Աբբաս Արաղչի. «Սիրիայի զինեալ ապստամբները բազմաշերտ են եւ բոլորը չէ, որ ահաբեկիչներ են»
«ԱԼԻՔ» – Իրանի արտաքին գործերի նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին կիրակի՝ դեկտեմբերի 8-ին, հեռուստատեսութեան լրատւական ծրագրի ժամանակ պատասխանել է տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերեալ հարցերին:
ԱԳ նախարարի հաւաստմամբ, արդէն գոյութիւն ունեցող տեղեկատւութիւնից պարզ էր, որ նման միտումներ կան Գազայում եւ Լիբանանում տեղի ունեցող զարգացումների ֆոնին: «Մեր երկրի անվտանգութեան տեսադաշտում էին յայտնւել նաեւ այդ զինեալ խմբաւորումների աշխուժացումը եւ լիովին տեղեակ էինք Իդլիբում տեղի ունեցող անցուդարձերի մասին: Իրանական կողմը բոլոր համապատասխան տեղեկութիւնները փոխանցել էր Սիրիայի կառավարութեանն ու բանակին»։
Արաղչին ընդգծել է, որ Սիրիայում Իրանի ռազմական ներկայութիւնը ԴԱԷՇ-ի դէմն առնելու համար էր, իսկ այդ առաքելութիւնն աւարտւեց ԴԱԷՇ-ի պարտութիւնից յետոյ։
ԱԳ նախարարը կարեւորելով տարածաշրջանի երկրների ներգրաւմամբ կայունութիւն հաստատելու փաստը, նշել է. «Մենք երէկ (շաբաթ՝ դեկտեմբերի 7-ին) Դոհայում ունեցանք Աստանայի ձեւաչափի հանդիպումը: Իսկ երբ Սաուդեան Արաբիայի, Իրաքի, Եգիպտոսի եւ Յորդանանի արտաքին գործերի նախարարները տեղեկացան, որ նման հանդիպում կայ, անմիջապէս ժամանեցին Դոհա եւ խնդրեցին, որ Աստանայի ձեւաչափի անդամ երկրների եւ այս 5 երկրների միջեւ համատեղ հանդիպում կայանայ»։
Արաղչին յայտարարել է, որ հանդիպման ժամանակ Իրանը պնդել է, որ անհրաժեշտ է բանակցութիւնների միջոցով շփում ստեղծել Սիրիայի կառավարութեան եւ ընդդիմութեան միջեւ, ինչը ողջունելի կը լինի Իրանի կողմից:
Նա յաւելել է. «Մեր ունեցած հանդիպման ժամանակ մենք ընդգծեցինք Սիրիայի տարածքային ամբողջականութեան, սիրիական սահմանների անձեռմխելիութեան եւ Սիրիայում միասնութիւնը յարգելու անհրաժեշտութիւնը, յատկապէս այն, որ այս երկիրը չպէտք է դառնայ ահաբեկիչների ապաստարան, եւ պահանջեցինք անմիջապէս դադարեցնել հակամարտութեան կրակը՝ բոլոր կողմերի միջեւ երկխօսութիւն սկսելու նպատակով»:
ԱԳ նախարարը յաւելել է. «Իսկ ապստամբներին դիմելու մեր՝ «զինւած խմբեր» ձեւակերպումն արւել է օրինական ընդդիմութեան մասին խօսելիս, ինչը պիտի վերագրել այն ապստամբներին, որոնք ահաբեկչական խմբաւորումներ չեն»:
Արաղչին նշել է, որ Իրանը միշտ կողմ է արտայայտւել Բաշշար Ասադի կառավարութեան եւ սիրիական ընդդիմադիր խմբաւորումների միջեւ հնարաւոր երկխօսութեանը:
Նա վերջում անդրադառնալով Պաղեստինի, մասնաւորապէս Գազայի հատւածի զարգացումներին նշել է. «Իսրայէլն ու Նեթանիահուն բարձրաձայն յայտարարել էին, որ Գազա են մտել ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելու նպատակով, եւ եթէ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնւեն հրադադարի ռեժիմի հարցում, դա կը նշանակի Իսրայէլն ընդունել է իր պարտութիւնը: Հետեւաբար, Նեթանիահուն ընդունելով զինադադարը, փաստացի ընդունել է նաեւ իր պարտութիւնը»: