Հայ Դատ

ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների գործունէութեան ամփոփագիր

(յունւարի 1 - փետրւարի 20, 2025 թ.)

Ամփոփւող ժամանակահատւածում նոյնպէս ՀՅԴ Հայ Դատի համաշխարհային ցանցի աշխատանքները շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացման, գերիների ազատ արձակման, Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեան պաշտպանութեան, Հայաստանում արցախահայութեան սոցիալ-տնտեսական օժանդակութեան, ադրբեջանական էթնիկ զտման քաղաքականութեան որպէս այդպիսին բնորոշման, Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշման մեծացման, պատժամիջոցների կիրառման եւ այլ ուղղութիւններով։

 

Հայ Դատի կենտրոնական գրասենեակ

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակը, Բաքւում սպասւող հայ գերիների ձեւական դատավարական գործընթացի մեկնարկին ընդառաջ՝ www.freearmenianhostages.net եւ www.freearmenianhostages.am հասցէներով գործարկել է տեղեկատւական կայք՝ նպատակ ունենալով հայերէն եւ անգլերէն լեզուներով բարձրացնել իրազեկւածութիւնն Ադրբեջանում պահւող հայ գերիների՝ այդ թւում Արցախի Հանրապետութեան ռազմաքաղաքական ղեկավարութեան դէմ իրականացւող շինծու դատաիրաւական գործընթացների վերաբերեալ։

Այս կայքը կարող է օգտակար լինել Ադրբեջանում անօրինական պահւող հայ գերիների իրաւունքների պաշտպանութեամբ զբաղւող ինչպէս հայկական, այնպէս էլ օտար կազմակերպութիւնների համար՝ իբրեւ տեղեկատւական շտեմարան։

ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների աշխատանքների արդիւնքում հնարաւոր է եղել միջազգային տարբեր կառոյցներից ստանալ արձագանգներ՝ ուղղւած Ադրբեջանի իշխանութիւններին եւ միջազգային հանրութեանը՝ Բաքւում պահւող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան եւ առհասարակ հայ պատանդների ու ռազմագերիների արդար դատաքննութեան, իրաւունքների լիարժէք յարգման եւ ազատ արձակման վերաբերեալ։

Մասնաւորապէս, խնդրին անդրադարձել են մոլորակի խոշորագոյն քաղաքական կազմակերպութիւն՝ Սոցիալիստական ինտերնացիոնալը, տարբեր երկրների ու միջազգային կազմակերպութիւնների խորհրդարանների անդամներ։

Սոցիալիստական ինտերնացիոնալի տարածած հաղորդագրութեան մէջ մասնաւորապէս նշւած է. «Այս օրերին Բաքւում տեղի են ունենում 16 հայ գերիների դատավարութիւնները, որոնցից 8-ը Լեռնային Ղարաբաղի նախկին հայ ղեկավարներն են՝ տեւական կալանքի տակ մնալուց յետոյ։ Մենք Ադրբեջանի իշխանութիւններին կոչ ենք անում, երաշխաւորել թափանցիկ ընթացակարգ՝ արդար դատավարութեան չափանիշերին համապատասխան, նկատի ունենալով, որ բանտարկեալներին չի տրւել բաւարար ժամանակ՝ ուսումնասիրելու իրենց առաջադրւած մեղադրանքները եւ, հետեւաբար, օգտւելու իրաւական պատշաճ ներկայացւածութիւնից։ Միջազգային իրաւական դիտորդների ներկայութիւնը հիմնարար կարեւորութիւն ունի»։

Տարբեր շեշտադրումներով Բաքւում ընթացող ձեւական դատավարութիւններին անդրադարձել են նաեւ կոնգրեսականներ, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով յանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնը, նոյն յանձնախմբի անդամ Դինա Թիթուսը, Եւրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի փոխնախագահ Եանիս Մանիատիսը, նոյն քաղաքական խմբի անդամ Նաչօ Ամոր Սանչեսը։

Դրական ենք գնահատում, որ միջազգային իրաւապաշտպան մի շարք հեղինակաւոր կազմակերպութիւններ նոյնպէս հանդէս են գալիս յստակ դիրքորոշումներով՝ ակնարկելով Ադրբեջանում արդար դատաքննութեան իրաւունքի իրացման անհնարինութիւնը։

Հայ Դատի Կենտրոնական գրասենեակը, յունւարի 27-ին հանդէս է եկել «Ի հակազդումն տգիտութեան» վերնագրւած յայտարարութեամբ՝ անդրադառնալով շւէյցարահայ համայնքի մի քանի անդամների հետ հանդիպման ընթացքում Հայաստանի կառավարութեան ղեկավարի կողմից թոյլտրւած՝ Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ անընդունելի պնդումներին, որոնք իրենց էութեամբ այլ բան չեն, քան թուրքական ժխտողականութեան այնպիսի անպիտան թէզեր, որոնք տասնամեակներ շարունակ մերժւել են ոչ միայն Հայաստանի եւ համայն հայութեան, այլեւ միջազգային առաջադէմ հանրութեան, տասնեակ պետութիւնների, ոլորտի առաջատար գիտնականների, մասնագիտական կազմակերպութիւնների, եւ նոյնիսկ բազմաթիւ թուրք մտաւորականների կողմից։

Կանադա

Հայ Դատի Կանադայի յանձնախմբի եւ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի պաշտօնական շփումների արդիւնքում յունւարի 30-ին Հայ Դատի յանձնախումբը ստացել է նախարար Ժոլիի գրութիւնը, որտեղ վերջինս առանցքային նշանակութեան շեշտադրումներ է կատարել արցախահայութեան իրաւունքների պաշտպանութեան եւ Հայաստանի Հանրապետութեան անվտանգային խնդիրների վերաբերեալ։

Մասնաւորապէս, Բաքւում հայ ռազմագերիների եւ Արցախի նախկին առաջնորդների շարունակւող կեղծ դատավարութիւնների ֆոնին նախարար Ժոլին խստօրէն դատապարտում է Ադրբեջանի ագրեսիւ հռետորաբանութիւնը եւ կոչ է անում.

  • Ադրբեջանում պահւող բոլոր հայ ռազմագերիների եւ կամայականօրէն կալանաւորւած էթնիկ հայերի անվերապահ ազատ արձակում,
  • Հայաստանի ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան նկատմամբ յարգանք,
  • Հայ խաղաղ բնակիչների անվտանգ եւ արժանապատիւ վերադարձը իրենց հայրենի հողեր,
  • Հայկական մշակութային ժառանգութեան պաշտպանութիւն,
  • Արցախի հիմնախնդրի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի միջոցով՝ Հելսինկեան եզրափակիչ ակտի սկզբունքներին եւ Հարաւային Կովկասում արդար եւ կայուն խաղաղութեան անհրաժեշտութեանը համահունչ՝ ուժի եւ դրա սպառնալիքի կիրառման բացառման, տարածքային ամբողջականութեան եւ ինքնորոշման իրաւունքի շրջանակում։

Յունւարի 8-ին Հայ Դատի Լաւալի յանձնախմբի նախաձեռնութեամբ Հայ Դատի Կանադայի յանձնախմբի ներկայացուցիչները հանդիպել եւ կանադահայութեանը յուզող մի շարք հարցեր են քննարկել “Parti Québécois” կուսակցութեան ղեկավար եւ Քւեբեկի խորհրդարանի անդամ Փոլ Սենթ-Պիեռ Պլոմոնտոնի հետ:

Հայ Դատի Կանադայի յանձնախմբի ներկայացուցիչները յունւարի 20-ին էլ հիւրընկալել են Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրիւ Թըրներին եւ քննարկել Հայաստանում Կանադայի դեսպանատան աշխատանքին առնչւող հարցեր, ինչպէս նաեւ կանադահայ համայնքին հետաքրքրող այլ հարցեր՝ կապւած արցախահայութեանն ու Հայաստանին առնչւող խնդիրներին։

Ամերիկայի Միացեալ Նահանգներ

Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը ԱՄՆ Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում յունւարի կէսերին շրջանառած փաստաթղթով իր սատարումն է յայտնել սենատոր Մարկօ Ռուբիոյի թեկնածութեանը ԱՄՆ պետքարտուղարի պաշտօնում։ Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի քաղաքականութեան հարցերով տնօրէն Ալեքսանդր Գալիցկու հեղինակած փաստաթուղթն ընդգծում է մարդու իրաւունքների պաշտպանութեանը վերաբերող այնպիսի կարեւորագոյն խնդիրների լուծման հրատապութիւնը, ինչպիսիք են՝ Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպանական էթնիկ զտումների հետեւանքների վերացումը, ադրբեջանցի պատերազմական յանցագործների դէմ պատժամիջոցների կիրառումը, արցախահայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու իրաւունքի իրացումն ու Սիրիայում խոցելի փոքրամասնութիւնների պաշտպանութիւնը։

Հայ Դատի յանձնախումբը շեշտել է, որ սենատոր Ռուբիոյի՝ պետքարտուղարի պաշտօնում հաստատելը առանցքային հնարաւորութիւն է Միացեալ Նահանգների համար՝ իր արտաքին քաղաքականութիւնը համապատասխանեցնելու արդարութեան եւ հաշւետւողականութեան սկզբունքներին:

Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը նոյն ժամանակահատւածում սկսել է համագաղութային արշաւ՝ կոչ անելով ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկին (EXIM) մերժել 100 միլիոն դոլարի ֆինանսական երաշխիքը ադրբեջանական Silk Way Airlines-ին՝ Boeing բեռնատար ինքնաթիռներ ձեռք բերելու համար։ Ըստ յանձնախմբի՝ այս ֆինանսաւորումը հնարաւորութիւն կը տայ Ալիեւի ռեժիմին ձեռք բերել երկակի նշանակութեան ինքնաթիռներ՝ հեշտացնելով զէնքի անօրինական մատակարարումը դէպի Ադրբեջան։

Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը յունւարի վերջին եւ փետրւարի սկզբին օժանդակելով “Save the ArQ” նախաձեռնութեան անդամներին ամերիկեան օրէնսդիրների եւ նրանց գրասենեակների համար կազմակերպել է հանրային լսումներ, որոնց ընթացքում ներկայացւել են Երուսաղէմի հայկական պատրիարքութեան եւ նրա կալւածքների շուրջ զարգացումները, հայ համայնքի դէմ առկայ սպառնալիքներն ու խտրական դրսեւորումները։ Համաքրիստոնէական դիտանկիւնից կարեւորւել է Երուսաղէմում հայկական մշակութային ժառանգութեան եւ հայկական հազարամեայ ներկայութեան պահպանման անհրաժեշտութիւնը։

Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը, փետրւարի 7-ին Միջազգային կրօնական ազատութեան գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ ղեկավարութեանը կոչ է արել որոշակի գործողութիւններ ձեռնարկել Արցախի վերականգնման, Հայաստանի անվտանգութեան եւ Սիրիայից ու Լիբանանից մինչեւ Երուսաղէմի հայկական թաղամաս հայ համայնքների պաշտպանութեան հարցերում:

Հայաստանին նւիրւած պանելային քննարկումը, որը վարում էր “American Enterprise Institute”-ից Մայքլ Ռուբինը, մասնակցում էին Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի Վաշինգտոնի գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը, ԱՄՆ-ում Արցախի Հանրապետութեան նախկին ներկայացուցիչ Ռոբերտ Աւետիսեանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի տնօրէն Տ. Գարեգին վարդապետ Համբարձումեանը, իրաւապաշտպան Քրիստինէ Առաքելեանը եւ կոնգրեսական Քրիս Սմիթը։ Քննարկման մասնակիցներն ընդգծել են, որ 2023 թ. Ադրբեջանի յարձակումը եւ Արցախից 150.000 հայերի հարկադիր տեղահանումն իրականացւել է ամերիկեան քաղաքական գործիչների աջակցութեամբ եւ հրահրմամբ։ Նրանք կոնգրեսին եւ Թրամփի վարչակազմին կոչ են արել կիրառել նպատակային պատժամիջոցներ, պահանջել հայ ռազմագերիների ազատ արձակումը եւ ապահովել տեղահանւած արցախահայերի անվտանգ ու արժանապատիւ վերադարձը։

Քննարկման մասնակիցները նախանշել են այն միջոցառումները, որոնք Միացեալ Նահանգները պէտք է իրականացնի կրօնական ազատութեան պահպանման եւ հայերի դէմ Ադրբեջանի հետագայ ագրեսիան կանխելու համար:

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը փետրւարի 13-ին շնորհաւորել է ԱՄՆ նախկին կոնգրեսական Թուլսի Գաբբարդին՝ ազգային հետախուզութեան տնօրէնի պաշտօնում հաստատման կապակցութեամբ եւ կոչ արել համապարփակ հետաքննութիւն սկսել ԱՄՆ հետախուզութեան, քաղաքականութեան եւ արտաքին օգնութեան ձախողումների վերաբերեալ, որոնք նպաստել են Ադրբեջանի կողմից Արցախի բնիկ հայ բնակչութեան ցեղասպանական էթնիկ զտմանը։

«Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը ողջունում է Գաբբարդի հաստատումը եւ կոչ է անում ապահովել, որ Միացեալ Նահանգները լիովին գնահատի իր դերը Արցախի հայ բնակչութեան դէմ Ադրբեջանի ցեղասպան արշաւում, լինի դա բացթողումների կամ յանձնարարականների միջոցով, որոնք օգնել, խթանել կամ քաջալերել են Ադրբեջանին»,- նշել է Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը:

Գաբբարդին ուղղւած իր շնորհաւորական նամակում յանձնախումբը նաեւ ընդգծել է հետախուզութեան քաղաքականութեան պաշտօնական վերագնահատման կարեւորութիւնը, հասկանալու համար թէ ինչպէս է ԱՄՆ քաղաքականութիւնը, օրինակ՝ ռազմական օգնութիւնը Ադրբեջանին, նպաստում նրա ռազմական յանցագործութիւններին: «Ինչպէս գիտէք, Հաւայեան կղզիներում եւ ամբողջ Միացեալ Նահանգներում հայկական ծագում ունեցող ամերիկացիները երկար ժամանակ աջակցել են ձեր ջանքերին՝ ուղղւած վայրագութիւնների կանխարգելմանը, մարդու իրաւունքների եւ մեր համայնքի ու կոալիցիոն գործընկերների համար յատուկ մտահոգութիւն ներկայացնող այլ հարցերի վերաբերեալ:

Մենք խորապէս երախտապարտ ենք ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման եւ, իհարկէ, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնիկ հայ քրիստոնեաների ժողովրդավարական ձգտումներին ձեր աջակցութեան համար… Մենք պատրաստ ենք աջակցելու ԱՄՆ-ի բացթողումների եւ յանձնաժողովի անյաջողութիւնների հետաքննութեանը, որն օգնեց, աջակցել կամ քաջալերել Ադրբեջանին հետապնդելու իր ցեղասպան ծրագրերը Արցախի խաղաղ հայ բնակչութեան դէմ»,- մասնաւորապէս նշւած է Հայ Դատի յանձնախմբի նամակում։

Յունւարի 21-ին Մոնտեբելլոյում տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանութեան յուշարձանը Կալիֆորնիայի պատմական կոթողների ցանկի մէջ ներառելու պաշտօնական արարողութիւնը՝ նահանգային եւ քաղաքային պաշտօնեաների, հայ համայնքի հոգեւոր առաջնորդների, Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչների եւ համայնքային տարբեր շրջանակների մասնակցութեամբ։ Հայոց Ցեղասպանութեան յուշարձանը այդ ցանկում ներառելու աշխատանքներն իրականացւել են տեւական ժամանակահատւած եւ առաջնորդւել են նահանգային սենատոր Բոբ Արչուլետայի կողմից։

Մեծ Բրիտանիա

Հայ Դատի Մեծ Բրիտանիայի յանձնախումբը յունւարի 28-ին իրականացրել է իր առաջին դրամահաւաքը, որի արդիւնքում հանգանակւել է 36.000 բրիտանական ֆունտ։ Այս յաջող ձեռնարկն անշուշտ կը նպաստի Հայ Դատի յանձնախմբի կարողականութիւնների զարգացմանն ու համայնքի հետ կապի ամրապնդմանը։ Միջոցառմանը ներկայ են եղել Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամութեան խմբի նախագահ Թիմ Լոթոնը, Լիվերպուլի լորդ Ալթոնը, խորհրդարանականներ Ջոն Ուիթինգդէյլը, Ջեսիկա Մորդենին, Քրիս Լոուն, Էնդրիւ Ռոզինդելին եւ այլոք։

Աւստրալիա

Հայ Դատի Աւստրալիայի յանձնախումբը դաշնային եւ Վիկտորիայի նահանգային խորհրդարաններում տարեսկզբին անցկացրել է «հայկական շահերի պաշտպանութեան շաբաթ», որին որպէս հրաւիրեալ մասնակցել է Հայ Դատի Վաշինգտոնի գրասենեակի համայնքային հարցերի պատասխանատու Գեւ Իսկաջեանը։ Վերջինս Կանբերայում հանդիպումներ է ունեցել եւ հայութեանը յուզող հարցեր քննարկել սենատորներ Սիմոն Բիրմինգհամի, Մայքըլ Սուքարի, Փոլ Ֆլեթչերի, Էնդրիւ Բրագի, Սայւ Շարմայի եւ այլոց հետ։

Նոյն ժամանակահատւածում Մելբրոնում եւ Սիդնէյում անցկացւած հանգանակութեան երեկոների ընթացքում Հայ Դատի աշխատանքներն առաջ մղելու համար ընդհանուր առմամբ հանգանակւել է շուրջ 155.000 աւստրալիական դոլար։

Լիբանան

Հայ Դատի Լիբանանի յանձնախումբը յունւարի 20-ին, լիբանանեան լրատւամիջոցներին յղւած նամակով, ներկայացրել է Բաքւում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան նկատմամբ իրականացւող շինծու դատավարութեան մանրամասները՝ տեղեկութիւններ տրամադրելով առհասարակ Ադրբեջանում մարդու իրաւունքների վիճակի վերաբերեալ՝ հիմնւած միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւնների ուսումնասիրութիւնների վրայ։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ

22.2.2025 թ.

Related Articles

Back to top button