտեմբերին արտաքին առեւտրաշրջանառութիւնը աճել է 68 տոկոսով, ներառեալ ռուսական ոսկու վերարտահանման թռիչքաձեւ աճը։ Ի դէպ, նախորդ տարի ունեցել ենք արտաքին առեւտրաշրջանառութեան գրեթէ կրկնապատկում։

Ընդորում, ՌԴ-ի հետ արտաքին առեւտրաշրջանառութիւնը նորից գրանցել է բարձր աճ՝ 92 տոկոս, որի արդիւնքում ՀՀ արտաքին առեւտրի աշխարհագրական կառուցւածքում ՌԴ-ի տեսակարար կշիռը, նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածի համեմատ աճելով 5,5 տոկոսային կէտով, դարձել է 41,5 տոկոս։

Այս նոյն ժամանակահատւածում արտաքին առեւտրաշրջանառութիւնը Ղազախստանի հետ նւազել է 23 տոկոսով, Կիրգիզստանի հետ՝ նւազել է 55 տոկոսով, ի դէպ Բելառուսի հետ աճել է 7,5 տոկոսով, Իրանի հետ չնչին՝ 4,7 տոկոսով աճ, Վրաստանի հետ՝ գրեթէ զրոյական աճ, իսկ ԵՄ անդամ երկրների հետ նւազել է 15 տոկոսով, ԱՄՆ-ի հետ նւազել է 40 տոկոսով։ Ռուսական ոսկին վերարտահանւել է Արաբական Միացեալ Էմիրութիւններ, որի արդիւնքում ԱՄԷ-ի հետ ՀՀ-ի առեւտրաշրջանառութիւնն աճել է շուրջ 6 անգամ, իսկ տեսակարար կշիռը դարձել է 19 տոկոս՝ աճելով 3 անգամ։

Ի դէպ, այս տարւայ 10 ամիսներին, նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածի համեմատ, ՀՀ արտաքին առեւտրի աշխարհագրական կառուցւածքում ԵՄ-ի տեսակարար կշիռը նւազել է 2 անգամ՝ դառնալով 7,3 տոկոս, ԱՄՆ-ի տեսակարար կշիռը եւս նւազել է 3 անգամ՝ դառնալով 1,4 տոկոս, Իրանի տեսակարար կշիռը նւազել է 1,5 անգամ՝ դառնալով 2,3 տոկոս։

5 Կապիտալի «փախուստ»

2024 թւականի առաջին կիսամեակում օտարերկրեայ ուղղակի ներդրումները նւազել են 334 միլիոն ԱՄՆ դոլարով, իսկ ՕՈՒՆ-ի ընդհանուր զուտ ներհոսքը կազմել է բացասական՝ -55 միլիոն ԱՄՆ դոլար։ Ի դէպ, ՕՈՒՆ դրական զուտ ներհոսք ամենամեծը գրանցւել է Ռուսաստանից՝ +22 միլիոն ԱՄՆ դոլար։

6 Արտաքին պարտքի եւ դրա սպասարկման ծախսերի առաջանցիկ աճ

Պետական պարտքն այս տարւայ 10 ամիսներին աճել է 6,7 տոկոսով, այսինքն՝ ՀՆԱ-ից աւելի արագ չափով եւ կազմում է 12,633 միլիարդ ԱՄՆ դոլար, որը 2018 թւականի ցուցանիշը գերազանցում է աւելի, քան 2 անգամ։

Անշեղօրէն աճում են պետական պարտքի եւ դրա սպասարկման տարեկան ծախսերը։ 2025 թւականին պետական պարտքը կաճի արդէն 18 տոկոսով (2,4 միլիարդ ԱՄՆ դոլարով)՝ 3,5 անգամ գերազանցելով սպասւող տնտեսական աճի ցուցանիշին, իսկ դրա սպասարկումը աճելու է 13 տոկոսով կամ 50 միլիարդ դրամով։ Պետական պարտքի սպասարկման համար 2025 թւականին ծախսւելու է շուրջ 400 լիլիարդ դրամ (1 միլիարդ ԱՄՆ դոլար), որը սոցիալական պաշտպանութեանը յատկացւող ընդհանուր ֆինանսաւորման 45 տոկոսն է կազմում։ Համեմատութեան համար՝ 2025 թւականին կենսաթոշակառուներին, ներառեալ՝ Արցախի Հանրապետութիւնից բռնի տեղահանւած մեր հայրենակիցներին վճարւելու է ընդամէնը 350 միլիարդ դրամի կենսաթոշակ։ Այսինքն՝ արտաքին պարտքի տոկոսներով կարելի էր առնւազն կրկնապատկել իւրաքանչիւր կենսաթոշակառուի թոշակի չափը, սակայն յաջորդ տարի կենսաթոշակի բարձրացում նախատեսւած չէ։

7 Հարկային մուտքերի եւ ծախսերի թերակատարում եւ բեռի աւելացում

2024 թւականի առաջին ինը ամիսներին հարկային ծրագրւած մուտքերի թերակատարում կազմել է 8 տոկոս կամ 150 միլիարդ դրամ, իսկ պետական ծախսերինը՝ 13 տոկոս կամ 290 միլիարդ դրամ, որի հիմնական մասը կապիտալ ծախսերի գծով (դպրոցաշինութիւն, ջրամբարաշինութիւն, ճանապարհաշինութիւն եւ այլն)՝ 30 տոկոս կամ 124 միլիարդ դրամի թերակատարում։

Ի դէպ, իրենց վերապահւած ոլորտները տոտալ ձախողած բարձրաստիճան պաշտօնեաների պարգեւատրումները վճարւել են 100 տոկոսով։

Զուգահեռաբար, արձանագրւում է պետական բիւջէի ծախսերի արդիւնաւէտութեան խնդրայարոյց միտում՝ մէկ անձից պետական գնումների առաջանցիկ աճը, կոռուպցիոն ռիսկերի տարածումը, չափելի արդիւնքների բացակայութիւնը, չափելի արդիւնքներով ծրագրային վարկերի փոխարինումը անհետագծելի եւ վերահսկողութեան տեսանկիւնից խիստ խոցելի բիւջետային վարկերով, պետական-մասնաւոր ներդրումային ծրագրերի ձախողումը (օրինակ՝ ԱՆԻՖ հիմնադրամի կողմից 10 միլիարդ դրամի փոշիացումը) եւ ըստ այդմ՝ պետութեան միջազգային հեղինակութեան անկումը եւ այլն։

2025 թւականի յունւարի 1-ից կրկնապատկւելու է փոքր եւ միջին բիզնեսի հարկային բեռը՝ շրջանառութեան հարկի դրոյքաչափը։ Աւելին՝ օրւայ իշխանութիւնը քննարկում է նաեւ յաջորդիւ նշւած տնտեսվարողների հարկային արտօնութիւններն ամբողջապէս վերացնելու նախագծեր, որի հետեւանքով տնտեսական տարբեր ոլորտների հարկային բեռը կարող է աճել շուրջ 6 անգամ։ Օրինակ՝ սկզբում արտագնայ աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների այլ երկրում ստացած աշխատավարձը հարկելու նախագիծն ընդունւեց, իսկ հիմա էլ՝ նախատեսում են շինարարութեան ոլորտում ինքնազբաղւած վարպետների հարկային բեռը պատիկներով աւելացնել։

Դրան զուգահեռ՝ ՓՄՁ սուբիեկտների նկատմամբ կիրառւում են հարկային վարչարարութեան ապօրինի գործադրումներ, տուգանքներ, օրէնքով նախատեսւած՝ վճարւած հարկերը տնտեսվարողին վերադարձնելու գործընթացի արհեստական խոչընդոտներ եւ այլ։

Այս իշխանութեան օրօք հետեւողականօրէն վերացւեց նաեւ հարկային համակարգի սոցիալական բաղադրիչը։ Նախ, սկզբից համահարթեցրին եկամտային հարկի պրոգրեսիւ դրոյքաչափերը եւ վերացրին սոցիալապէս արդար՝ «շատ եկամտից շատ, քչից համեմատաբար՝ քիչ» հարկման սկզբունքը։ Սրա հետեւանքով՝ նւազագոյն աշխատավարձ ստացող աշխատող աղքատի եւ ամսական մի քանի միլիոն դրամ վաստակողների եկամտային հարկի բեռը հաւասարեցւեց։

Յետոյ էլ գերթանկարժէք գոյքերի համար բարձր հարկ սահմանելու («պերճանքի հարկ») խոստման փոխարէն՝ 2021-2026 թւականներին շեշտակի՝ շուրջ 4 անգամ բարձրացրեցին բոլոր քաղաքացիների (ներառեալ սոցիալապէս անապահով ընտանիքները) գոյքահարկը՝ 6 տարւայ ընթացքում փուլային եղանակով։ Ընդորում՝ 2025-2026 թւականներին գոյքահարկի վճարները կաւելանան՝ տարեկան 50 տոկոսով։

8 Սոցիալական խնդիրների խորացում

2023 թւականին աղքատութեան մակարդակը կրճատւել է ընդամէնը 1,1 տոկոսային կէտով եւ այս իշխանութեան տարիներին սկզբնական բարձր աճերից յետոյ նոր-նոր մօտենում է 2018 թւականի մակարդակին։ Աշխատողների շուրջ 25 տոկոսը աշխատող աղքատներ են, իսկ բնակչութեան շուրջ 60 տոկոսը չափաւոր աղքատներ․ մէկ անձի հաշւով ընտանիքը ստանում է նւազագոյն սպառողական զամբիւղի ամսական արժէքից (75530 դրամ) ցածր ամսական եկամուտ։

Ի դէպ, նւազագոյն սպառողական զամբիւղի ամսական արժէքից շուրջ 2,1 անգամ պակաս են նւազագոյն կենսաթոշակի եւ սոցիալական նպաստի չափերը, 1,5 անգամ պակաս է աշխատանքային կենսաթոշակի միջին չափը, 530 դրամով պակաս է նւազագոյն աշխատավարձի չափը։

Սոցիալ-տնտեսական, անվտանգային խնդիրների հետեւանքով միայն այս տարւայ առաջին 9 ամիսներին շուրջ 20 հազար 400 ՀՀ փաստաթղթերով քաղաքացիներ արտագաղթել են՝ աւելի շատ գնացել են Հայաստանից, քան եկել են։

Եւ այս պայմաններում 2025 թւականին սոցիալական պաշտպանութեան ծախսերը 110 միլիարդ դրամի աւելացումն ուղղւելու է ոչ թէ կենսաթոշակների, նպաստների, նւազագոյն աշխատավարձի չափերի բարձրացմանը կամ այս իշխանութեան օրօք սահմանամերձ դարձած բնակիչների սոցիալ-տնտեսական առաջանցիկ աւելացող խնդիրները եւ հայրենիքից զրկւած արցախցի մեր հայրենակիցների սոցիալական խորացող խնդիրները ինչ-որ չափով մեղմելուն, այլ՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչին յատկացւող պետական միջոցների թռիչքաձեւ աճի ֆինանսաւորմանը (210 միլիարդ դրամ), որն, ի դէպ, խոստանում էին իշխանութեան գալուց յետոյ վերացնել։

2025 թւականին եւս կենսաթոշակների, անապահովութեան նպաստների եւ նւազագոյն աշխատավարձի չափերը չեն աճելու։ Արցախահայութեանը տրամադրւող դրամական աջակցութեան չափերը նւազեցւելու են, իսկ տարւայ երկրորդ կէսից նախատեսում են դադարեցնել։

Այսինքն՝ այս տարւայ 2-3 տոկոս եւ յաջորդ տարւայ կանխատեսւող 4-5 տոկոս գնաճի պարագայում սոցիալապէս անապահով մեր քաղաքացիների իրական եկամուտները նւազելու են, հետեւաբար՝ նրանք աւելի վատ են ապրելու, քան այս տարի։

Միւս կողմից, միկրոբիզնեսի, փոքր եւ միջին ձեռնարկատիրութեան հարկային բեռի շեշտակի աւելացումը, յատուկ արտօնութիւնների նախատեսւող վերացումը իրապէս յանգեցնելու են այս ոլորտի հազարաւոր տնտեսվարող սուբիեկտների սնանկացման, իսկ նրանց տասնեակ հազարաւոր աշխատողների՝ գործազրկութեան։

Այս բացասական միտումները աշխատող աղքատների թիւը, աղքատութեան միջին մակարդակը, չափաւոր աղքատութիւնը եւ յատկապէս՝ ծայրայեղ աղքատութիւնն աւելացնող, ինքնազբաղւածութիւնը նւազեցնող, աշխատանքային միգրացիան եւ արտագաղթը խթանող էական գործօններ են։

Related Articles

Back to top button