Հայաստան - ԱրցախՔաղաքական

Նռան գոյնը (Աղդամի)՝ Հայաստանի ԱԺ-ում

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ

 

Նոյեմբերի 12-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութիւնը մերժել է Ադրբեջանում պահւող հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերեալ ընդդիմութեան յայտարարութեան նախագիծը, որով Հայաստանի խորհրդարանի անունից միջազգային հանրութեանը կոչ էր արւում ճնշում գործադրել Բաքւի վրայ՝  Ադրբեջանում պահւող բոլոր հայ ռազմագերիների ազատ արձակման համար։ Այս նախագիծը մերժելու իշխանութեան հիմնաւորումն այն է, թէ Հայաստանի կառավարութիւնն ամէն օր է զբաղւում հայ գերիներին վերադարձնելու հարցով, եւ դրա համար յայտարարութեան կարիք չկայ։

Հաւաստիացումը, թէ Հայաստանի կառավարութիւնն ամէն օր զբաղւում է գերիների վերադարձի հարցով, մեղմ ասած, հաւատ չի ներշնչում։ Ճիշտ հակառակը՝ դատելով հայ ռազմագերիների մի մասի վերաբերեալ այդ կառավարութեան ղեկավարի՝ հրապարակային, ու այդ նոյն իշխանութեանը սպասարկող քարոզչամիջոցների՝ ատելութեան խօսքից, իշխանութիւնը շահագրգռւած չէ ռազմագերիներից առնւազն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան վերադարձի հարցով՝ գուցէ մտավախութիւն ունենալով, որ նրանք Հայաստանում կարող են վտանգ ներկայացնել իշխանութեան համար։

Բայց եթէ անգամ հաւատանք իշխանութեան վստահեցմանը, թէ ամէն օր զբաղւում են գերիների վերադարձի հարցով, ապա խորհրդարանի յայտարարութիւնը դրան որեւէ կերպ չէր խանգարելու։

Բանն այն է, որ յայտարարութիւնը չի վերաբերում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացին, ու նաեւ դա է պատճառը, որ իշխանութիւնն իր մերժումը չհիմնաւորեց «բանակցային գործընթացը տորպեդահարելու» մասին ծեծւած ձեւակերպմամբ։ Յայտարարութիւնն ընդամէնը կոչ է անում միջազգային հանրութեանը՝ ճնշում գործադրել Ադրբեջանի վրայ այն նոյն օրերին, երբ միջազգային հանրութեան բազմաթիւ ներկայացուցիչներ Բաքւում մասնակցում են Կլիմայական հարցերով ՄԱԿ-ի գագաթնաժողովին։

Հասկանալի է, որ միջազգային հանրութիւնը՝ այս հարցով Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելու համար, չի սպասում Հայաստանի ԱԺ-ի յայտարարութեանը, բայց հասկանալի է նաեւ, որ որքան էլ հռչակագրային, այդ յայտարարութիւնը չէր կարող գոնէ հեղինակութեան տիրոյթի ազդեցութիւն չունենալ Բաքւում այս օրերին ընթացող միջոցառումներում։ Այսինքն՝ այն, եթէ անգամ չնպաստեր, վստահաբար չէր խոչընդոտելու Հայաստանի կառավարութեան՝ «գերիներին ազատ արձակելու ջանքերին»։ Հայաստանը խորհրդարանական կառավարում ունեցող երկիր է, եւ միանգամայն նորմալ կը լինէր, եթէ ԱԺ-ն՝ որպէս քաղաքական առաջնային մանդատ ունեցող մարմին, յայտարարութեան տեսքով արտայայտեր իր դիրքորոշումը, ինչը գործադիր իշխանութեան համար իմպերատիւ բնոյթ չէր ունենալու։

Այսինքն՝ որեւէ կերպ չէր վնասելու գործադիր իշխանութեան կողմից վարւող բանակցութիւններին, աւելին՝ մեծացնելու էր նրա մանեւրելու հնարաւորութիւնը՝ թոյլ տալով բանակցութիւններում յղում կատարել քաղաքական ինստիտուտի դիրքորոշմանը եւ աւելի շահեկան դիրք գրաւել։

Ստացւում է, որ ԱԺ-ի յայտարարութիւնը մերժելու որեւէ քաղաքական հիմնաւորում իշխանութիւնը չունէր, բայց մերժեց՝ հերթական անգամ խորացնելով հանրութեան բաւական մեծ մասի մօտ գնալով հաստատուն դարձող այն կարծիքը, որ Հայաստանի իշխանութեան ընտրութիւնը՝ արտաքին քաղաքական կողմնորոշումների փոփոխութեան շրջապտոյտում, ի վերջոյ, կանգ է առել ադրբեջանաթուրքական ուղղութեան վրայ, կամ այլ խօսքով՝ Հայաստանն անցել է թուրք-ադրբեջանական անուղղակի վերահսկողութեանը, ինչը ենթադրում է, որ բոլոր կարեւոր որոշումներն այն կայացնում է միայն արտաքին պատրոնաժների հետ համաձայնեցնելուց յետոյ։

Այդ դէպքում ամէն ինչ առաւել քան հասկանալի է դառնում Հայաստանը չէր կարող թէկուզ եւ խորհրդարանի մակարդակով ընդունել յայտարարութիւն, որը կը ստւերէր Ադրբեջանի համար դարի կարեւորութիւն ունեցող միջոցառումը, ինչը, ի դէպ, հնարաւոր է դարձել Հայաստանի համաձայնութեան շնորհիւ։

Իշխանութեան պաշտպաններն ու «առաջադէմ մտածողները» հայկական իշխանութեան՝ թուրք-ադրբեջանական վերահսկողութեանը ենթարկւելու վարկածը համարում են դավադրութեան տեսութիւն, զրպարտանք, ցածրակարգ մօտեցում, եւ այլն։

Բայց երբ իշխանութեան գործողութիւնները հնարաւոր չի լինում բացատրել քաղաքական գործիքակազմով, պետական շահերի պաշտպանութեան կանխավարկածով, մնում են դաւադրութեան տեսութիւնները, որոնք նաեւ իրականութեանը համապատասխանելու հաւանականութիւն ունեն։

Առաւել եւս, որ հայ ռազմագերիներին վերաբերող յայտարարութեան ընդունումը մերժւել է մի խորհրդարանում, որի ղեկավարը շաբաթներ առաջ Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան արդարացնում էր՝ յայտարարելով, թէ դրա համար Ադրբեջանն ունէր ՄԱԿ-ի չորս բանաձեւեր։ Բառացիօրէն նոյն յայտարարութիւնը, բառացիօրէն նոյն՝ Ադրբեջանին արդարացնելու նպատակով, երէկ հնչեցրել է Իլհամ Ալիեւը՝ COP29 գագաթնաժողովում ունեցած իր ելոյթում։

Մնում է պարզել՝ յատկապէս ի՞նչն է միաւորում Ալիեւին ու Փաշինեանի թիմակից Սիմոնեանին։ Գուցէ՝ այդ թւում՝ Աղդամը որպէս սեփական հայրենիք ճանաչելու զգացողութիւնը։

168.am

Related Articles

Back to top button