Ամօթի ու խայտառակութեան խարանով դաջւած

«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փետրւարի 16-19-ին Աւստրիայում նախատեսւում էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովը: Սակայն քանի որ Նիկոլ Փաշինեանի քմահաճոյքով ու իրաւապահներին տւած ուղիղ կարգադրութեամբ սարքւած առանց իրաւական հիմքի, հակասահմանադրական, հակաօրինական, բացարձակ շինծու, անհեթեթ «գործով» Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու մի շարք եպիսկոպոսներ արհեստականօրէն զրկւել են ժողովին անմիջականօրէն մասնակցելու հնարաւորութիւնից, ըստ Տէր Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանի, դա դառնում է հաւաք:
Բայց այս ամէնի մէջ առաջինն, ինչ աչք է ծակում, հէնց այն է, որ Հայաստանի պատմութեան մէջ աննախադէպ բան կատարւեց. քրէական վարոյթ նախաձեռնւեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի դէմ: Գիտէք, նոյնիսկ խորհրդային իշխանութեան ժամանակ նման բան չի եղել, որ Կաթողիկոսի դէմ քրէական գործ յարուցւի: Անգամ օտար բռնակալներն են խուսափել նման այլանդակութիւններից:
Մի խօսքով, այն, ինչ արեց փաշինեանական իշխող ռեժիմը, համազգային ամօթ ու խայտառակութիւն է: Եւ իրենք՝ Փաշինեանն ու Հայոց եկեղեցու դէմ պատերազմի ելած նրա խմբակը, այլեւս այդ ամօթի ու խայտառակութեան խարանով են դաջւած: Ու ոչ միայն այդ:
Եւ պատահական չէ, որ ամբողջ ադրբեջանական մամուլը արդէն երկու-երեք օր է, ինչ այդ թեման է շրջանառում, եւ անում է դա մի առանձնայատուկ ցնծութեամբ եւ հրճւանքով: Բոլոր լրատւամիջոցների «գլխաւոր» թեման է դա: Ասա, թէ ում են ուրախացնում քո գործողութիւնները, եւ ես կասեմ, թէ ով կամ ինչ էք դուք:
Բայց Հայոց եկեղեցին դարերի ընթացքում ծանր փորձութիւնների շատ է բախւել: Ու այս մէկն էլ, անկասկած, կը յաղթահարի: Վստահ ենք, որ հայ ժողովուրդն էլ թոյլ չի տայ քանդել իր Եկեղեցին:



