Այլ

Ինչպէ՞ս է շոգն ազդում մարդու վարքի վրայ

Մարդու մարմինը յարմարեցւած չէ շոգին։ Ջերմային հարւածի դէպքում կարող է առաջանալ հաշմանդամութիւն կամ անգամ մահ պոլիօրգանային անբաւարարութեան (երիկամներ, սիրտ եւ ուղեղ) հետեւանքով։

 Մահացու կարող է լինել 35°C-ն օդի 100 տոկոս խոնաւութեան դէպքում, գրել է ՏԱՍՍ-ը։ Այս պայմաններում քրտինք չի արտադրւում, իսկ մարմինը սառչում է, ինչի հետեւանքով ամենապատրաստւած մարդն անգամ կը մահանայ մի քանի ժամում։ Բայց ֆիզիկական առողջութեան խնդիրները միակ վտանգը չեն՝ կապւած բարձր ջեմաստիճանների հետ։

Հետազօտութեան համաձայն՝ շոգն իսկապէս նպաստում է հոգեկան առողջութեան վիճակի վատացմանը։ Ծայրայեղ բարձր ջերմաստիճանները կապւած են գրգռւածութեան եւ դեպրեսիայի խորացման հետ։ Ջերմային հարւածը լուրջ վտանգ է ներկայացնում նաեւ ուղեղի համար, մարդկանց 10-28 տոկոսը բախւում է երկարաժամկէտ կոգնիտիւ կամ նեարդաբանական խնդիրների։ Դրանք, իրենց հերթին, կարող են առաջ բերել տարբեր հոգեկան խանգարումներ, օրինակ՝ դեպրեսիա։

Շոգը վտանգաւոր է նաեւ մենթալ խնդիրներ ունեցող պացիենտների համար։ Մեծ միջազգային հետազօտութիւնը ցոյց է տւել, որ ջերմաստիճանի բարձրացումը կարող է առաջացնել ռեցիդիւներ այն մարդկանց մօտ, ովքեր տառապում են երկբեւեռ խանգարմամբ։ Բարձր ջերմաստիճանները խորացնում են նաեւ շիզոֆրենիայի, տրամադրութեան տարբեր խանգարումների եւ տագնապայնութեան ախտանշանները։

Ամերիկեան հետազօտութիւնը ցոյց է տւել, որ շոգին աւելանում է այն մարդկանց թիւը, ովքեր դիմում են շտապ բուժօգնութեան համար՝ կապւած հոգեկան առողջութեան վատացման հետ։ Շոգի տխուր հետեւանքներից մէկն է նաեւ ինքնասպանութիւնների թւի աւելացումը՝ 1979-2016 թթ. 60 երկրներում աւելացել է դրանց թիւը։

Դեղամիջոցները եւս անհանգստացնող երեւոյթ են շոգի պայմաններում. մարդիկ դրանք խմում են հոգեկան խանգարումները մեղմելու համար։ Շատ դեղեր բացասաբար են անդրադառնում շոգը յաղթահարելու օրգանիզմի ունակութեան վրայ։ Արդիւնքը օրգանների խանգարման եւ անգամ մահւան ռիսկի բարձրացումն է։

Ամռան շոգ ամիսներին մարդկանց արդիւնաւէտութիւնը եւ կոգնիտիւ ունակութիւնները նւազում են։ Գիտնականները գտել են, որ մարդիկ աւելի վատ են լուծում խնդիրները, երբ շոգ է։ Լաւ օրինակ են ամերիկացի դպրոցականների արդիւնքները քննութիւնների ժամանակ։ Գիտնականներն ուսումնասիրել են մօտ մէկ միլիոն սովորողների միաւորները 1999-2011 թթ.։ Պարզւել է, որ եթէ ջեմաստիճանը դասարանում քննութեան ժամանակ 32 աստիճան է, դպրոցականների քննութիւնը յաջող յանձնելու շանսերը կրճատւել են 10 տոկոսով։ Մէկ այլ ամերիկեան հետազօտութիւն ցոյց է տւել, որ համալսարանների ուսանողները, որոնք գտնւում են 26,3-30 ջերմաստիճան ունեցող լսարաններում, աւելի վատ են յիշել տեղեկութիւնը նրանց համեմատ, ովքեր սովորել են 21,4–25 ջերմաստիճան ունեցող լսարաններում։

Շոգն ազդում է նաեւ արտադրողականութեան վրայ։ Պարզւել է, որ արտադրողականութիւնն սկսում է աստիճանաբար ընկնել, երբ 23-24 աստիճան է, իսկ 30 աստիճանի դէպքում անկումը կազմում է 8,9 տոկոս։

Այս վիճակագրութիւնը կապւած է այն բանի հետ, որ շոգի պարագայում օրգանիզմի ռեսուրսներն այլ կերպ են բաշխւում, էներգիան տրամադրւում է օրգանիզմը հովացնելուն։ Որպէս արդիւնք՝ վատանում են ինտելեկտուալ գործունէութեան ցուցանիշները։

News.am

Related Articles

Back to top button