Հայաստան - ԱրցախՍփիւռք

Նախադէպը չունեցող ամօթալի իրողութիւն է․ Երուսաղէմի հայոց պատրիարքը դատապարտել է Սարդարապատի յուշահամալիր կաթողիկոսի մուտքը խոչընդոտելը

«ԱԼԻՔ» – Երուսաղէմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկեանը դատապարտում է Սարդարապատի յուշահամալիրում Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ ոստիկանութեան ամօթալի գործողութիւնները: Նա յոյս է յայտնել, որ ոստիկանութիւնը կը վերանայի իր գործելաոճն ու կը բացառի նման դէպքերի կրկնութիւնը:

«Խոր ցաւով եւ մտահոգութեամբ տեղեկացանք Մայիսի 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետութեան եւ Սարդարապատի հերոսամարտի 106-ամեակի յիշատակութեան օրը, Հայաստանի Հանրապետութեան ողջ պատմութեան մէջ նախադէպը չունեցող ամօթալի եւ խիստ դատապարտելի իրողութեան մասին:

Սարդարապատի հերոսամարտի ժամանակ հայ ժողովրդի համար այդ օրհասական օրերին զինւորների, հրամանատարների, գիւղացիների, շինականների եւ մտաւորականների կողքին մէկ ձեռքով խաչ, միւս ձեռքով զէնք բռնած մարտնչում էին նաեւ հոգեւորականները: Բախտորոշ այդ օրերին զինւորական ղեկավարութիւնը պահանջում էր Ամենայն Հայոց Գեւորգ 5-րդ Սուրէնեանց կաթողիկոսին փոխադրել աւելի ապահով վայր, իսկ Արամ Մանուկեանը առաջարկում էր ապահովութեան համար թողնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւ պատսպարւել Սեւանում: Նրանք ամէն կերպ ջանում էին ապահովել Հայոց Հայրապետի անվտանգութիւնը, պաշտպանել թշնամու հնարաւոր յարձակումից:

Այսօր, 106 տարի անց, Հայաստանի Հանրապետութեան ոստիկանութիւնը ոչ միայն չի ապահովում  Ամենայն Հայոց Հայրապետի անվտանգութիւնը, այլեւ տարապայման, քստմնելի վերաբերմունքի դրսեւորմամբ, մի քանի անգամ պատնէշ կազմելով, քաշկռտելով՝ փորձ է անում կանգնեցնել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի եւ նրան ուղեկցող հոգեւորականութեան ընթացքը դէպի Սարդարապատի յուշահամալիր:

Յանուն Սրբոց Յակոբեանց Զինւորեալ Միաբանութեան խստագոյնս դատապարտում ենք ՀՀ ոստիկանութեան ամօթալի եւ անպատւաբէր վարմունքը Ամենայն Հայոց Հայրապետի հանդէպ: Լիայոյս ենք, որ ՀՀ ոստիկանութիւնը կը վերանայի իր գործելակերպն ու վերաբերմունքը  Հայ Առաքելական Եկեղեցու եւ Ամենայն Հայոց Հայրապետի հանդէպ՝ բացառելով նմանօրինակ միջադէպերի կրկնութիւնը:

Մեր զօրակցութիւնն ենք յայտնում Ամենայն Հայոց Հայրապետին՝ հայցելով Բարձրեալի օգնականութիւնը եւ մաղթելով «երկար օրեր Հայոց Հօր»:

Հայոց Եկեղեցին մշտապէս եղել է ու պիտի մնայ հայի գոյութեան, հայ մշակոյթի պահպանման, Հայոց Պետականութեան շենացման առհաւատչեան, ուստի «ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը, ո՛չ հուրը, ո՛չ ջուրը եւ ոչ էլ որեւէ այլ դառը հարւած…» չեն կարող խարխլել Հայ Առաքելական Եկեղեցու հիմքերը»,- ասւած է Պատրիարքի հրապարակած յայտարարութեան մէջ:

Related Articles

Back to top button