Հայաստան - ԱրցախՔաղաքական

Երեւանում տեղի է ունեցել «Արցախ. չկարգաւորւած հակամարտութիւն, վերադարձի իրաւունք» խորագրով միջազգային խորհրդաժողով

«ԱԼԻՔ» – ՀՅԴ նախաձեռնութեամբ, երէկ՝ սեպտեմբերի 2-ին, Երեւանում տեղի է ունեցել «Արցախ․ չկարգաւորւած հակամարտութիւն, վերադարձի իրաւունք» խորագրով միջազգային խորհրդաժողովը, որին մասնակցել են հայ եւ օտարազգի փորձագէտներ եւ քաղաքական գործիչներ:

Խոհրդաժողովում բացման խօսքով հանդէս է եկել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը:

«Արցախի հարցը փակւած չէ եւ չի կարող փակւել, քանի դեռ Արցախի ժողովուրդը զրկւած է իր պատմական հայրենիքում արժանապատիւ կեանքի իրաւունքից»,- յայտարարել է նա՝ ընդգծելով, որ  ուժի սպառնալիքով ընդունւած որեւէ փաստաթուղթ չի կարող համարւել օրինական եւ առանց Արցախի ժողովրդի անմիջական մասնակցութեան կայացւած որեւէ որոշում չի կարող գոյութիւն ունենալու իրաւունք ունենալ։

Սաղաթէլեանը նշել է, որ Արցախցի բնակիչների հայրենիք վերադառնալու իրաւունքը հիմնարար է եւ չի կարող անտեսւել։

Խորհրդաժողովին ելոյթ է ունեցել նաեւ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը՝ նշելով. «Հակամարտութիւնը չի լուծւել, այն ունի նոր ձեռքբերւած բաղադրիչներ։ Առաջացել է հրատապ ու կարեւոր նոր խնդիր, որը վերադարձի իրաւունքն է։ Մեր ուղերձն այն է, որ այդ իրաւունքը այնքան արմատական եւ հիմնարար նշանակութիւն ունեցող միջազգային իրաւունքների շարքում է, որ այն վաղ թէ ուշ իրականանալու է, վաղ թէ ուշ վերադարձ տեղի է ունենալու»:

Ըստ Արմէն Ռուստամեանի՝ հակամարտութեան հիմքում մեր ինքնութեան հետ Ադրբեջանի ու Թուրքիայի՝ անհաշտ լինելն է. «Եթէ դա այդպէս չէ, թող մէկը բացատրի, թէ Ադրբեջանն ինչո՞ւ չի բաւարարւում նրանով, որ Արցախն արդէն հայաթափւել է։ Վանդալիզմի գործողութիւնները, որ իրականացւում են Արցախում, նպատակ է հետապնդում, որ հայկական հետքը ջնջեն, որ հայեր չեն եղել այստեղ. հայերը եկւոր են եղել։ Քանի մենք սա չենք հասկացել, չենք հասկանայ, որ այս կոնֆլիկտը չի աւարտւի, քանի Ադրբեջանը ու Թուրքիան չեն որոշել հաշտ ապրել մեր ինքնութեան հետ։ Քանի դա տեղի չի ունեցել, կոնֆլիկտը Արցախից տեղափոխւել է Հայաստան։ Իրենք հիմա էլ շարունակում են անհաշտ լինել մեր ինքնութեան հետ»։

«Ոչ մի փաստաթուղթ եւ ոչ մի ձեռքսեղմում չի կարող Հայաստանի համար խաղաղութիւն ապահովել»,- խորհրդաժողովում յայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այւազեանը՝ անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրւած փաստաթղթին:

«Ինչի՞ մասին էր Վաշինգտոնի օգոստոսի 8-ի համաձայնագիրը։ Յայտարարւել է, որ Հարաւային Կովկասում խաղաղութիւն է հաստատւել եւ Արցախի հարցը փակւել է։ Բայց խօսքն ինչպիսի՞ խաղաղութեան մասին է։ Եկէք անկեղծ լինենք. խաղաղութիւն չի կարող հաստատւել, երբ արտասահմանեան մայրաքաղաքում ժողովրդից գաղտնի խաղաղութեան մասին փաստաթուղթ է ստորագրւում, խաղաղութիւն չի կարող հաստատւել ԶԼՄ-ների համար արւած ձեռքսեղմումներով։ Դա մի գործընթաց է, որի արմատները հիմնւած են արդարութեան, վստահութեան եւ արժանապատւութեան վրայ։ Երբ ես նայում եմ օգոստոսի 8-ի գործարքին, դրանց ամբողջական բացակայութիւնն եմ տեսնում։ Հայաստանում յարաբերական անդորրը փորձում են ներկայացնել որպէս լիակատար խաղաղութիւն։ Բայց արդեօ՞ք վէրքերը բուժւել են եւ արդեօ՞ք տեղահանւածները վերադարձել են տուն։ Եթէ ​​մենք խաղաղութիւն ենք ուզում, պէտք է աւելի խորը նայենք»,- ասել է նա:

Նոյն թեմային է անդրադարձել նաեւ ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը, ով ստեղծւած իրավիճակը համեմատել է սենեակում փիղ ունենալու հետ, երբ բոլորը ձեւացնում են, թէ սենեակում փիղ չկայ։ Իրավիճակն աւելի պատկերաւոր ներկայացնելու համար Մանոյեանը սլայդներ է ցուցադրել, որոնցում կոնկրետ նշւած են հակառակորդի գործողութիւններն այս կամ այն դէպքում։ Նա պարզաբանել է, որ ուժի կիրառման եւ դրա սպառնալիքի պայմաններում ստորագրւած փաստաթղթերն անվաւէր են։

Մանոյեանը յիշեցրել է, որ աւելի վաղ յայտարարւել էր, թէ Բաքւի հետ խաղաղութեան համաձայնագրի ստորագրմանը խոչընդոտում են երկու հանգամանքներ՝ նրանք պահանջում էին ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարում եւ ՀՀ Սահմանադրութեան փոփոխութիւն։ Մայիսին Վաշինգտոնում հաստատել են, որ աշխատում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան հաստատման ուղղութեամբ՝ Բաքւի հնարաւոր ագրեսիայի լոյսի ներքոյ։ Ինչպէս նկատել է Մանոյեանը, սա նաեւ հաստատում է, որ Վաշինգտոնում փաստաթղթերը ստորագրւել են ուժի կիրառման սպառնալիքի ներքոյ։

«Իրականութիւնն այն է, որ նախաստորագրւած փաստաթղթերում Արցախն ու արցախցիները չկան, չկայ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Բայց արցախցիներ կան։ Հայաստանի իշխանութիւններն ապօրինի են, քանի որ վերընտրւելուց յետոյ մինչ օրս անում են ճիշտ հակառակն այն ամենին, ինչ խոստացել էին մինչեւ ընտրութիւնները եւ ներառել իրենց ծրագրում՝ դրանցից յետոյ։ Այս ապօրինութիւնը նաեւ վկայում է այն մասին, որ փաստաթղթերն ուժ չունեն։ Եթէ իշխանութիւններին յաջողւի որեւէ բան փոխել հանրաքւէով, դա նոյնպէս անվաւէր կլինի»,- ընդգծել է Մանոյեանը։

«Այս իշխանութիւնները պէտք է հեռանան»,- եզրափակել է նա։

Related Articles

Back to top button