Հայաստան - Արցախ

Աւետիք Չալաբեան. «Մինչեւ Փաշինեանը չկայ որեւէ փաստաթուղթ Հայաստանի կողմից ստորագրւած, որով Արցախը ճանաչւում է Ադրբեջանի կազմում»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մենք արդէն տեղեկացրել ենք, որ «Հայաքւէի» օրէնսդրական նախաձեռնութեան հետ կապւած կառավարութիւնը ներկայացրել է իր առաջարկները, որոնց ամփոփիչ իմաստն այն է, որ «նախագծով առաջարկւող լրացումներն ունեն խնդիրներ իրաւական որոշակիութեան, քրէական օրէնսգրքի կառուցւածքի տրամաբանութեան հետ, ինչպէս նաեւ պարունակում են ներպետական եւ միջազգային ատեաններում վերոշարադրեալ եւ այլ հիմնաւորումներով տարաբնոյթ մեկնաբանման առիթ դառնալու ռիսկեր, ուստի առաջարկում է ձեռնպահ մնալ դրանք կատարելուց»:

«Փաստ» թերթի տեղեկութիւններով, «Հայաքւէի» ներկայացուցիչները ամփոփ փաստարկներ են ներկայացրել՝ ընդդէմ նման մօտեցման: Կառավարութեան տեսակէտի հետ կապւած կարծիք ստանալու համար դիմեցինք «Հայաքւէի» նախաձեռնող, «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Աւետիք Չալաբեանին: «Զուտ էմոցիոնալ առումով, ծայրայեղ բացասական է վերաբերմունքս կառավարութեան ներկայացրած առաջարկների մասով՝ հասկանալի պատճառով: Սկսենք իրաւական անորոշութիւն փաստարկից: Այն ուղղակի ծիծաղելի է: Օրինագծում բացարձակ որեւէ իրաւական անորոշութեան խնդիր չկայ, իսկ եթէ կան տեխնիկական խնդիրներ, կարող ենք որոշակի ճշգրտումներ մտցնել»,- ասաց Չալաբեանը: Ինչ վերաբերում է կառավարութեան փաստարկներին:

Մեր զրուցակիցը նշում է. «Որո՞նք են իրենց հիմնական փաստարկները: Առաջինն այն է, որ Ալմա-Աթայի հռչակագրով Հայաստանի Հանրապետութիւնն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում: Դա պարզապէս ծիծաղելի է: Մի քանի պատճառով: Ալմա-Աթայի հռչակագիրը Հայաստանի կողմից ստորագրւել է 1991 թ.-ի դեկտեմբերի 21-ին, այդ ժամանակ արդէն Արցախն անկախացել էր Ադրբեջանից: Ուստի միայն դրանով պարզ է, որ Հայաստանը չի ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում: Երկրորդ՝ ՀՀ-ն այդ հռչակագիրը վաւերացրել է Արցախի վերաբերեալ վերապահումով, այսինքն՝ բոլոր դէպքերում Հայաստանը Ադրբեջանի խորհրդային սահմանները չի ճանաչել:

Ալմա-Աթայի հռչակագրում գրւած չէ «խորհրդային սահմաններ», գրւած է «գործող սահմաններ»: Այս առումով էլ 1991 թ.-ին Ադրբեջանի գործող սահմաններում Արցախը չկար, քանի որ արդէն անկախացել էր: Երրորդ՝ Ադրբեջանն այդ հռչակագրին միացել է 1993 թ.-ին, ոչ թէ 1991 թ.-ին, այդ ժամանակ նա ընդհանրապէս Արցախը չէր վերահսկում: Չորրորդ՝ սա եւս կարեւոր է, դեռեւս 1992 թ.-ին ստեղծւել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի մանդատը եղել է Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ եւ համապարփակ կարգաւորումը: Պարզ է, որ Արցախը չէր կարող լինել Ադրբեջանի կազմում: Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչւել է 2022 թ.-ի հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինեանի կողմից Պրագայի յայտարարութեամբ: Մինչեւ Փաշինեանը չկայ որեւէ փաստաթուղթ Հայաստանի որեւէ իշխանութեան կողմից ստորագրւած, որով Արցախը ճանաչւում է Ադրբեջանի կազմում»:

Չալաբեանը նաեւ ուշադրութիւն է հրաւիրում այն հանգամանքի վրայ, որ կառավարութեան եզրակացութեան մէջ մէկ տարօրինակ բան էլ կայ գրւած՝ մեր Սահմանադրութեան նախաբանը յղում է կատարում Անկախութեան հռչակագրին, իսկ այնտեղ Արցախի հետ վերամիաւորումը նշւած չէ որպէս ազգային նպատակ: «Արցախի հետ վերամիաւորումը ոչ միայն նշւած է, այլ դրւած է դրա հիմքում: Հռչակագիրը հիմնւած է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնների վերամիաւորման վրայ: Աւելին՝ 1990 թ.-ին Հայաստանի Գերագոյն խորհրդում 12 պատգամաւոր Լեռնային Ղարաբաղից էր: Մէկ վերապահում էլ իրենց եզրակացութեան վերաբերեալ:

Ասում են՝ մեր Քրէական օրէնսգրքում Ցեղասպանութեան ժխտման համար արդէն քրէական յօդւած է նախատեսւած, ուստի երկրորդ յօդւածի կարիքը չկայ: Մեր Քրէական օրէնսգրքում Մարդկութեան դէմ ուղղւած յանցագործութիւնների բաժնում իսկապէս ցեղասպանութիւնների ժխտման համար յօդւած է նախատեսւած, բայց այն յօդւածը, որ մենք ենք նախատեսում, ոչ թէ վերաբերում է Ցեղասպանութեան ժխտմանը, այլ Հայաստանի Հանրապետութեան անունից, այսինքն՝ պետութեան կողմից դրա միջազգային ճանաչումից հրաժարւելուն: Դուք կարող էք չժխտել Հայոց Ցեղասպանութեան փաստը, բայց որպէս պետութիւն չզբաղւէք դրա միջազգային ճանաչմամբ, ինչպէս անում է այսօրւայ իշխանութիւնը: Մենք ասում ենք՝ դա ազգային անժամկէտ նպատակ է, որի վրայ հիմնւած է մեր Սահմանադրութիւնը եւ Հայաստանի երրորդ Հանրապետութիւնը, իշխանութիւնն իրաւունք չունի դրանից հրաժարւելու»,- ամփոփում է մեր զրուցակիցը»:

Related Articles

Back to top button