Հայաստան - Արցախ

Ինչպէս դադարեցնել ներքին ենիչերիների վերարտադրութիւնը

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ

 

Աշոտ Մինասեանի (Աշոտ Երկաթի) պատմութիւնը սահմռկեցուցիչ է։ Նկարագրածը (ապրածը) «սովորական միտինգային» դրւագ չէ, դա այսօրւայ «նոր Հայաստանի» կենսափիլիսոփայութիւնն է։

Աշոտ Մինասեանը եւ կարմիրբերետաւորները, նոյնիսկ եթէ եղել են մի գազելում, որպէս փակ համակարգ, այնուհանդերձ՝ այլ մոլորակում չեն եղել։ Եւ սա մեկ հոգու պատմութիւն չէ, այլ՝ շատ շատերինը։

Այս դրւագի եւ յունիսի 12-ի բոլոր ապօրինութիւնների բացարձակ պատասխանատուն եւ մեղաւորը իշխանութիւններն են, բայց պիտի հասկանանք նաեւ, թէ ինչ մեխանիզմների «շնորհիւ» է իշխանութիւնը ռիսկ անում նման այլանդակ գործողութիւնների.

1. Կարմիր բերետաւորներին այդպիսին լինելու եւ պետութեան հանդէպ բացառիկ վաստակ ունեցող մարդու վրայ (կամ ցանկացած մարդու) յարձակւելու իրաւունք տւել են.

a. 680 հազար ՀՀ քաղաքացիները, ովքեր, պատմական աղէտից յետոյ վերընտրելով այս իշխանութեանը, այսօր չեն շտապում շտկել իրենց քւէն՝ այսքան աւերից յետոյ։

b. Ոստիկանութեան ղեկավար կազմը, որից որեւէ մէկը հրաժարական չտւեց՝ այս եւ այլ ահաւոր պատմութիւններից յետոյ։ Չի գտնւում մէկը, որի համար անտանելի կը լինի նման միջավայրում աշխատելը։

c. «Բարեփոխիչները», միջազգային կառոյցները, արեւմտեան դեսպանատները, որոնք ձայն չեն հանում որեւէ վայրագութեան դէպքում։

d. Իբր կրթւած, իբր մտաւորական, իբր հումանիստ մասնագիտական էլիտաները, որոնք «քաղաքականութեամբ չեն զբաղւում» ու երկրում կատարւողի մասին կարծիք չունեն։

2. Անհաւանական է թւում, որ անձամբ իրեն պսակադրած Սրբազանին բերետաւորը կարող է հայհոյել, բայց նա դա անում է, որովհետեւ այս երկիրն արդէն 6 տարի է՝ անվերջ հայհոյանք է լսում ու չունի որեւէ «ՉԻ կարելի»։ Որտե՞ղ են ձեւաւորւել այս մարդիկ, ո՞ր միջավայրում, ո՞ր դպրոցում, ո՞ր հասարակութիւնում։ Ինչքա՞ն կարեւոր բաներ ենք տապալել պետականութեան 30 տարում։

3. Այս ամէնը հնարաւոր դարձաւ, որովհետեւ մեր պետութեան քաղաքացիները զանգւածաբար օտարացաւ մեր պետութիւնից։ Ինչպէ՞ս է հնարաւոր, որ էն ժողովուրդը, որի համար Աշոտն ամէն կռւի պատրաստ է եղել իր կեանքը դնել, մասայաբար ապրի գրին քարտի կամ օտարահպատակութեան երազանքով։ Բա ո՞ւմ համար էր պետութիւնը, բա էլ ի՞նչ հայրենիք։

4. Ո՞նց բաց թողեցինք, շուրջ երկու տասնամեակ «արեւմտեան մեդրեսեներում» նոր հայի ձեւաւորումը՝ իբր բարեփոխիչ, իբր լիբերալ, իբր՝ իրաւապաշտպան, բայց իրականում՝ հակահայաստանեան ենիչերիների կրթման ու վերապատրաստման պրոցեսը։ Աչքներիս առաջ էին ախր նրանք ուժեղանում, կազմաւորւում, մեդիաներ ստանում-ստեղծում, քարոզում, ԱԺ մտնում, որ մի օր էլ նրանց հաւաքական ձայնը ասի՝ «Ղարաբաղը մեզ հետ ի՞նչ կապ ունի»։

5. Աշոտ Մինասեանը խաղաղ ժամանակ զբաղեցրել է պաշտօն, որը շատ ուրիշները կօգտագործէին կարողութիւն դիզելու համար։ Նա միշտ ապրել է զուսպ ու համեստ՝ չգողանալով իր երկրից։ Աշոտի պէս մարտիկներն իրենց մէջ տարիներով պահել են հարցը՝ ինչո՞ւ յաղթած, հերոս, պետութիւն կառուցած մարդիկ թոյլ տւեցին այլանդակ բարքեր, փողի մոլուցք։ Անգամ կարգին, հայրենիքի առաջ վաստակ ունեցող մարդիկ ինչպէ՞ս դարձան փողի ու ահռելի հարստութեան տէր՝ մեր փոքր, աղքատ, Արցախի խնդիր ունեցող երկրում։ Մայրցամաքից մայրցամաք ահռելի- անծայրածիր հարստութեան ու գոյքերի տէր։ Ո՞նց, ինչպէ՞ս, ո՞ր իրաւունքով։ Ի վերջոյ, նրանք գերի դարձան այդ հարստութեանը, սակայն դրա գերին դարձանք նաեւ մենք բոլորս, Հայաստանը, Արցախը։

6. Եթէ մենք էս հարցերին չպատասխանենք, չենք հասկանայ, թէ ինչպէս ձեւաւորւեց այսօրւայ անասնական մթնոլորտը, եւ թէ ինչպէս փողոցից եկաւ գաղափարապէս յստակ վարժեցւած մի ուժ, որը թքած ունի Արցախի վրայ էլ, Հայաստանի վրայ էլ։

7. Փառայեղ յաղթանակով ձեւաւորւած պետութիւնը ո՞նց կարող էր էսքան անարդար բարքերով զարգանալ։ Ո՞նց։ Վերջում պարզւելու է, որ միակ «ապօրինի գոյքը» մեր հայրենիքն էր։

8. Աշոտի պատմութիւնից հասարակութիւնը պիտի պոռթկար։ Հակառակը նորմալ չէ։ Բայց նւյն հասարակութիւնը պատերազմից շաբաթներ անց աղմկոտ քեֆեր էր անում, Արցախի կորստին հանգիստ նայեց։ Ինչո՞ւ պիտի Աշոտի հետ կատարւածից սարսռայ, երբ շատերը Ռուբէն Վարդանեանի, Բակօ Սահակեանի եւ մեր միւս հայրենակիցների գերեվարւելուց ուրախացել էին։

Կարմիրբերետաւորը եւ նրան հրաման տւող իշխանութիւնները պէտք է փոխւեն, բայց պիտի փոխւի նաեւ նրանց ձեւաւորող միջավայրը։ Մենք պիտի կարմիր գծեր եւ ճիշտ ուղենիշներ ունենանք, որ դադարեցնենք ինքնաոչնչացումը:

Related Articles

Back to top button