Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը Երեւան է մեկնել
«ԱԼԻՔ» – Իրան-Հայաստան յարաբերութիւնների ընդլայնման նպատակով, Իրանի Իսլամական խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Արա Շահվերդեանի գլխաւորութեամբ բարեկամական խումբը, կիրակի՝ յունւարի 12-ին պաշտօնական այցով մեկնել էր Հայաստան:
ՀՀ ԱԺ-ի Հայաստան-Իրան բարեկամական խմբի հրաւէրով Երեւան ժամանած իրանական պատւիրակութեանը անդամակցում են՝ Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը, նաեւ Սէյէդ Մոհամմադ Սադաթ Էբրահիմին եւ Սէյէդ Մոհամմադ Ջամալիանը:
Այցի շրջագծում պատւիրակութիւնը հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահ՝ Վահագն Խաչատուրեանի, ՀՀ ԱԽ քարտուղար Արմէն Գրիգորեանի, ՀՀ Էկոնումիկայի նախարար Գէորգ Պապոյեանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբէն Ռուբինեանի, ՀՀ ՏԿԵ նախարար Դաւիթ Խուդաթեանի, ՀՀ Ազգային ժողովի պաշտպանութեան եւ անվտանգութեան հարցերի մշտական յանձնաժողովի նախագահի տեղակալ Արմէն Խաչատրեանի եւ ադնամների, ՀՀ ԱԺ-ի Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայեանի եւ անդամների հետ:
Կայացած հանդիպումների ընթացքում կարեւորւել է Հայաստանի Հանրապետութեան վաղեմի, բարեկամ եւ հարեւան երկիր՝ Իրանի Իսլ. Հանրապետութեան հետ բազմաոլորտ յարաբերութիւնների ընդլայնման անհրաժեշտութիւնը: