Սպիտակ տուն. Թրամփը վստահ է, որ հնարաւոր է Ուկրաինայի հարցով համաձայնութեան հասնել այս շաբաթ

«ԱԼԻՔ» – Վաշինգտոնն ամբողջովին կենտրոնացած է Ուկրաինայում կարգաւորման շուրջ բանակցութիւնների վրայ, եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ այս շաբաթ հնարաւոր կը լինի վերջ դնել հակամարտութեանը։ Այս մասին շաբաթ օրը յայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։
Նա նաեւ յաւելել է, որ դեռեւս ոչ մի յայտարարութիւն չկայ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թրամփի հնարաւոր անձնական հանդիպման վերաբերեալ։ Այս մասին հաղորդել է news.am-ը:
«Ես մանրամասներ չունեմ եւ այս առումով ոչինչ չունեմ յայտնելու»,- ասել է նա՝ պատասխանելով Պուտինի եւ Թրամփի հանդիպման ժամկէտների մասին եւ այն հարցին, թէ արդեօք այն նախատեսւում է անցկացնել Սաուդեան Արաբիայում։
«Ներկայումս նախագահ [Թրամփը] եւ նրա թիմը մեծ ուշադրութիւն են դարձնում այս պատերազմի երկու կողմերի հետ բանակցութիւնների շարունակմանը, որպէսզի վերջ դնեն հակամարտութեանը։ Եւ նախագահը [Թրամփը] շատ վստահ է, որ մենք կարող ենք դա յաջողութեամբ աւարտել այս շաբաթ»,- ընդգծել է Սպիտակ տան պաշտօնական ներկայացուցիչը։
Նա որեւէ պարզաբանում չի տւել իր յայտարարութեան վերջին արտայայտութեան վերաբերեալ։ Ամենայն հաւանականութեամբ, Լիվիթը նկատի է ունեցել յաջորդ շաբաթը։ Մամուլի քարտուղարը, սակայն, չի յստակեցրել, թէ ինչի վրայ է հիմնւում այս կանխատեսումը։