ՀԱՊԿ միջոցառումներին չմասնակցելն ակնյայտ դեմարշ է
ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանն արձագանգելով ՔՊ-ական իշխանութեան ներկայացուցիչների հակասական յայտարարութիւններին, հարց տւեց՝ ինչպէ՞ս են մեկնաբանում իշխանութեան ներկայացուցիչներն իրենց՝ ՀԱՊԿ միջոցառումներին չմասնակցելը եւ այն յայտարարութիւնը, թէ դուրս չեն գալիս ՀԱՊԿ-ից։
«Սա ի՞նչ է, դէ, ասացինք՝ դեմարշ է, ասացին՝ դեմարշ չէ, դուրս էք գալիս, թէ՝ դուրս չենք գալիս, այս ամէնը ի՞նչ անուն պէտք է ստանայ։ Պարզ է, որ ակնյայտ դեմարշ է կատարւում, սա նոյն տրամաբանութեան մէջ է, շարունակութիւնն է նոյն քաղաքականութեան, ինչ այսօր իրականացնում են ՀՀ իշխանութիւնները։ Նաեւ իրենց կարծիքով՝ գտել են շատ հիմնաւոր բացատրութիւն, ասելով, որ ճիշտ է՝ ՀԱՊԿ-ը գալիս է այստեղ իր ներկայութիւնը ապահովելու, եւ որոշակի համաձայնութիւն այդ առումով կայ։ ՀԱՊԿ-ն էլ իր հերթին՝ յայտարարում է, որ օրակարգում է դեռ այդ հարցը, բայց Հայաստանը շարունակում է մերժել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում ասաց ընդդիմադիր պատգամաւորը՝ պատասխանելով հարցին, թէ ինչպէ՞ս կը մեկնաբանի ՀՀ իշխանութեան տարբեր ներկայացուցիչների՝ ՀԱՊԿ միջոցառումներին չմասնակցելը։
Արմէն Ռուստամեանի համար զարմանալի են ՀՀ իշխանութիւնների այն պնդումները, ըստ որի՝ ՀԱՊԿ-ից պահանջում են, որպէսզի Հայաստան դիտորդներ ուղարկելիս անպայման նշեն, թէ նրանք ուր են գալիս։
«Իրենք գալիս են, այդտեղ էլ կերեւայ, թէ ուր են գալիս։ Չեմ կարծում՝ այստեղ որեւէ տրամաբանական բացատրութիւն գոյութիւն ունի։ Պարզ է, որ կայ քաղաքականութիւն թէ՛ վեկտորի փոփոխութեան, որի մասին մենք խօսել ենք, թէ՛ առհասարակ անվտանգային համակարգի։ Սա մեզ համար լուրջ խնդիր է առաջացնում, քանի որ այսօր հակամարտող կողմերն այսպէս խնդիր ունեն միմեանց հետ, եւ այդ հակամարտութիւնը, առճակատումը պատերազմական իրավիճակ է, որ մենք տեսնում ենք՝ շարունակաբար գոյութիւն ունի Ուկրաինայի հարցով։ Եւ այստեղ ճամբար փոխել, ճամբարափոխութիւն իրականացնել՝ նշանակում է, որ մի խրամատում էիք, յետոյ պարզւի, որ այդ խրամատը դուրներդ չի գալիս, կռւի ժամանակ անցնէք միւս խրամատ։ Այդ ընթացքում, բնականաբար, զոհեր կը լինեն։ Հիմա մենք այս կռիւը տեղափոխում ենք մեր տարածք, փոքր Հայաստանի տարածք։ Միթէ մենք չենք տեսնո՞ւմ, թէ ինչ է կատարւում, երբ մենք այդ կռիւը տեղափոխում ենք մեր տարածք, մեր առջեւ կայ Ուկրաինայի, Վրաստանի օրինակը, բազմաթիւ օրինակներ կան»,- շեշտեց Արմէն Ռուստամեանը։
Պատգամաւորը եւս մէկ անգամ ընդգծեց, որ այս տրամաբանութեան մէջ շատ լուրջ վտանգներ է տեսնում, դրա մասին պէտք է լրջօրէն վերլուծւի, խօսւի, քանի որ ՀՀ իշխանութիւնն անվտանգային համակարգ է փոխում, չհասկանալով, թէ միւսը որն է, դրա վերաբերեալ միայն խօսքեր են հնչում։
Լրագրողի հարցին՝ այդ դէպքում ինչո՞ւ Հայաստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, Արմէն Ռուստամեանը պատասխանեց՝ ՀՀ իշխանութիւնը լաւ հասկանում է, որ ՀԱՊԿ ասելով՝ առաջին հերթին հասկանում են Ռուսաստան, ՀԱՊԿ-ում որոշումները կոնսենսուսով են ընդունւում։ Իսկ կոնսենսուս կայ այն առումով, որ ՀԱՊԿ-ը յայտարարում է, թէ ինչ է պատրաստւում անել Հայաստանի անվտանգութեան համար։
«Այդ կոնսենսուսը չի ձեւաւորւել միւս հարցի հետ կապւած, եւ սա տարածել Ռուսաստանի վրայ՝ նախ՝ ճիշտ չէ։ Երկրորդ՝ Ռուսաստանի հետ կապւած մեր յարաբերութիւնները պէտք է կարողանանք հասկանալ, եթէ դժգոհում ենք, որ Ռուսաստանը լաւ բարեկամ չեղաւ մեզ հետ, կարծում եմ՝ իշխանութիւնները հասկանում են, որ շատ վատ կը լինի, եթէ մենք Ռուսաստանին թշնամացնենք։
Սա, բնական է, երկար չի կարող տեւել, որովհետեւ այստեղ այդուամենայնիւ կողմնորոշւելու խնդիր դրւելու է, բոլոր կողմերից է դրւում։ Եւ այստեղ է, որ մեր վիճակը վատանալու է, «կամ-կամ»-ի վիճակ է առաջանալու։ Արեւմուտքն ասելու է՝ կա՛մ իմ հետ ես, կա՛մ իմ դէմ, Ռուսաստանը ասելու է՝ կա՛մ իմ հետ ես, կա՛մ իմ դէմ, որովհետեւ մէկի հետ լինել՝ նշանակում է միւսին դէմ լինել։ Չի ստացւի «եւ-եւ»-ի այս վիճակը։ Չնայած Հայաստանը դա պէտք է անի՝ գտնել այն տեղը, որտեղ իր անվտանգային խնդիրներն է լուծում։
Մեր պագոնները չի ընկնի, եթէ գնանք մասնակցենք ՀԱՊԿ նիստին եւ ինչ ուզում ենք՝ ասենք, ստեղծւած իրավիճակի առումով՝ եւս մէկ անգամ արձանագրենք մեր դժգոհութիւնները»,- շեշտեց Արմէն Ռուստամեանը։
Arfd.am