ՌԴ ԱԳՆ. «Անհասկանալի են Հայաստանում «ռուսական ազդեցութեան գործակալների» որոնման չափանիշները»

«ԱԼԻՔ» – Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութիւնը տարակուսանք է յայտնել այն հարցի շուրջ, թէ ինչ չափանիշներով են Հայաստանի իշխանութիւնները ընդդիմադիր տրամադրւած քաղաքացիներին դասում «ռուսական ազդեցութեան գործակալների» շարքը։ Հաղորդում է Alpha News-ը:
«Մենք տեսնում ենք հայկական համապատասխան մարմինների ակտիւ աշխատանքը, որոնք փորձում են նման «գործակալներ» յայտնաբերել ընդդիմադիր դիրքորոշում ունեցող քաղաքական եւ հասարակական գործիչների շրջանում։ Առաջանում է հարց՝ ի՞նչ չափանիշներ են կիրառւում։ Արդեօ՞ք դրանք այն մարդիկ են, ովքեր հանդէս են գալիս երկկողմ յարաբերութիւնների զարգացման օգտին։ Սակայն հէնց վարչապետ Փաշինեանն է յայտարարում դրանց ամրապնդման անհրաժեշտութեան մասին։ Չափանիշները մնում են անհասկանալի»,- յայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։



