Հայաստան - ԱրցախՄշակութային

«Արցախ. իմ մանկութեան փողոցը | 101 պատմութիւն» նախագիծ. Արցախի մասին՝ արցախցի երեխաների յիշողութիւններով ու տպաւորութիւններով

Արցախի բարբառի կիրառման եւ պահպանման նպատակով 2024 թ.-ի ապրիլ-դեկտեմբեր ամիսներին ստեղծւել է «Արցախ. իմ մանկութեան փողոցը|101 պատմութիւն» նախագիծը: Այն թւային հարթակ է, որտեղ ներկայացւած է արցախցի 101 երեխայի պատմութիւն, ովքեր արցախեան բարբառով պատմել են Արցախում իրենց քաղաքի, գիւղի, բակի, խաղերի, ընկերների մասին հետաքրքիր եւ լուսաւոր յուշեր: Նախագիծը կեանքի  է կոչւել Հայկական Բարեգործական ընդհանուր միութեան հետազօտական դրամաշնորհի միջոցով:

Նախագծի մասին  Tert.am-ը զրուցել է «Արցախ. իմ մանկութեան փողոցը|101 պատմութիւն» գաղափարի համահեղինակ, նախագծի ղեկավար Նելլի Բաղդասարեանի հետ:

Տիկին Բաղդասարեան, ինչպէ՞ս առաջացաւ այս նախագծի գաղափարըի՞նչ նպատակ ունի այն եւ ինչո՞ւ հէնց 101 պատմութիւն:

Նախագծի գաղափարը առաջ է քաշել իմ լաւ ընկեր Վահրամ Տէր-Մատթէոսեանը, ով նախագծի գաղափարի համահեղինակն է:  Նախագծի անունը պատահական չեմ ընտրել՝ իմ մանկութեան փողոցը, երեխաների բնական միջավայրն է Արցախում, որտեղ եւ որի շուրջ էլ ձեւաւորւել են այդ յիշողութիւնները: Ինչ վերաբերում է 101 թւին, ապա այն մեկնարկային թիւ է, ենթադրելու էր տրամաբանական շարունակութիւն եւ դրան յաջորդելու էին 102-ը, 103-ը…: Մենք ստեղծել ենք  թւային պլատֆորմ, որտեղ երեխաները կարող էին ներկայացնել իրենց պատմութիւնները հարցազրոյցների միջոցով,  որոնք մենք իրականացրել ենք դէմառդէմ ձեւաչափով: Այս պատմութիւնների միջոցով պէտք է  վերհանէինք իրական Արցախը, այնտեղ պէտք է երեւար այն Արցախը, որն ունեցել ենք՝ լուսաւոր, պայծառ,  իրական: Գիտէք, պատերազմը եւ բռնագաղթն այնպէս էին ծածկել երեխաների յիշողութիւնները, որ անհրաժեշտ էր ճիշտ  հարցադրումներով վերհանել դրանք: Այդ նպատակով ես որոշ ժամանակ  ուսումնասիրում էի մանկական ժուռնալիստիկա, որովհետեւ գործ ունէինք բաւականին նուրբ թեմաների հետ:  Առհասարակ, երեխաները Արցախի ոչ նիւթական ժառանգութեան կրողներն են, ու թերեւս ամենախոցելի խումբն են, քանի որ շատ արագ են ինտեգրւում, հետեւաբար այդ յիշողութիւնները յայտնւում են կորստի վտանգի տակ: Մենք նպատակ ունէինք այդ յիշողութիւնները եւս փրկել կորստի վտանգից: Միաժամանակ կայքէջի միջոցով արցախցի երեխաների ցանցային համայնք ձեւաւորելու խնդիր ենք լուծելու:

Հարցազրոյցները կայքում տեղադրւած են բարբառով ու անգլերէնով, գիտենք, որ նախատեսում էք թարգմանել նաեւ այլ լեզուներով: Փորձում էք աշխարհին եւս հասցնե՞լ այս պատմութիւնները:

Մենք ցանկութիւն ունենք, որ այս  վաւերագրութիւնները հասու լինեն նաեւ միջազգային լսարանին, որովհետեւ այն լուրջ ուղերձ ունի իր մէջ: Այս նախագիծը շատ կարեւոր գլոբալ ուղերձ ունի աշխարհին ասելու, որ մանկութիւնը որեւէ պարագայում ու  որեւէ տեղում երբեք անպաշտպան չպէտք է լինի:  Առաջիկայում նախատեսում ենք կայքում ունենալ նաեւ գրական հայերէն բաժինը, քանի որ բարբառը բոլորին չէ, որ մատչելի է:

Ինչպէ՞ս ստացւեց երեխաների հետ զրոյցը, ինչպէ՞ս էին իրենք արձագանգում, ինչպէ՞ս էին զրուցում, արդեօք լարւածութիւն կար, թէ՞ հակառակը, ի՞նչտպաւորութիւն ստացաք:

Պէտք է ասեմ, որ նախքան նախագիծը սկսելը մտահոգութիւններ ունէինք, որ երեխաները հնարաւոր է կաշկանդւեն, հարցազրոյցների ժամանակ չբացւեն, բայց պատկերացրէք ունեցել ենք ճիշտ հակառակ պատկերը: Երեխաները մեծ ոգեւորութեամբ էին խօսում, իհարկէ, ունեցել ենք երեխաներ, որոնց հետ  այլ  մեթոդներով ենք աշխատել, փորձել ենք տարբեր հարցադրումներով աշխատել, որպէսզի բացենք երեխաներին ու հաւատացէք ստացւել է: Ծնողների կողմից եւս շատ լաւ արձագանգներ ենք ստացել: Երեխաների հետ հարցազրոյցները  տեղի են ունեցել ծնողների հետ նախնական համաձայնութեամբ եւ վերջնական գրաւոր հաստատմամբ։ Ասեմ, որ հարզացրոյցները չեն ունեցել կոնկրետ տեւողութիւն, երեխան որքան ցանկացել է, այդքան էլ խօսել է, այդպիսով ունենք ինչպէս ծաւալուն, այնպէս էլ փոքրիկ պատմութիւններ: Կարծում եմ՝ այս նախագիծն ինքն իրենով լուսաւորել, ջերմացրել է բոլորի ներսում եղած յիշողութիւնները:

Տիկին Բաղդասարեան, կը ցանկանայի խօսենք նաեւ ձեր թիմի մասին, ի՞նչ մասնագէտներ են հաւաքւել թիմում, ում հետ էք համագործակցել:

Ասեմ, որ թիմի բոլոր անդամներն ուղղակի կապ ունեն Արցախի, արցախեան միջավայրի հետ ու հիմնական մասը  բարբառի ուղղակի կրող է: Թիմում ունենք միջազգայնագէտ, միջազգային իրաւունքի մասնագէտ, արեւելագէտ, լրագրող-կովկասագէտ, ովքեր նախագծի շրջանակներում այլ գործառոյթներ են իրականացրել՝ նախագծի ղեկավար, լուսանկարիչ-գրաֆիկ դիզայներ, սղագրող, սրբագրիչ…: Ունենք բարբառագէտ, ով առանցքային դերակատարութիւն է ունեցել  միջազգայնօրէն ճանաչւած մեթոդոլոգիայով բարբառային տառադարձումները անելու իմաստով, որովհետեւ շատ կարեւոր էր այդպիսի մօտեցում ունենալ բարբառային տեքստերին: Մեր թիմի կարեւոր անդամ է Վահրամ Տէր-Մատթէոսեանը, ով այս գաղափարի համահեղինակն է եւ ընթացքի աջակիցը: Ասեմ նաեւ, որ ունեցել ենք կամաւորների մեծ թիմ, որոնց շարքում ունենք իրաւաբան, թարգմանիչ, մեզ են միացել նաեւ արցախցի ուսանողներ: Մեզ համար կարեւոր էր, որ կամաւորները լինէին ոչ միայն բարբառի ուղղակի կրող, այլեւ գերազանց տիրապետէին անգլերէնին, որպէսզի հնարաւոր լինէր ապահովել տեքստերի բնագրերին հաւատարիմ թարգմանութիւնները: Եթէ չլինէին մեր կամաւորները, երեւի թէ թարգմանութիւնները շատ աւելի ուշ կաւարտէինք: Ուզում եմ առանձնացնել նաեւ այն արխիւային լուսանկարները, որոնք ընտրել ենք նախագծի լուսանկարիչ Նարինէ Կարապետեանի լուսանկարչական արխիւից:  Դրանք ուղղակի անբռնազբօս նկարներ էին Արցախի առօրեայից, եւ երբ մենք ընտրում էինք նկարները, կանգ էինք առնում հէնց այդ նկարների վրայ, որոնք որեւէ պարտադրող բան չունէին իրենց մէջ: Դրանք իսկապէս տրամադրութիւն են հաղորդում այն լուսաւոր ու պայծառ Արցախի մասին, որ ունէինք։  Հէնց այս նկարներն էլ յայտնւեցին կայքում: Կայքը ստեղծելիս էլ փորձել ենք այնպէս անել, որ այն մաքսիմալ պարզ, հասանելի ու նաւարկելի լինի տարիքային բոլոր խմբերի համար, իսկ որոնողական համակարգերում գտնւելի:

Ցանկանում եմ առանձնացնել մեր այն գործընկերներին, ում հետ աշխատել ենք այս նախագիծը կեանքի կոչելիս: Մեր գործընկերներն են Հայկական բարեգործական ընդհանուր միութիւնը, Հայաստանի Ամերիկեան համալսարանը, «Մարաշլեան» ֆոտոատելիեն, Capital Soft ՏՏ ընկերութիւնը, «Դիզակ ԱՐՏ» մշակութային երիտասարդական կենտրոնը, «Վարանդա» երգչախումբը, «Համազգային» Հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակը, «Ուրտեխէ» կրթարանը, «Արցախի Ձայներ» երաժշտական նախագիծը:

«Արցախ. իմ մանկութեան փողոցը|101 պատմութիւն» նախագծի լոգոտիպը եւս բաւականին հետաքրքիր է: Ի՞նչ է այն խորհրդանշում:

Լոգոտիպն արտայայտում է ամբողջ նախագծի իմաստը, դրա վրայ պատկերւած են ծիծեռնակներ՝ ուղղւած դէպի արեւելք:  Հիմքում «Յիշողութիւն» բանաստեղծութիւնն է: Գոյներով մենք ցանկանում ենք ցոյց տալ, որ այս ամէնը Արցախում մնացած մանկութեան մասին է, բայց անցեալում մնացած մանկութեան մասին չէ, սա այն մանկութեան մասին է, որը եղել է եւ չպէտք է ընդհատւի։ Ու այս ամէնը լրացրել ենք գոյներով, կապոյտը խորհրդանշում է կայուն հաւատը, նարնջագոյնը՝ ջերմութիւնն առ Արցախ եւ վարդագոյնը՝ երազանքն առ Արցախ։ Լոգոտիպի հեղինակը Նարինէ Կարապետեանն է:

Ամփոփելով մեր զրոյցը՝ ի՞նչ է այս նախագիծը փոխանցելու ընթերցողին:

Իւրաքանչիւր ընթերցող այնտեղ գտնելու է իր պատմութիւնը, իր մանկութիւնը,  իւրաքանչիւր ընթերցող իսկապէս վերադառնալու է իր մանկութիւն: Այս պատմութիւններում մենք ամէն ինչ ունենք՝ սէր, յոյս, ջերմութիւն, յուզմունք, կորուստ, պատերազմ, շրջափակում, ու ամէն ինչ  մատուցւած է այնպիսի պարզութեամբ ու անկեղծութեամբ, որ մէկ շնչով ընթերցւում է:

Հեղինակ՝ ԱՆԻ ՅԱԿՈԲԵԱՆ

Related Articles

Back to top button