Հայաստանի հետ լարւածութեան ֆոնին Ադրբեջանը Իսրայէլից եւ Թուրքիայից ԱԹՍ-ներ, ռազմական տեխնիկա է գնում
Ադրբեջանը Հայաստանի հետ լարւածութեան ֆոնին արտերկրից անօդաչու թռչող սարքեր եւ ռազմական տեխնիկա է գնում, դրանք, ըստ տեղեկութիւնների, գալիս են նաեւ Իսրայէլից եւ Թուրքիայից:
«Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ Եւրոմիութիւնում ՀՀ ներկայացուցչութեան ղեկավար, դեսպան Տիգրան Բալայեանն այս մասին ասել է Brussels Signal-ի հետ զրոյցում:
Հայաստանը հետեւել է զինամթերքի գնումներին, որոնք, ըստ տեղեկութիւնների, եկել են ռազմական թռիչքներով՝ այդ թւում Իսրայէլից եւ Թուրքիայից: Այս առաքումները, ենթադրաբար, ներառում են անօդաչու սարքեր:
«Ադրբեջանի ռազմական տեխնիկայի 60 կամ 70 տոկոսը գալիս է Իսրայէլից, այնուհետեւ Թուրքիայից»,- ասել է Բալայեանը:
Դեսպանը նաեւ նշել է, որ աւելացել են ռազմական թռիչքները Սերբիայից, որը վերջերս յայտարարել է Ադրբեջանին որոշ հրետանային տեխնիկա վաճառելու համաձայնութեան մասին:
Դեսպանը նշել է, որ Ադրբեջանը մտադրութիւն չունի վերջ դնել Հայաստանի հետ հակամարտութեանը։
«Չնայած բոլոր նախազգուշական կոչերին՝ Ադրբեջանը չդադարեցրեց իր ագրեսիւ հռետորաբանութիւնը, ագրեսիւ գործողութիւնները, սպանութիւնները եւ սադրանքները»,- ասել է նա: