Հայաստան - ԱրցախՍփիւռքՔաղաքական

Գարեգին Բ-ն Շւէյցարիայի հայոց թեմի առաջնորդ Գուսան վարդապետ Ալճանեանին ազատել է պաշտօնից

Աւելի վաղ յայտնի էր դարձել, որ հայր Գուսանը միացել է Կաթողիկոսի դէմ դուրս եկած 10 հոգեւորականներին։

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինութեամբ Տ. Գուսան ծայրագոյն վարդապետ Ալճանեանն ազատւել է Շւէյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահի պաշտօնից։ Տեղեկութիւնը յայտնում է Մայր աթոռի տեղեկատւական համակարգը։

Թեմի առաջնորդի պաշտօնում նշանակւել է Տ. Պարթեւ եպիսկոպոս Բարսեղեանը՝ ազատւելով Գեղարքունեաց թեմի առաջնորդի պաշտօնից։

Վեհափառ Հայրապետի մէկ այլ որոշմամբ՝ քրէակատարողական հիմնարկների հոգեւոր տեսուչ Տ. Իսահակ վարդապետ Պօղոսեանը համատեղութեան կարգով նշանակւել է Գեղարքունեաց թեմի առաջնորդական տեղապահ:

Յիշեցնենք՝ յունւարի 6-ին յայտնի դարձաւ, որ Շւէյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահը միացել է Գարեգին Բ-ի դէմ դուրս եկած 10 եպիսկոպոսներին ու արքեպիսկոպոսներին։

Օրեր անց շւէյցարահայ գործարար եւ բարերար Վահէ Գաբրաշը կարծիք էր յայտնել, որ Շւէյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գուսան ծայրագոյն վարդապետ Ալճանեանի ընդվզումը ոչ թէ վարդապետական կամ հովւական հիմքեր ունի, այլ անձնական անհանդուրժողականութիւն է։

Նա նշել էր, որ երկու շաբաթ անց Շւէյցարիայի թեմում իր առաքելութիւնն է ստանձնելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից գործուղւած նոր եպիսկոպոսը։ Նրա խօսքով՝ Շւէյցարիայի հայ համայնքը հաւատարիմ է Հայ Առաքելական Եկեղեցուն, Ամենայն հայոց Կաթողիկոսին եւ նորանշանակ եպիսկոպոսին։

Յիշեցնենք՝ տեւական ժամանակ է՝ ՀՀ իշխանութիւնը արշաւ է սկսել եկեղեցու ու յատկապէս կաթողիկոսի դէմ։ Ճաղերի յետեւում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանը, Մայր աթոռի դիւանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրեանը։

2026 թ.-ի յունւարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները յայտարարեցին Հայ Առաքելական Եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպէս կոչւած իրենց «ճանապարհային քարտէզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինեանի ստորագրած փաստաթղթով ստեղծւում է համակարգող խորհուրդ, որը պէտք է զբաղւի Հայ Առաքելական Եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։

Sputnik Armenia

Related Articles

Back to top button