Գաւառական ստալինիզմ. Քերոբեանից յետոյ ՔՊ-ում աւելի կը հաճոյանան վարչապետ կոչեցեալին
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբեանը հրաժարական ներկայացրեց՝ նշելով, որ նախորդող 3 տարիներին հեռանալու ցանկութիւն կրկին ունեցել է։ Քերոբեանը միեւնոյն ժամանակ շնորհակալութիւն էր յայտնել Նիկոլ Փաշինեանին՝ նախարարի պաշտօնն իրեն վստահելու համար։
Քերոբեանը կառավարութեան նախորդ նիստում դժգոհել էր իրաւապահների գործողութիւններից՝ պնդելով, թէ չապացուցւած մեղադրանքի համար ազատազրկումը պետական համակարգի պարալիզացման պատճառ է դառնում։ Փետրւարի 15-ին յայտնի դարձաւ, որ Վահան Քերոբեանը ձերբակալւած է, նրան կալանաւորելու միջնորդութիւնը ներկայացւել է դատարան, իսկ այսօր նրա նկատմամբ տնային կալանք կիրառւեց։
Oragir.News-ը Հայաստանի Հելսինկեան կոմիտէի նախագահ, իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանից հետաքրքրւեց, թէ Վահան Քերոբեանին կալանաւորելու հարցում առկա՞յ է քաղաքական ենթատեքստ, եւ նա կարո՞ղ է քաղբանտարկեալ համարւել, ինչին նա հիմնականում դրական պատասխանեց։
«Ձեր հարցին այսպէս կը պատասխանեմ՝ հաւանաբար։ Այն որ, Քննչական կոմիտէն ինքնուրոյն մեղադրանք չի առաջադրել եւ կատարել է վարչապետ կոչեցեալի հրահանգը, արդէն իսկ քաղաքական որոշում է։ Ամէն դէպքում, առայժմ չշտապենք եւ սպասենք գործի հետագայ զարգացումներին»,- ասաց նա։
Մեր հարցին, թէ իշխանութիւնները Վահան Քերոբեանի օրինակով միւսներին փորձո՞ւմ են վախեցնել, որ հեռանալու դէպքում իրենց նկատմամբ նոյնպէս քրէական գործեր կը յարուցւեն՝ Աւետիք Իշխանեանը նշեց՝ կասկածում է, որ հրաժարականի դիմումը Վահան Քերոբեանի անձնական որոշումն է եղել։ Ըստ նրա՝ ինքնուրոյն հրաժարական ներկայացնող մարդը, նախ չէր համաձայնւի խայտառակ պարտութիւնից յետոյ նշանակւել նախարար եւ հաւատարմօրէն ծառայել Արցախն ուրացած անձին, երկրորդը՝ հրաժարականից յետոյ շնորհակալութիւն չէր յայտնի, նոյն իրեն նշանակողին։
«Այնպէս որ, համոզւած եմ, որ վարչապետ կոչեցեալը նրան ստիպել է հրաժարական տալ։ Ինչ վերաբերում է Վահան Քերոբեանին պաշտօնից հեռացնելուն եւ մեղադրանք առաջադրելուն, ապա առայժմ կարող ենք միայն ենթադրութիւններ անել։ Այն թերեւս կապ ունի ԱԺ խօսնակի եղբօր կնոջը ներկայացւած մեղադրանքի հետ։ Չի բացառւում, որ նախարարը ինչ-որ տեղ, թէկուզ մեղմ քննադատած լինի վարչապետ կոչեցեալին եւ այդ մասին յայտնած լինեն»,- կարծում է նա։
Իրաւապաշտպանը համոզւած է, որ կառավարութեան անդամների ձերբակալութիւններն առաջին հերթին ուղղւած են նոյն ՔՊ-ականներին։ Նրա խօսքով՝ սա յիշեցնում է ստալինիզմը՝ գաւառական մակարդակով։
«Ստալինը կալանաւորում էր նաեւ իրեն նւիրւածների հարազատներին, ինչպէս Մոլոտովի կնոջը, Կագանովիչի եղբօրը։ Եւ չնայած դրան, երկուսն էլ շարունակում էին հաւատարմօրէն ծառայել Ստալինին։ Այնպէս որ ՔՊ-ում, վախի մթնոլորտ ստեղծելով, ՔՊ-ականներն էլ աւելի կը հաճոյանան վարչապետ կոչեցեալին»,- կարծում է նա։
Աւետիք Իշխանեանը յաւելեց՝ եթէ պարտութիւնից, Արցախն ուրանալուց, Արցախի ցեղասպանութիւնից յետոյ, այս ամէնը կարող է դրականօրէն ազդել հասարակութեան շրջանում ՔՊ-ի վարկանիշի վրայ, ապա ասելիք չունի։