Իշխանութեան կողմից ոտնահարւում են ժողովրդավարական պետութեան առանցքային ինստիտուտները
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանի ելոյթը ԵԱՀԿ ԽՎ 31-րդ խորհրդաժողովի Մարդու իրաւունքներ, ժողովրդավարութիւն յանձնաժողովի նիստում.
Յարգելի՛ գործընկերներ,
Խօսելու եմ Հայաստանում Մարդու իրաւունքերի եւ ժողովրդավարութեան համատեքստում:
Անվտանգային մշտական մարտահրաւէրների, ինչպէս նաեւ ներազգային պառակտւածութեան մթնոլորտում Հայաստանը բախւում է կառավարման աւտորիտար ռեժիմի շարունակական հաստատման հետ։
Մի շարք միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւններ արձանագրել են Հայաստանում ժողովրդավարութեան անկման մասին՝ շեշտելով ոստիկանական ապօրինի գործողութիւնները, բռնութիւններն ու խոշտանգումները, ընդդիմադիրների նկատմամբ անօրինական քրէական հետապնդումները, խորհրդարանական եւ համայնքային ընդդիմադիր ընտրւած ղեկավար անձանց պաշտօնանկութիւնները, որոնք վկայում են իշխող ուժի կողմից իշխանութեան իւրացման եւ կենտրոնացման մասին:
Ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ շինծու գործերով հետապնդումներն ու քաղաքական բռնաճնշումները դարձել են իրականացումը սովորական գործեալոճի։ Ըննդդիմադիր հայեացքների համար ՀՀ հարիւրաւոր քաղաքացիներ են ապօրինաբար բանտարկւել, նրանցից շատերը միջազգայնօրէն ընդունւած չափանիշերի համաձայն քաղաքական բանտարկեալներ են։
Իշխանութեան կողմից ոտնահարւում են Ժողովրդավարական պետութեան առանցքային ինստիտուտները։ Ատելութեան խօսքն ու բացայայտ թշնամանքն օգտագործւում են լռեցնելու նրանց, ովքեր համարձակւում են ընդդիմանալ ռեժիմին:
Դատական համակարգի անկախութեան վերաբերեալ խորը մտահոգութիւններ է յայտնել նաեւ Դատաւորների Եւրոմիութիւնը:
Չնայած տասնեակ հաղորդումներին եւ արձանագրւած փաստերին, ոչ մի ոստիկան քրէական պատասխանատւութեան չի ենթարկւել: Մենք անգամ ականատես ենք եղել ընդդիմադիր պատգամաւորի հետ կապւած իրողութեան, երբ ԱԺ պատգամաւոր տասնեակ ոստիկանների կողմից դաժան ծեծի է ենթարկել իր կուսակցութեան գրասենեակի դիմաց։
Լայնամասշտաբ վերջին խաղաղ հանրահաւաքի ժամանակ ոստիկանութիւնն անիրաւաչափ ուժ եւ յատուկ միջոցներ կիրառեց խաղաղ ցուցարարների նկատմամբ, կրկնում եմ՝ ԽԱՂԱՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ, որի հետեւանքով վիրաւորում եւ բեկորային վնացւածքներ ստացան հարիւրից աւելի ցուցարարներ, այդ թւում՝ 10 լրագրողներ։ Ոմանք հետագայ կենսունակութեան հետ կապւած խնդիրներ ունեցան։
Հայաստանի Կառավարութեան գլխի կողմից խրախուսւող ոստիկանական բռնութիւնները Մարդու հիմնարար իրաւունքների եւ միջազգային չափանիշերի բացայայտ ոտնահարում են, որոնք սպառնալիք են զարգացման ժողովրդավարական ուղին ընտրած հայ ժողովրդին։
Յարգելի գործընկերներ,
Կոչ եմ ուղղում ձեզ՝ դատապարտել Հայաստանում ժողովրդավարութեան շարունակական անկումը եւ համերաշխութիւն յայտնել իրաւական պետութիւն կառուցելու Հայաստանի քաղաքացիների հաւատարմութեանը։
Եզրափակելով՝ դիմում եմ ԵԱՀԿ ԽՎ Մարդու իրաւունքների հարցերով զեկուցողին եւ առաջարկում այցելել Հայաստան, տեղում ուսումնասիրել իրավիճակն ու կատարել համապատասխան հետեւութիւններ։
30 յունիսի, 2024 թ.