Մշակութային

Իրանահայ ռեժիսորը Սամարղանդից տուն է վերադարձել դիպլոմ-պատւոգրով

Ալբերտ Բեգջանեանը առաջինն էր, ով Սամարղանդում ներկայացրել է իրանական թատրոնը

«ԱԼԻՔ» – «Դիմակ» թատրոնի գեղարւեստական ղեկավար-հիմնադիր Ալբերտ Բիգջանեանն «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում տեղեկացրել է Սամարղանդում եւ Բուխարայում «Դիմակ»-ի անցկացրած հիւրախաղերի արդիւնքների մասին:

Կենտրոնական Ասիա կատարած ուղեւորութեան մասին Ալբերտը մեզ պատմեց, որ հիւրախաղերը տեղի են ունեցել նոյեմբերի առաջին կէսին, որի ընթացքում «Մարշմալօ» տիկնիկային ներկայացումը բեմականացւել է Տաջիկստանում եւ Ուզբեկստանում։

Նա յաւելել է, որ շրջագայութեան ընթացքում «Մարշմալօ»-ն ներկայացւել է ինչպէս՝ պարսկերէն, այնպէս էլ ռուսերէն լեզուներով։ Պարսկերէն ներկայացումը խաղարկւել է անւանի դերասան Դարիւշ Մոադաբեանի միջոցով, իսկ ռուսերէն տարբերակը խաղարկել է Շերւին Դորոսթին:

«Չադորէ խիալ» անունով յայտնի այս փառատօնը տեղացիների համար նոյն իմաստն է կրում ինչ՝ «Խէյմէ-շաբ-բազի»-ն իրանցիների դէպքում է:

Բեգջանեանը նկատել տւեց, որ «Մարշմալօ» ներկայացումն արդէն իսկ բոլորել է իր խաղարկման 14-րդ տարին: «Այն առաջին անգամ բեմականացւել է որդուս՝ Ադդէ Բեգջանեանի խաղարկութեամբ, երբ նա ընդամէնը 8 տարեկան էր: Առաջին ներկայացման տիկնիկների նկարումն ու ձեւաւորումը եւս Ադդէի աշխատութիւնն էր»,- նշում է նա:

Շել Սիլւերսթայնի «Լաֆկադիօ» պատմւածքի հիման վրայ գրւած «Մարշմալօ» ներկայացմամբ «Դիմակ» թատրոնը շրջել է աշխարհով մէկ, մասնակցելով շուրջ 16 միջազգային փառատօների եւ բեմադրւել է 6 լեզուներով՝ հայերէն, պարսկերէն, ֆրանսերէն, անգլերէն, ռուսերէն եւ վրացերէն։

Ալբերտը յայտնեց նաեւ, որ ուղեւորութեան ընթացքում անւանի դերասան Դարիւշ Մոադաբեանը հանդէս է եկել Սաադիի «Գոլեսթան»-ի ընթերցումներով: Դերասանի մասնակցութեամբ Ալբերտը ներկայացրել է իրանական թատրոնի մասին նիւթեր, ինչպէս նաեւ գրականութեան թեմայով նիստեր՝ ակադեմական մակարդակներում:

Related Articles

Back to top button