Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ալէն Սիմոնեանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտօնը կը մնայ երազանք

Քաղաքացիական Պայմանագիր կուսակցութեան վարչութիւնը յունիսի 25-ին երկրորդ անգամ ծանր քաղաքական ապտակ տւեց Ազգային ժողովի նախագահ Ալէն Սիմոնեանին՝ այս անգամ նրան մերժելով ԱԺ նախագահի ՔՊ թեկնածու դառնալու հարցում։

Առաջին ազդակը Սիմոնեանը ստացել էր դեռեւս կուսակցութեան նախընտրական ցուցակի կազմման ժամանակ, երբ երկրի Սահմանադրութեամբ երկրորդ պաշտօն զբաղեցնող անձը նոյնիսկ կուսակցութեան առաջին տասնեակում տեղ չէր գտել։ Այդ որոշումն արդէն յուշում էր, թէ ինչ վերաբերմունք է ձեւաւորւել նրա նկատմամբ իշխանական թիմում։

Այդ վերաբերմունքը վերածւեց քաղաքական որոշման. ՔՊ վարչութեան անդամների մեծամասնութիւնը փակ քւէարկութեամբ Ազգային ժողովի նախագահի թեկնածու ընտրեց Ռուբէն Ռուբինեանին՝ մերժելով Ալէն Սիմոնեանին։ Վերջինս ընդամէնը 5 ձայն է ստացել 20 հոգուց:

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբիւրների փոխանցմամբ՝ վարչութեան նիստից յետոյ Ալէն Սիմոնեանը տուն է վերադարձել ակնյայտ անտրամադիր։ Նրա թիմի յաղթական տրամադրութիւնը միանգամից փոխւել է, իսկ խորհրդարանում տիրող մթնոլորտը դարձել է տխուր ու անորոշ։

Յիշեցնենք՝ Հանրապետութեան նախագահ Վահագն Խաչատուրեանն ընտրւել է 2022 թւականին եւ նրա լիազօրութիւնների ժամկէտն աւարտւում է միայն 2027 թւականին։ Բացի այդ, Հանրապետութեան նախագահ ընտրւելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի պատգամաւորների ընդհանուր թւի առնւազն երեք քառորդի աջակցութիւնը։ Այդպիսի մեծամասնութիւն ՔՊ-ն այս խորհրդարանում չունի, անգամ ԲՀԿ-ի ձայները գողանալուց յետոյ:

Ժողովուրդ

 

Related Articles

Back to top button