Վիտալի Միլոնով. ««Զանգեզուրի միջանցք»-ն, իհարկէ, բացարձակապէս մարդատեաց գաղափար է Անգլիայի եւ ԱՄՆ-ի համար»
«ԱԼԻՔ» – Ռուս քաղաքական գործիչ, ՌԴ Պետական դումայի պատգամաւոր Վիտալի Միլոնովը Alpha News-ին տւած հարցազրոյցում մեկնաբանել է Ադրբեջանի տարածքում Իսրայէլի բանակի զինւորների հնարաւոր գտնւելը, Իսրայէլի վերաբերեալ Էրդողանի յայտարարութիւնները, ինչպէս նաեւ Թուրքիայի եւ Մեծ Բրիտանիայի դերը այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ում»:
«Ինչ վերաբերում է Իսրայէլի զինւորականներին, ապա դա հիմնականում, բացի խորհրդականներից, դիւերսիոն գործողութիւնների մասնագէտներից, նաեւ հետախուզութիւն է։ Ինչպէս մենք շատ լաւ գիտենք, Իսրայէլի հետախուզութիւնը, Մոսադը, այլ ծառայութիւններ, նրանք իրենց շատ յարմարաւէտ են զգում Ադրբեջանում։ Ինչո՞ւ, քանի որ նրանք ունեն ընդհանուր տարածք, որը նրանց դուր չի գալիս: Դա Իրանն Է: Քանի որ Իսրայէլի յատուկ ծառայութիւններն Ադրբեջանի տարածքում ակտիւօրէն հակազդել եւ ոչնչացրել են այն ուժերին, որոնք իրենց իրանամէտ են համարում Ադրբեջանում եւ նրանց, որոնք հանդէս են գալիս այդ երկրների միջեւ առաւելագոյն շփման օգտին»,- ասել է քաղաքական գործիչը։
Վիտալի Միլոնովի կարծիքով՝ Թուրքիան եւ Իսրայէլը գործընկերներ են, եւ նրանց միջեւ հակամարտութիւնն անհնար է։
«Միանգամայն անիրատեսական եւ անհասկանալի են թւում Էրդողանի հաւաստիացումներն այն մասին, որ Թուրքիան կարող է պատերազմ սկսել Իսրայէլի հետ։ Դա անհնար է։ Սրանք մէկ դրամապանակի տարբեր բաժիններում են: Դուք հասկանում եք, որ դրանք այնքան փոխկապակցւած համակարգեր են, որոնք աջակցում եւ կերակրում են միմեանց, եւ գոյութիւն ունեն մէկը միւսի հաշւին: Ուստի այստեղ խօսել այն մասին, որ այդ սցենարը հաւանական է, բացարձակապէս անհնար է։ Թուրքիան երբեք չի յարձակւի Իսրայէլի վրայ, իսկ Իսրայէլը չի յարձակւի Թուրքիայի վրայ, քանի որ նոյն դաշինքի անդամները, որոնք յարձակւել են Արցախի վրայ, բոլորը մէկ ռազմական կոալիցիա են»,- ընդգծել է Միլոնովը։
Նա կարծում է, որ Թուրքիան իր էութեամբ շատ մերկանտիլ է, եւ դրա դիմաց Արեւմուտքը կը վճարի հայկական հողերով։
««Զանգեզուրի միջանցք»-ն, իհարկէ, Անգլիայի եւ ԱՄՆ-ի բացարձակ գիշատիչ, մարդատեաց գաղափարն է։ Ինչո՞ւ, քանի որ, ի տարբերութիւն ինչ-որ փոքրիկ մերձբալթեան երկրների, որոնք կարող են միայն երազել Ռուսաստանի կտորն իրենց համար կտրելու մասին, իսկ Թուրքիան մի երկիր է, որը միշտ յիշում է սեփական շահի մասին։ Եւ այո, նա լաւ է նկատում արեւմտեան երկրների հետ փոխգործակցելու իր պատրաստակամութիւնը։ Այսինքն՝ նա դնում է իր պայմանները։ Պարզապէս Թուրքիայի համար քաղաքական խնդիրներն այդքան էլ ակնյայտ չեն։ Միշտ պէտք է փնտրել, որ Թուրքիայի բոլոր գործողութիւններում թուրքերն իրենց համար շահ են տեսնում։ Օգուտն ակնյայտ է՝ կա՛մ գերֆինանսական, կա՛մ տարածքային։
Թուրքիան հէնց այնպէս ոչ մէկին ոչինչ չի անի։ Եւ «Բայրաքթարները», եւ այլն, եւ այլն, ամէն ինչ տրւել է մեծ կանխավճարով, ինչ-որ բանի դիմաց: Պէտք է տեսնել, որ շատ լուրջ բան պէտք է լինի, իսկ լուրջը Հայաստանի մի կտորն է, որը արեւմտեան երկրների հետ համաձայնեցմամբ նրանք ուզում են իրենց համար ձեռք բերել»,- եզրափակել է Alpha News-ի զրուցակիցը։