Հայ Դատ

Միջազգային հեղինակութիւն ունեցող գիտնականները հաստատում են Հայոց Ցեղասպանութեան անժխտելիութիւնը

Միջազգային հեղինակութիւն ունեցող գիտնականների կատարած հետազօտութիւններն ու հրապարակումները Ցեղասպանութեան եւ Մարդու իրաւունքների վերաբերեալ փաստում են մարդկութեան պատմութեան ամենամութ էջերը: «Զօրեան» ինստիտուտը՝ Հայոց Ցեղասպանութեան փաստը վաւերացնելու իր ձգտումներում, բազմիցս համագործակցել է տարբեր ազգութիւնների գիտնականների հետ, յանձնարարել նրանց ուսումնասիրել տարբեր երկրիների արխիւներ եւ կատարել հետազօտութիւններ, որոնք եւ հրատարակւել են գիտական պարբերականներում կամ լոյս տեսել առանձին մենագրութիւնների տեսքով: Ստորեւ ներկայացւած գրքերը տարբեր գիտակարգերում մեծ հռչակ վայելող գիտնականների այդօրինակ հետազօտութիւնների արդիւնքներն են, որոնք յստակ պատկերում են Օսմանեան Թուրքիայի իրականացրած Հայոց Ցեղասպանութիւնը:

Գերմանացի լրագրող, պատմաբան, Der Spiegel ամսագրի ղեկավար եւ անկախ գիտնական Վոլֆգանգ Գուստը, կնոջ՝ Ինգրիդ Գուստի օգնութեամբ, 11 տարի ուսումնասիրել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարութեան արխիւը, որտեղից եւ հաւաքել ու վերականգնել է Առաջին աշխարհամարտին վերաբերող մի շարք փաստաթղթեր: Գուստի «Հայոց Ցեղասպանութիւն. ապացոյցներ Գերմանիայի արտաքին գործերի նախարարութեան արխիւներից, 1915-1916» գիրքը ներկայացնում է Օսմանեան կայսրութիւնում տեղակայւած գերմանացի օտարերկրեայ դիւանագէտների եւ Բեռլինում նրանց վերադասների միջեւ տեղի ունեցած եւ չգրաքննւած հաղորդագրութիւնները: Գիրքը հրատարակւել է գերմաներէն (2005), թուրքերէն (2012) եւ անգլերէն (2014):

Օսմանեան կայսրութիւնում Գերմանիայի հիւպատոսութեան պաշտօնեաների մօտ 218 հեռագրեր, նամակներ եւ զեկոյցներ՝ ուղղւած Գերմանիայի արտաքին գործերի նախարարութեանը Բեռլինում, նկարագրում են Օսմանեան կայսրութիւնում տեղի ունեցող Հայոց Ցեղասպանութիւնը: Այս փաստաթղթերի առկայութիւնը անհերքելի փաստ է բոլոր նրանց համար, ովքեր կը փորձեն ժխտել Հայոց Ցեղասպանութիւնը, քանզի այդ փաստաթղթերը գտնւել են պատերազմի ժամանակ Թուրքիայի դաշնակից երկրի արխիւից: Այս աշխատութիւնն աւելի խորը պատկերացում է տալիս Հայոց Ցեղասպանութեան մեղաւորների գործողութիւնների եւ դրդապատճառների մասին:

Գրքի գերմաներէն հրատարակութիւնը մեծ դեր է խաղացել 2016 թւականի յունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործում: Գերմանիայի «Կանաչների կուսակցութեան» համանախագահ Ջեմ Օզդեմիրը «Զօրեան» ինստիտուտ կատարած այցի ժամանակ ասել է․«Վոլֆգանգ Գուստի եւ «Զօրեան» ինստիտուտի աշխատանքը շատ կարեւոր էր, քանզի առաջին անգամն էր, որ մենք տեսանք Գերմանիայի ԱԳՆ փաստաթղթերը, որոնք թերեւս Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ աշխարհում ամենալաւ պահպանւած արխիւն են»:

1915 թւականի դեկտեմբերին Կոստանդնուպոլսում Գերմանիայի դեսպան կոմս Փոլ Վոլֆ-Մետերնիչը գրեց կայսերական կանցլեր Թեոբալդ ֆոն Բեթման Հոլւեգին.

«…Հայերի հալածանքների վերաբերեալ մեր դժգոհութիւնը պէտք է յստակ արտայայտւի մեր մամուլումեւ վերջ դրւի թուրքերի նկատմամբ մեր խանդավառութեանը: Ինչ էլ որ նրանք ձեռք բերեն, մեր արածի շնորհիւ է. դրանք մեր սպաներն են, մեր թնդանոթները, մեր փողերըՀայկական Հարցում որեւէ յաջողութեան հասնելու համար մենք պէտք է վախ ներշնչենք թուրքական կառավարութեանը հետեւանքների վերաբերեալ: Եթէ ​​ռազմական նկատառումներից ելնելով մենք չհամարձակւենք դրան դիմակայել աւելի կոշտ դիրքորոշմամբ, ապա այլ ելք չենք ունենայ, քանհետ կանգնել եւ հետեւել, թէ ինչպէս է մեր դաշնակիցը շարունակում կոտորել»:

Կանցլերի պատասխանը եղել է հետեւեալը․

«Պատերազմի ժամանակ դաշնակցի կողմից հրապարակային նկատողութիւնը պատմութեան մէջ աննախադէպ արարք կը լինի: Մեր միակ նպատակը Թուրքիային մեր կողքին պահելն է մինչեւ պատերազմի աւարտը, անկախ նրանից՝ դրա արդիւնքում հայերը կը կոտորւեն, թէ ոչ»:

Վահագն Դադրեանը եւ Թաներ Աքչամը միասին ուսումնասիրել են թուրքական ռազմական արխիւները:

«Ստամբուլի դատավճիռը Հայոց Ցեղասպանութեան դատավարութիւնները» գիրքը ներկայացնում է «Takvim-i Vekâyi»-ում տեղ գտած թուրքական ռազմական տրիբունալների Օսմանեան կառավարութեան պաշտօնական արձանագրութիւնների թարգմանութիւնն ու մանրամասն վերլուծութիւնը Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի դէմ կատարւած յանցագործութիւնների վերաբերեալ:

Աղէտալի պարտութիւնից յետոյ՝ 1919 թւականին, Օսմանեան կառավարութիւնը պատւիրեց հետաքննութիւն եւ բաւականաչափ ապացոյցներ ներկայացրեց այս յանցագործութիւնների հեղինակների վերաբերեալ մի շարք դատավարութիւններ կազմակերպելու համար: Վ․ Դադրեանն ու Թ․ Աքչամը առաջին անգամ անգլերէնով կազմել են դատավարութեան փաստաթղթերը եւ ներկայացրել դրանք իրենց պատմական եւ իրաւական համատեքստում: Այս փաստաթղթերը ցոյց են տալիս, որ պատերազմի ժամանակ նախարարները, երիտթուրքական կուսակցութեան առաջնորդները եւ միւսները, ովքեր մեղաւոր են այդ յանցագործութիւնների համար, թուրքական ռազմական տրիբունալների կողմից ներկայացւել են ռազմական դատարան: Շատերը մեղաւոր են ճանաչւել եւ դատապարտւել են բանտարկութիւնից մինչեւ մահապատիժ: Ի տարբերութիւն Նիւրնբերգի, թուրքական ռազմական տրիբունալներն անցկացւել են բացառապէս գործող Օսմանեան ներքին Քրէական օրէնսգրքերի հիման վրայ:

Միջազգային Քրէական դատարանի փոխարինումը ազգային դատարանով պատմութեան մէջ մտել է որպէս ազգային ինքնադատապարտման եզակի նախաձեռնութիւն: Այս հաւաքածուն մեծապէս ընդլայնւած է 20-րդ դարի սեփական քաղաքացիների նկատմամբ պետականօրէն հովանաւորւող ցեղասպանութեան առաջին յանցագործութեան քրէական հետապնդման պատմական ֆոնի, քաղաքական բնոյթի եւ իրաւական հետեւանքների լայնածաւալ վերլուծութեամբ: Այս ժողովածուն առաւել ծանրակշիռ է դառնում՝ հաշւի առնելով այն փաստը, որ այն ներկայացնում է սեփական քաղաքացիների դէմ իրագործւած 20-րդ դարի Առաջին Ցեղասպանութեան պատմական ընդհանուր իրադրութեան, քաղաքական իրողութիւնների եւ իրաւական հետեւանքների վերաբերեալ համապարփակ վերլուծութիւն:

Անցած դարի ընթացքում Թուրքիան զգալի վերափոխումների է ենթարկւել՝ Օսմանեան կայսրութիւնից եւ երիտթուրքերից մինչեւ այսօրւայ հանրապետութիւն, սակայն այս ընթացքում Թուրքիան ցուցաբերել է տագնապալի հետեւողականութիւն զանգւածային բռնութիւնները խրախուսելու եւ սանձազերծելու հարցում: Մասնաւորապէս, սուննի մահմեդական-թուրքական ինքնութեան կառուցումը մասամբ իրականացւել է էթնիկ եւ կրօնական խմբերին, այդ թւում՝ ալեւիներին, հայերին, ասորիներին, հրեաներին, յոյներին, քրդերին եւ եզդիներին որպէս «ներքին թշնամիներ» հռչակելու եւ վերջիններիս հանդէպ ուղղորդւած հանրային ատելութիւն դրսեւորելու միջոցով:

Այս աշխատութիւնը ներկայացնում է դէպքերի ուսումնասիրութիւնների լայնածաւալ շարք եւ պատմագիտական անդրադարձեր թուրքական պատմութեան մէջ այսօրինակ բռնութիւնների տագնապալի կրկնողութեան վերաբերեալ: Գիրքը ցոյց է տալիս ոչ միայն այն, թէ ինչպէս են էթնիկ-կրօնական խմբերի դէմ գործադրւած վայրագութիւններն ազդել ազգի ինքնագիտակցութեան վրայ, այլ նաեւ այն, թէ ինչպէս է այս վայրագութիւնների անպատժելիութիւնը նպաստել բռնութեան աւելի լայնածաւալ դրսեւորմանը Մերձաւոր Արեւելքում՝ ներառեալ ԻԼԻՊ-ի եւ այլ, ոչ պետական դերակատարների վերելքին եւ նրանց կողմից բռնութիւնների իրագործմանը փոքրամասնութիւնների՝ ինչպէս օրինակ եզդիների նկատմամբ:

Ազգերի միջեւ լարւածութեան սրման, աւերիչ հակամարտութիւնների եւ ցեղասպանութիւնների ժխտման շուրջ ահագնացող իրողութիւնների պարագայում դժւար է հասկանալ, թէ ինչպէս առաջ գնալ: «Զօրեան ինստիտուտը ջանում է բարձրացնել իրազեկւածութիւնը եւ ընդլայնել ցեղասպանագիտութեան եւ Մարդու իրաւունքների ոլորտը ակադեմիական ջանքերի միջոցով: Համալսարանական ծրագրին զուգահեռ՝ ինստիտուտը հրատարակում եւ հովանաւորում է բազմաթիւ գրքեր, յօդւածներ եւ ամսագրեր: Մենք կարծում ենք, որ այս երեք գրքերը պէտք է լինեն աշխարհի ցանկացած մարդու գրադարանում, ով հետաքրքրւած է Մարդու իրաւունքներով եւ Հայոց Ցեղասպանութեան պատմութեամբ:

«Հայաստանի Զօրեան ինստիտուտ» հետազօտութիւնների եւ զարգացման միջազգային հիմնադրամ

Related Articles

Back to top button