Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Պատշաճ ուշադրութիւն դարձրէք Արցախի հայերի բռնի տեղահանման կենսամշակութային հետեւանքներին. Բաղունցը՝ COP-17-ի մասնակիցներին

Պատշաճ ուշադրութիւն դարձնել Արցախի հայերի բռնի տեղահանման կենսամշակութային հետեւանքներին։ Այս մասին Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահի պարտականութիւնները կատարող Գագիկ Բաղունցն ուղերձ է յղել Կենսաբանական բազմազանութեան մասին կոնւենցիայի կողմերին, CBD COP-17 համաժողովի պատւիրակներին եւ մասնակիցներին։

«Ընդգծելով կենսաբանական բազմազանութեան պահպանման, բնական պաշարների կայուն օգտագործման եւ էկոլոգիական որոշումների կայացման գործընթացում հանրութեան արդիւնաւէտ մասնակցութեան կարեւորութիւնը՝ մեր խորին մտահոգութիւնն ենք յայտնում Արցախի հայ բնակչութեան բռնի տեղահանման էկոլոգիական եւ կենսամշակութային հետեւանքների կապակցութեամբ»:

2023 թւականի սեպտեմբերին մօտ 120,000 հայ բռնի տեղահանւեց Արցախից եւ վերաբնակեցւեց Հայաստանում։

Տեղահանութիւնը յանգեցրեց ոչ միայն տների, գոյքի եւ ապրուստի միջոցների կորստի, այլեւ համայնքների եւ նրանց պատմական բնակավայրերի բնական, մշակութային ու սոցիալական միջավայրի միջեւ սերունդների ընթացքում ձեւաւորւած կապերի խզմանը։ Այս գիտելիքների կրողների բռնի հեռացումը կարող է վտանգել դրանց հետագայ կիրառման եւ ապագայ սերունդներին փոխանցման հնարաւորութիւնը, ինչն ազդում է նաեւ շրջակայ միջավայրի պահպանութեան հնարաւորութիւնների վրայ։ Աւանդական գիւղատնտեսութիւնը, ոռոգման եւ ջրամատակարարման համակարգերը, անտառներն ու արօտավայրերը, սրբավայրերը, ինչպէս նաեւ գիւղական բնակավայրերի հետ կապւած մշակութային սովորոյթները միասին կազմում են եզակի կենսամշակութային համակարգ։ Դրա կործանումը նշանակում է կենսամշակութային բազմազանութեան կորուստ։

Կենսաբանական բազմազանութեան մասին կոնւենցիան ընդգծում է այն աւանդական գիտելիքների եւ փորձառութեան պահպանման կարեւորութիւնը, որոնք նպաստում են կենսաբազմազանութեան պահպանմանն ու կայուն օգտագործմանը, ինչպէս նաեւ դրանց կրողների մասնակցութեանն ու հաւանութեանը: 2022 թւականին ընդունւած Կունմին-Մոնրէալի կենսաբանական բազմազանութեան գլոբալ շրջանակային ծրագիրը շեշտում է բնիկ ժողովուրդների եւ տեղական համայնքների արդիւնաւէտ մասնակցութեան անհրաժեշտութիւնը կենսաբազմազանութեանն առնչւող որոշումների կայացման գործընթացում, ինչպէս նաեւ նրանց իրաւունքների յարգումը:

Այս համատեքստում անհրաժեշտ է հաշւի առնել Արցախից տեղահանւած հայերի՝ որպէս տարածաշրջանի բնիկ բնակչութեան, աւանդական գիտելիքներն ու փորձը։

Հաշւի առնելով վերոգրեալը՝ մենք կոչ ենք անում Կենսաբազմազանութեան մասին կոնւենցիայի կողմերին եւ COP-17-ի մասնակիցներին.

  • պատշաճ ուշադրութիւն դարձնել Արցախի հայերի բռնի տեղահանման կենսամշակութային հետեւանքներին,
  • ապահովել տեղահանւած համայնքների բովանդակային մասնակցութիւնը էկոլոգիական հետազօտութիւնների, բնապահպանական նախաձեռնութիւնների եւ էկոհամակարգերի վերականգնման ծրագրերի մշակմանը,
  • ընդգծել էկոլոգիական նպատակների եւ մարդու իրաւունքների պաշտպանութեան փոխկապակցւածութիւնը,
  • շարունակել տեղահանւած բնակչութեան իրաւունքների պաշտպանութեան հարցերի քննարկումը համապատասխան միջազգային մեխանիզմների շրջանակներում՝ հաշւի առնելով կացարանի, սեփականութեան, մշակութային ժառանգութեան եւ բնական միջավայրի հետ կապւած իրաւունքների պաշտպանութեան անհրաժեշտութիւնը։

Մենք կոչ ենք անում COP-17-ի մասնակիցներին այս խնդիրը դիտարկել կենսաբազմազանութեան պահպանման, մշակութային յաջորդականութեան եւ մարդու իրաւունքների փոխկապակցւածութեան համատեքստում, ինչպէս նաեւ արցախահայերի՝ դէպի պատմական Հայրենիք հաւաքական, անխոչընդոտ եւ անվտանգ վերադարձի իրաւունքի համատեքստում»,- ասւած է ուղերձում։

Related Articles

Back to top button