Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

«Թրամփի ուղին» հնարաւորութի՞ւն է, թէ՞ ռիսկ. Նարեկ Կարապետեանի պատասխանը

Նարեկ Կարապետեանը թւարկեց այն տարբերակները, որոնք կարող են երկարաժամկէտ խաղաղութիւն ապահովել։

«Թրամփի ուղին» այս պահի դրութեամբ Հայաստանի համար բացում է ե՛ւ հնարաւորութիւններ, ե՛ւ ռիսկեր։ Գործարար, բարերար Սամուէլ Կարապետեանի տնտեսական ծրագրի շնորհանդէսից յետոյ լրագրողների հետ զրոյցում այս մասին ասաց «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետեանը՝ անդրադառնալով հարցին՝ «Թրամփի ուղին» հնարաւորութի՞ւն է, թէ՞ ռիսկ։

Ըստ նրա՝ հնարաւորութիւնն այն է, որ ԱՄՆ-ին պէտք է բերել երաշխաւորի մակարդակ։

«Փաստաթղթում պայմանաւորւածութեան մէջ ԱՄՆ-ն հանդիսանում է որպէս վկայ։ Մեր արտաքին քաղաքականութեան ընդհանուր հեռանկարն այն է, որ մեր խաղաղութեան պայմանագիրը պէտք է ունենայ մէկից աւելի երաշխաւոր։ Մենք տեսնում ենք՝ ինչ է տեղի ունենում այն տարածաշրջանների հետ, որոնք ունեն մէկ երաշխաւոր կամ ընդհանրապէս չունեն։ 21-րդ դարում փոքր երկրները շատ աւելի լաւ են ապրում, քանի որ կառավարութիւններն աւելի ակտիւ ու դինամիկ են, սակայն ունեն անվտանգային խնդիր, որի լուծումը երաշխաւոր ունենալն է»,- յայտարարեց Կարապետեանը։

Նրա համոզմամբ՝ միայն այդպիսով հնարաւոր կը լինի հասնել երկարաժամկէտ խաղաղութեան։

«Մեր պատմութիւնը ցոյց է տւել, որ թուղթը բաւականին փոփոխական մեծութիւն է թուրքերի հետ բանակցութիւնների ժամանակ, իսկ երաշխաւորները հաստատուն մեծութիւններ են»,- ընդգծեց Կարապետեանը։

Յիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 2024 թւականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կէտից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսւում է Հայաստանի հարաւային հատւածով (Սիւնիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կը կոչւի «Թրամփի ուղի» (TRIPP) եւ Ադրբեջանին առեւտրային հասանելիութիւն կապահովի դէպի Նախիջեւան:

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյեանն ու Ջէյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ ղեկավարների ներկայութեամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ խաղաղութեան եւ միջպետական յարաբերութիւնների հաստատման մասին» համաձայնագիրը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը սեպտեմբերի 11-ին յայտարարեց, որ ՀՀ-ն ոչ թէ 99 տարով հողը վարձակալութեան է տալիս ամերիկեան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրաւունք։

2025 թւականի յունւարի 14-ին հրապարակւեց «Թրամփի ուղի՝ յանուն միջազգային խաղաղութեան եւ բարգաւաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։

Sputnik Armenia

Related Articles

Back to top button