Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Երկբեւեռ խանգարումից՝ բազմաբեւեռ խեղկատակութիւն

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ

 

Անցած շաբաթ վերջապէս յայտնի դարձաւ, թէ իրականում ինչն է փորձում հաւասարակշռել Նիկոլ Փաշինեանը՝ բոլոր հնարաւոր ամբիոններից յայտարարելով «բալանսաւորւած ու բալանսաւորման» արտաքին քաղաքականութեան մասին:

Այդ հարցը բոլորին յուզում էր այն պատճառով, որ արտաքին քաղաքականութեան հիմնական օբիեկտը՝ պետական շահը, Հայաստանի դէպքում բացակայում է (բոլոր երկրների շահերին բաւարարելու պատրաստակամութիւնը ոչ թէ պետական շահ է, այլ դրա չգոյութիւն):

Եւ ահա, անցած շաբաթ իրար յաջորդած երկու միջազգային միջոցառումներում «բալանսաւորւած ու բալանսաւորման» արտաքին քաղաքականութիւնը ցուցադրւեց կենդանի ռեժիմում. Դուշանբէում կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինեանին ծաղրեցին միագամից երկու երկրների ղեկավարներ. Տաջիկստանի նախագահն Իլհամ Ալիեւին յիշեցրեց, որ առաջին անգամ Հայաստանի ղեկավարին հանդիպել է նոյն վայրում, իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկօն, կրկին Ալիեւին դիմելով՝ հեգնեց, թէ վերջինս իզուր էր անհանգստանում, որ Փաշինեանը չի լինի իրենց հետ:

Դուշանբէից յետոյ Փաշինեանին արդէն Շարմ էլ Շէյխում խայտառակեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ կրկին Ալիեւի մասնակցութեամբ տեղի ունեցած միջադէպի ընթացքում, երբ վերջինիս դիմելով՝ հարցրեց. «որտե՞ղ է քո հայրենակիցը»: Նոյն միջոցառման շրջանակներում ծաղրի մէկ այլ արտայայտութիւն դարձաւ Հայաստանին փաստացի թշնամական վերաբերւող Պակիստանի վարչապետի հիացմունքն Ալիեւ-Փաշինեան ջերմ զրոյցի առիթով:

Այսպիսով, Նիկոլ Փաշինեանին յաջողւել է, իր իսկ բառապաշարով, «կառավարել միջազգային ծաղրը». իրեն ծաղրում են ոչ միայն Արեւմուտքում, այլ նաեւ՝ ասիական, եւրասիական տարածաշրջանում, ինչն աշխարհաքաղաքական ծաղրի դիւերսիֆիկացիայի եզակի օրինակ է: Դա վստահաբար եւս մէկ քայլով բարձրացնում է Հայաստանի ինքնիշխանութեան ու անկախութեան մակարդակը:

Չէ՞ որ Փաշինեանը՝ պակաս բալանսաւորւած քաղաքականութեան դէպքում, կարող էր խայտառակւել, ասենք, միայն ԱՊՀ-ում, եւ գոնէ արարողակարգային ընդունելութեան արժանանալ արեւմտեան առաջնորդների կողմից, կամ հակառակը՝ ծիծաղի առարկայ դառնար Արեւմուտքում՝ մարդավարի ընդունելութեան արժանանալով հակադիր բեւեռում:

Բայց դա կը լինէր միագիծ, միակողմանի, ընդհուպ ստրկական ծաղրի դրսեւորում, այն դէպքում, երբ հիմա խայտառակութիւնը բազմազանեցւել է երկրագնդով մէկ՝ խեղկատակութիւնը դարձնելով Հայաստանի այլեւս միակ յատկանիշը:

Փաշինեանական խայտառակութիւնների առիթով հայ հասարակութիւնը բաժանւած է երկու մեծ խմբի. արժանապատւութիւն ունեցողներն ու պետութեան համար համաշխարհային ծաղրի վտանգները գիտակցողներն «իսպանական ամօթ» են ապրում, իսկ իշխանական քարոզչութեան ազդեցութեան տակ գտնւողները ծաղրի ենթարկւելը գնահատում են՝ որպէս դիւանագիտական իմաստնութիւն, որի թաքնւած նպատակները հասու չեն շաքային մահկանացուներին:

Խնդիրը, սակայն, այն է, որ աշխարհի համար կարեւոր չէ՝ Հայաստանում կա՞ն երկրի ղեկավարի պահւածքից նրա փոխարէն գետինը մտնողներ, թէ՞ բոլորն են հաշտ համաշխարհային կոմիկի ղեկավարած երկրի քաղաքացի լինելու հետ:

Դրսում համարում են, որ եթէ ու քանի դեռ պետութիւնը ներկայացնում է մէկը, ով միջազգային շփումներում թոյլ է տալիս իրեն վերաբերւել «թաղի հարիֆի» հանգոյն, ուրեմն նա ոչ թէ առանձին վերցրած հանրային շերտերի, այլ համապետական խեղկատակ է:

Յատկապէս, որ դեռեւս հինգ տարի առաջ բացայայտւել է իրեն «գժի տեղ դնելու» մասին նրա յայտարարութիւնը, որից յետոյ հայ հասարակութիւնը նրան ուղարկել է ոչ թէ «գժի տեղ դնողների» համար նախատեսւած հաստատութիւն, այլ երկրի ղեկավարի աշխատասենեակ:

Բալանսաւորւած ու բալանսաւորման արտաքին քաղաքականութիւնը՝ ուղիղ եթերում: Ծաղրում են՝ ինչպէս Արեւմուտքում, այնպէս էլ՝ Ռուսաստանում: Ծաղրի չափման բարոմետր եթէ լինէր, ցոյց կտար՝ Թրամփի՞ վիրաւորանքն է աւելի ուժեղ, թէ՞ Տաջիկստանի նախագահինը: Բայց կարեւորը բալանսաւորումն է:

168.am

Related Articles

Back to top button