Վաչէ Բրուտեան. «Բագրատ Սրբազանը Պետրոս Ղազարեանի լարած ծուղակը չընկաւ»
ՀՅԴ անդամ, խմբագիր, հրապարակախօս Վաչէ Բրուտեանը Alpha News-ի ուղիղ եթերում վերլուծել է Սրբազան պայքարի նոր մարտավարութիւնը ու Բագրատ Սրբազանի ուղերձն՝ Հ1-ի եթերից:
«Երբ յայտարարւեց, որ ուզում են Հանրային Հեռուստաընկերութիւն մուտք գործել ու եթերից ուղերձ յղել ժողովրդին, սա նոր նշաձող էր, որ դրւեց Սրբազան պայքարի կողմից: Իշխանութիւններն անմիջապէս, բնականաբար, հակասեցին դրան: Պատրաստւեցին եւ իրենց քայլը եղաւ հետեւեալը, որ՝ «լաւ, թող գայ, մենք նրան կը տանենք Պետրոս Ղազարեանի մօտ ու Պետրոսը իր փնթի եւ մանրախնդիր հարցադրումներում կը ջախջախի Սրբազանին, այդպէս մենք Սրբազանին կը կարողանանք եթերում տապալել: Սա էր իշխանութեան մօտեցումը:
Ուրիշ ձեւով չի կարելի բացատրել այն, որ երբ հերթը հասաւ Հ1-ի շէնքի մօտ, մի քանի րոպէ յետոյ տնօրէն Յարութիւն Մովսիսեանը իջաւ ներքեւ: Առաջին մակերեսային ակնարկով՝ մարդիկ կարող էին մտածել, որ այսինչ իրավիճակ է իշխանութեան մօտ, որ կառոյցի հիմնական պատասխանատուն միանգամից եկաւ՝ խօսելու Սրբազանի հետ»,- ասել է Վաչէ Բրուտեանը:
Նրա համոզմամբ՝ իշխանութիւնն էլ իր մարտավարութիւնն էր վարում ու տնօրէնի պատրաստակամութեան միջոցով՝ խօսելու Բագրատ Սրբազանի հետ, այլ բան էր թաքնւած:
«Բոլորիս աչքին հաճելի էր այն, ինչ տեղի ունեցաւ: Նախ բանակցութիւնները Սրբազան պայքարի ներկայացուցիչների ու տնօրէնի միջեւ: Յետոյ այն, որ միջին լուծում գտնւեց Սրբազան պայքարի կողմնակիցների հետ: Նրանք ասացին՝ մենք հարցազրոյց տալու համար չենք եկել, եկել ենք ուղերձ յղելու: Միջին լուծումը գտնւեց, որի շնորհիւ Սրբազանն իր խօսքը ուղղեց հանրութեանը, յետոյ Պետրոսը փորձեց «պետրոսութիւն» անել: Անվիճելի է այն, որ Սրբազանը Պետրոսի լարած ծուղակները չընկաւ»,- եզրափակել է Վաչէ Բրուտեանը: